Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը խստորեն դատապարտում է ս.թ. մայիսի 11-ն ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացման իրողությունը:
«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու, մինչդեռ այն անմիջականորեն վերաբերում է հանրային բացառիկ շահերի, առնչվում ազգային արժեքների հետ:
Վտանգավոր և խիստ վիճահարույց ենթատեքստ պարունակող այս կոնվենցիան առանձնապես ուղղված է մեր հասարակության ապագային՝ երեխաներին:
Կոնվենցիան ինքնին իրավական փաստաթուղթ է՝ հանձնառությունների և պարտավորությունների ստանձնմամբ, որին հաջորդելու են համապատասխան գործողություններ և միջոցառումներ: Չի բացառվում, որ Կրթական և Կանխարգելիչ Միջամտության ծրագրերի քողի ներքո ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստացող մեր երեխաները՝ սկսած վեց տարեկանից, սեռական «կրթություն» ստանան, ներառվեն իրազեկման և լուսաբանման ծրագրերում, որոնք տարիքային այդ խմբի երեխաների համար կարող են ծանր բարոյահոգեբանական և արժեհամակարգային կորստաբեր հետևանքներ ունենալ:
Մի շարք երկրներում այս Կոնվեցիայի կիրառումը (Ֆինլանդիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Շվեդիա, Նորվեգիա) ոչ միայն չի մեղմել երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, այլև իրավիճակի վատթարացման արդյունքներ են արձանագրվել:
Նկատի առնելով այն բոլոր բացահայտ և թաքնված ռիսկերը, հնարավոր հետևանքները, որ պարունակում է Կոնվենցիայի գործադրումը, այն գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ազգային արժեհամակարգին, ընտանեկան ավանդույթներին, մեր ժողովրդի հոգեբարոյական նկարագրին:
Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկվող գործողություններին:
Երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և նրանց հնարավոր բոլոր տեսակի բռնություններից զերծ պահելու համար՝ պահանջում ենք պատկան մարմիններից ու անձանցից կատարելագործել Հայաստանի օրենսդրությունն ու մաքրել երկրի բարոյահոգեբանական և արժեքային դաշտը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակ
13.05. 2020թ.