Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանափոխությունից հետո անցել է մեկ տարի, սակայն մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները հայտնվում են աղքատության ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բավարար սնունդ, որակյալ կրթական և առողջապահական ծառայություններ, որի արդյունքում նրանք և նրանց ընտանիքները ապագայում ևս դատապարտված են աղքատության:
Ակնհայտ է նաև՝ առանց պետության ուղղակի մասնակցության և ակտիվ պետական աջակցության անհնար է լիարժեք գործադրել առկա այն ներուժը, որը կայուն զբաղվածության միջոցով ի զորու է կրճատել աղքատ ընտանիքների թիվը, հետևողականորեն նաև՝ բարելավել մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունը:
Հետևաբար, սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է կտրուկ անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության: Իրականում պետք է լիարժեք ապախթանվի ամեն գնով նպաստ ստանալու առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության:
Նախ ամփոփ անրադառնանք կառավարության 2018 թվականի ծրագրին և դրա փաստացի կատարողականին:
Ի՞նչ էր խոստացել կառավարությունը իր ծրագրի «Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն» բաժնում
Կառավարության համար գերակա պետք է լիներ բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։ Էականորեն պետք է վերանայվեին կենսաթոշակային համակարգի սկզբունքները, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։ Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար պետք է իրականացներ արագ և արդյունավետ միջոցառումներ:
Փաստացի ի՞նչ է արվել
Սոցիալական խորացող խնդիրները օրվա իշխանությունների հորդորներով ու բարի ցանկություններով չեն լուծվում:
Զբաղվածություն
Կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի զեկույցում զբաղվածության աջակցության պետական ծրագրերի ամփոփ արդյունքները սահուն կերպով անտեսված էին, քանի որ իրականում դրանք վերջին տարիների համեմատ որևէ կերպ չեն բարելավվել և հետևաբար՝ հուսադրող չեն: Նախորդ տարվա համեմատ՝ 2019 թվականի պետական բյուջեում զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցները մնացել են նույնը՝ ընդամենը 1,7 մլրդ դրամ: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցներն էլ կրճատվել են ավելի քան 2 անգամ, շահառուների թիվը՝ ավելի քան 4 անգամ: Պաշտոնական վիճակագրության համաձայն 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցված աշխատողների թվի աճը կազմել է շուրջ 50652: Գործող իշխանություններն էլ շտապեցին աճի այս ցուցանիշը նախ գնահատել՝ որպես աննախադեպ, հետո էլ՝ ամբողջությամբ վերագրեցին իրենց: Սակայն այս աճը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքի շուկայում ստվերի կրճատմամբ: Ոչ ֆորմալ զբաղվածության կրճատման այս գործընթացն իրականում չի ազդել գործազրկության և միջին աշխատավարձի ցուցանիշնների վրա: Գործազրկության մակարդակը 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին մնացել է գրեթե ամփոփոխ՝ 20,6 տոկոս, իսկ գործազուրկների թիվը նվազել է ընդամենը 4500-ով կամ շուրջ 2 տոկոսով: Դրականն այն է, որ օրինականացվում են աշխատանքային հարաբերությունները:
Այստեղ հատկանշական է նաև մեկ այլ փաստ, որը չի բարձրաձայնվում գործող իշխանությունների կողմից: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գրանցված աշխատողների թվի աճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նախորդ իշխանությունների օրոք՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին: 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թիվը 509934-ից հասել է 538317, այսինքն՝ աշխատողների թիվն աճել է 28383-ով, որը կազմել է 2018 թվականի ընթացքում արձանագրված ընդհանուր աճի 56 տոկոսը: Ընդ որում՝ աշխատողների թիվը 2019 թվականի հունվարին՝ նախորդ ամսվա համեմատ նվազել է 24766-ով կամ 4,2 տոկոսով:
Աշխատավարձ և եկամտային հարկ
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը շարունակում է շուրջ 10 տոկոսվ ցածր մնալ նույնիսկ 1 անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից: Ընդ որում՝ 2019 թվականին ևս նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Իսկ միջին աշխատավարձը նախորդ մեկ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունում ունեցել է աննշան աճ՝ շուրջ 2 տոկոս:
Պետական հատվածում աշխատողների աշխատավարձերը գրեթե նույն մակարդակի վրա են մնացել, չնայած, որ արդեն մեկնարկել է աշխատատեղերի կրճատումների գործընթացը: Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018 թվականի ընթացքում գնաճի տեմպը ավելի բարձր է եղել, քան պետական հատվածի աշխատողների միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը, այսինքն՝ պետական աշխատողների կենսամակարդակը նվազել է: 2019 թվականին ևս պետական հատվածի աշխատավարձերի համատարած բարձրացում նախատեսված չի: Ողջունելի է, որ կառավարությունը որոշեց միջինը 10 տոկոսով, այս տարվա կեսից բարձրացնել ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Միաժամանակ, մտահոգիչ և անընդունելի են ուսուցիչների թվի կտրուկ նվազեցման իշխող ուժի մոտեցումները:
Ի հակառակ օրվա իշխանությունների հաստատած ծրագրի և նախընտրական խոստումների (արժանապատիվ աշխատանքի խթանում և ցածր եկամուտների առաջանցիկ աճի ապահովում)՝ ՀՀ կառավարությունը նախատեսել է համահարթեցնել եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ: Համեմատաբար ցածր վարձատրությամբ (մինչև 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող) աշխատողների եկամտային հարկի բեռը մնալու է նույնը՝ 23 տոկոս: Այս աշխատողների թիվը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թվի (2019 թվականի փետրվարի դրությամբ՝ 569 հազար մարդ) շուրջ 65 տոկոսը (շուրջ 370 հազար մարդ): Փոխարենը՝ էապես նվազելու են բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս: Նախատեսված չէ նաև եկամուտի չհարկվող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով:
Եվ սա այն դեպքում, երբ ընդհանուր բնակչության 30 տոկոսն աղքատ է, աշխատողների շրջանում աղքատ է շուրջ 25 տոկոսը, իսկ աշխատողների 35 տոկոսը (շուրջ 200 հազար մարդ) շարունակում է ստանալ նվազագույն աշխատավարձ:
Այս փոփոխության հիմքում ընկած է բացառապես շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումը, որն էլ անխուսափելիորեն պետք է ապահովի իրական եկամուտների ձևավորումը «շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով: Սա բարեփոխում է միայն բարձր եկամուտ ունեցողների՝ հարուստների համար: Ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ նվազագույն աշխատավարձից 10 անգամ ավելի աշխատավարձ են ստանում շուրջ 40 հազար աշխատողներ, որոնք հիմնականում աշխատում են ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներում և հիմնականում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Հարկ է նկատել, որ համահարթեցման արդյունքում ՝ էապես նվազելու է հենց այս աշխատողների եկամտային հարկի բեռը:
Այնինչ, օբյեկտիվորեն ենթադրվում էր, որ արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու, աշխատանքը խթանելու և աղքատությունը նվազեցնելու կառավարության ծրագրային նպատակադրումների ներքո՝ հարկային, աշխատանքի և զբաղվածության ոլորտների օրենսդրական փոփոխությունները պետք է լինեին միաժամանակյա, փոխլրացնող և միտված՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:
Աշխատանքային օրենսդրություն
Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրներն ընդհանրապես դուրս են մղված գործող իշխանությունների օրակարգից: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն իրականացրել է այս ոլորտում շարունակվող բազմաթիվ խնդիրներին և դրանց հավաքական լուծումներին վերաբերող ուսումնասիրություն, որի ամփոփ արդյունքները հրապարակվել են 2019 թվականի մայիսի 1-ին (հղումը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2019/05/labor_rights-final-3.pdf):
Այնուհետև, անսալով նաև մեր բազմաթիվ հորդորներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների այն նույն նախագիծը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո անհասկանալիորեն հանվել էր շրջանառությունից: Թերևս, մեկ տարի ուշացումով աշխատանքի քաղաքականության պատասխանատուները հասկացան այդ փոփոխությունների առարկայական կարևորությունը: Առաջարկվող այս փոփոխությունները ներառում են մեր կողմից վեր հանված խնդիրների ընդամենը մի մասի լուծումները՝ «խտրականություն», «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» հասկացությունների սահմանումներ, աշխատատեղերի կրճատման դեպքում զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար որոշակի արտոնությունների նախատեսում, արձակուրդի իրավունքի իրացման պայմանների բարելավում և այլն:
Կենսաթոշակ
2018 թվականի ընթացքում այս իշխանությունների օրոք ամբողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: Միաժամանակ, իշխանությունները խոստացան 2 ամիս հետո սկսել հանրային և մասնագիտական քննարկումներ: Այս խոստումը ևս մոռացության մատնվեց և իշխանության կողմից կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչի արմատական փոփոխությունների գործընթաց չնախատեսվեց: Արդյունքում՝ հանրային վստահությունն ու վերահսկողությունը այս համակարգի նկատմամբ շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա:
Տեխնիկական խնդիրների պատճառով պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների 2018 թվականի հուլիս և օգոստոս ամիսների գումարները կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին փոխանցվեցին հոկտեմբերին: Վնաս կրեցին այս բաղադրիչի մասնակից շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացիներ՝ որպես չստացված օգուտ:
Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018 թվականին կառավարությունը 1 տարով հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Մինչդեռ, առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար կլինի վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որն, ի դեպ, շարունակվում է նաև այսօր: Ընդ որում, աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կենսաթոշակային ոլորտում կոռուպցիա ծնող այս արատավոր երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող կենսաթոշակի գումարները կարող էին ծառայել կենսաթոշակների գործող չափերի բարձրացմանը:
Կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի զեկույցում կարևորվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը: Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակցից պահվող պարտադիր սոցիալական վճարի դրույքաչափը 5 տոկոսից ժամանակավորապես նվազեցվել և սահմանվել է 2,5 տոկոս: Իբրև շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Իրականում ցածր եկամուտ (ասենք օրինակ՝ մինչև 150 հազար դրամ) ունեցողների համար այն նվազել է ոչ թե էապես, այլ ընդամենը 3 հազար դրամով: Առաջիկայում նախատեսվող հարկային փոփոխությունների փաթեթով էլ կառավարությունն առաջարկում է այդ 2,5 տոկոս դրույքաչափը նորից բարձրացնել և սահմանել 5 տոկոս: Այսինքն՝ նույնիսկ այդ աննշան դրական փոփոխությունն է վերացվելու:
Փոխարենը՝ նախատեսվող փոփոխություններով կենսաթոշակային համակարգում կուտակային բաղադրիչն առավել արմատավորվում է՝ շարունակաբար ավելացնելով այս ուղղությամբ պետության անարդյունավետ ծախսերը: Ընդ որում, 2019 թվականի պետական բյուջեով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման համար հատկացվելու է 56 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12 մլրդ դրամով: Սա էլ այն դեպքում, երբ այդ գումարը կարող էր ծառայել կենսաթոշակների գործող չափերի բարձրացմանը կամ պետական ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Ի դեպ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նախկինում դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը:
Կատարողականի զեկույցում նշված էր նաև, որ շուրջ 85 հազար անձանց համար տարբեր տեսակի կենսաթոշակների և նպաստների նվազագույն չափերը բարձրացվել և սահմանվել են 25500 դրամ: Իրականում այս չափը ևս շարունակում է էապես ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից՝ մեկ անձի հաշվով 60 հազար դրամ: Ավելին՝ այս չափից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի միայն 14 տոկոսը և նրանց զգալի մասն աղքատ չէ: Դրանից բարձր ստացողների մեջ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը չի բարձրացվել: Այս փոփոխությունը խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսանկյունից՝ կենսաթոշակի չափի վրա աշխատանքային ստաժի ազդեցության բաղադրիչն էապես նվազեցվում և վերացվում է:
Փաստորեն, կենսաթոշակային ոլորտում ներկա իշխանությունների կողմից խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգվում են՝ անընդունելի հիմնավորումներով: Փոխարենը՝ արմատավորվում է պարտադիր կուտակային բաղադրիչը՝ իր խնդրահարույց բոլոր կողմերով:
Սոցիալական այլ բնագավառներ
Կառավարությունն իր 2018 թվականի ծրագրի կատարողականով փաստում էր նաև, որ ծնելիության խրախուսման նպատակով եռապատկվել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից այն դարձել է 150 հազար դրամ: Այս փոփոխությունը դրված նպատակի իրացման տեսանկյունից առաջացնում է առարկայական մի շարք հարցեր, որոնք էդպես էլ պատասխանատուները թողեցին անպատասխան: Հարյուր հազար դրամ է՞ր պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները: Գնահատվա՞ծ է այս փոփոխության իրական ազդեցությունը ծնելիության ցուցանիշի ավելացման վրա, թե՞ սա կդառնա պետական բյուջեից կատարվող անարդյունավետ հերթական ծախսը:
Հատկանշական է նաև, որ ինչպես կառավարության ծրագրի կատարողականի զեկույցում, այնպես էլ 2019 թվականին հաստատված կառավարության հնգամյա նոր ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Սա, ի դեպ, ՀՀ Սահմանադրության պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Իսկ օրվա իշխանությունն իր նախընտրական ծրագրով խոստանում էր՝ 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչության թիվը:
Նախորդ տարի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո գործող իշխանությունները լայն թափով սկսեցին պայքարել փողոցային առևտրի դեմ՝ «կառքը ձիերից առաջ դնելու» որդեգրված մոտեցմամբ: Սակայն այստեղ ևս պետք է որոշիչը լիներ սոցիալական պետությանը հարիր հետևյալ մոտեցումը. անընդունելի է փողոցային առևտրով զբաղվող և սեփական քրտինքով գոյատևող որևէ անձի և նրա ընտանիքին զրկել այդ միակ կենսական հնարավորությունից՝ առանց յուրաքանչյուր դեպքում պետության կողմից իրական այլընտրանք առաջարկելու: Հետևաբար՝ փողոցային անօրինական առևտրի բարդ ու բազմաբնույթ խնդիրները հնարավոր է վերջնական և առանց սոցիալական մեծ ցնցումների հանգուցալուծել, եթե պետության կողմից ցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն փողոցային առևտրով զբաղվողներին՝ առնվազն համարժեք եկամտով այլընտրանքային գործունեությամբ զբաղվելու համար:
Ի՞նչ խոստումներ են ներառված կառավարության նոր ծրագրում
2018 թվականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագիրը, բնականաբար, սոցիալական ոլորտում ներառում է լայն հանրության համար խիստ սպասված ու ականջահաճո նպատակադրումներ՝ աղքատության կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, գործազրկության մակարդակի էական կրճատում, աշխատանքի խթանում և ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առաջանցիկ աճի ապահովում և այլն:
Սակայն որքան էլ զարմանալի թվա, այն չունի չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան գնահատել դրա ընթացքն ու վերջնարդյունքը: Հետևաբար, ձևական է դառնում ծրագրում հռչակված պետական քաղաքականության արդյունավետության գնահատման համընդհանուր շղթան՝ «բարեփոխում, պատասխանատու պետական մարմին, ժամկետներ, արդյունք, գնահատական»: Հնարավոր չի լինելու սոցիալական ոլորտում ստացվող արդյունքները լիարժեք համեմատել այդ ծրագրին՝ նվազագույն անհրաժեշտ, չափելի թիրախների բացակայությամբ պայմանավորված:
Ի՞նչ է արվում և փաստացի ի՞նչ արդյունքներ են արձանագրվում
Այս անորոշ մոտեցման ֆոնին հետաձգվում են սոցիալական ոլորտի իրական խնդիրների լուծումները՝ սոցիալական կոնկրետ ծրագրերն ու դրանց առարկայական արդյունքները: Իսկ ճառը շարունակվում է և «զանգ կախելու» ժամանակն՝ անցնում:
Փաստորեն, իշխող քաղաքական ուժն անխոցելի լինելու նպատակադրմամբ՝ ի սկզբանե բացառել է սոցիալական խնդիրների համար իր հասցեատեր լինելը: Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք միայն ցանկություններ հայտնողն են ու որոշողը: Մեկ էլ՝ չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:
Իսկ հանրային կյանքի մի շարք ոլորտներում խոսքի ու գործի խորացող խզումների համար օրվա իշխանությունը արմատավորում է իրենից դուրս մեղավորներ գտնելու անհեռատես գործելաոճը՝ պոպուլիստական լիակատար գործիքավորմամբ: Մեղավոր են մնում իշխանության այն թևերը, հասարակական ու քաղաքական ինստիտուտները, որոնք դեռևս լիարժեք չեն անցել իշխող քաղաքական ուժի ենթակայությանը:
Խորացող սոցիալական խնդիրների ֆոնին «մեղավորներին» մատնացույց անելու համար նաև հասարակությունն է քայլ առ քայլ պառակտվում և առաջանում են արհեստական նոր շերտեր՝ սևեր և սպիտակներ, իշխանության անվերապահ աջակիցներ ու որևէ քննադատական խոսք ասող քաղաքացիներ, «շարիկ գլորող, սուրճ խմող» ստորին ու միջին օղակներում պաշտոններ զբաղեցնող հին չինովնիկներ և օրվա իշխանությունների հետ եկած բարձրաստիճան նոր չինովնիկներ, ի վերջո՝ «աղքատությունը սեփական գլխից հանած» աշխատասերներ, որոնք մինչև իրենց վաստակած վերջին դրամը պատրաստ են հարկ վճարել և «աղքատությունը սեփական գլխում պահած» ծույլեր:
Ցավոք, այս դրսևորումներին և դրանց կոնկրետ դեպքերին ականատես ենք լինում պարբերաբար: Օրինակները շատ են: Դրանց մի մասը վերը ներկայացված են: Հատկանշական են նաև հանրային հնչեղություն ստացած այլ օրինակներ:
Շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների այս տարվա մարտին սոցիալական նպաստների վճարման ուշացման արդյունքում առաջ եկան սոցիալական կոնկրետ բացասական հետևանքներ:
Նորից՝ առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտելու, կառավարությունը որոշել էր 2019 թվականի սկզբից անցում կատարել պետական վճարումների ամբողջական էլեկտրոնային կառավարման: Արդյունքում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական-մասնավոր գործընկերությամբ, տարիներ շարունակ արդյունավետ գործող և սոցիալական էական ազդեցություն ունեցող մի շարք ծրագրեր կանգնեցին ֆինանսավորման ուշացման խնդրի առաջ: Խնդիրը լուծելու համար էլ վերադարձան նախկին կարգավորումներին՝ հետաձգելով իրենց նախատեսած համակարգային բարեփոխումները: Խոսքը վերաբերում է՝ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում գործող «Արմաթ» լաբորատորիաների, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում», «2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» ծրագրերին և այլն: Եվ սա այն դեպքում, երբ կառավարության ծրագրով կարևորվում է պետական-մասնավոր գործընկերությունը, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում է տնտեսության զարգացման և բարձր եկամուտներով նոր աշխատատեղերի ստեղծման հիմնական գերակայություն:
Կառավարության ղեկավարն այցելեց ավտոմեքենաների մաքսազերծման ծառայություն և արձանագրեց մեր երկրի պետական դրոշի ոչ պատշաճ պահպանմանը, տարածքի մաքրությանը վերաբերող խնդիրներ: Արդյունքում՝ առանց անհրաժեշտ ծառայողական քննության, անօրինական հիմքով աշխատանքից ազատվեց մաքսային շարքային ծառայող:
Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում պետք է էապես նվազեցվի հարկային բեռը և խթանվի աշխատանքը՝ հատկապես փոքր ձեռնարկատիրության զարգացման ճանապարհով: Ակնհայտ փաստ է, որ ՓՄՁ ոլորտն ունի սոցիալական ամենամեծ ազդեցությունը և այս ոլորտում հարկային բեռը շարունակում է էապես բարձր մնալ և անհամատեղելի է նվազագույն շահույթ ապահովող տնտեսվարման հետ: Սակայն կառավարությունը, առանց խթանիչ հարկային համակարգ ապահովելու, իրականում մեղադրում է փոքր ու միջին ձեռնարկատերերին ու ֆերմերներին, որոնք լավ չեն աշխատում, միջազգային շուկաներ դուրս չեն գալիս և չեն խոշորանում, հետևաբար՝ սնանկանում են և իրենք ու իրենց աշխատողները համալրում են աղքատների բանակը:
Բերված կոնկրետ օրինակներում առաջացած խնդիրների համար պետական բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել, ինչն օբյեկտիվորեն ենթադրվում էր, քանի որ նրանք նաև այս խնդիրները պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձեր ու պարգևատրումներ:
Իրականում ի՞նչ է ստացվում
Փաստորեն, գործող կառավարությունը և դրա մասը կազմող սոցիալական ոլորտի պատասխանատուները սոցիալական խորացող խնդիրների պատասխանատվությունից իրենց այլևս ապահովագրել են, իսկ դրանց համընդհանուր լուծումների համար հետևողականորեն սպասում են «հրաշքների», որոնք պիտի տեղի ունենան տնտեսական հեղափոխությունից հետո՝ այն ժամանակ, երբ ժողովուրդը դա կանի:
Սոցիալական պաշտպանության քաղաքականությանը և իրավիճակին վերաբերող մեր ուսումնասիրություններն ու առարկայական գնահատումները լինելու են պարբերական՝ ընդհանուր ոլորտային և ըստ առանձին բնագավառների: Դրանք միտված կլինեն առկա կոնկրետ խնդիրների ու դրանց պատճառների համակողմանի հատկորոշմանը, հնարավոր այլընտրանքային լուծումների ներկայացմանը:
Հ. Յ. Դաշնակցության ՄՈՀ