կարևոր
385 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-18 09:58
Քաղաքական

Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով․ «Ժողովուրդ»

Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ Ազգային ժողովի մուտքի մոտ ուշագրավ իրավիճակի է ականատես եղել։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հսկողության տակ գտնվող անցակետի մոտ 26-ամյա մի երիտասարդ երկար ժամանակ պահանջել է իրեն թույլ տալ մուտք գործել խորհրդարան՝ պատգամավորների հետ հանդիպելու նպատակով։

Մեր լրագրողի տեղեկություններով՝ երիտասարդը պնդել է, որ նամակներ է գրել պատգամավորներին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, ուստի ցանկանում է անձամբ հանդիպել նրանց։ ՊՊԾ աշխատակիցներն ու տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները փորձել են նրան բացատրել, որ նամակներն արդեն հանձնված են, և անհրաժեշտ է սպասել պատասխանին, սակայն երիտասարդը հրաժարվել է հեռանալ տարածքից։

Իրավիճակին միջամտել է նաև երիտասարդի եղբայրը, որը ոստիկաններին հայտնել է, որ վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վտանգավոր չէ, և խնդրել է թույլ տալ նրան որոշ ժամանակ խոսել։ Չնայած ոստիկանների հորդորներին՝ երիտասարդը երկար ժամանակ տեղից չի շարժվել։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ևս փորձել է զրուցել նրա հետ։ Երիտասարդը կրկին պնդել է, որ ցանկանում է հանդիպել պատգամավորներին։ Հաշվի առնելով իրավիճակը՝ մեր լրագրողը խոստացել է զբաղվել նրա բարձրացրած հարցով և տրամադրել իր հեռախոսահամարը։ Միայն դրանից հետո երիտասարդը հանդարտվել է և հեռացել տարածքից։

Մենք չենք հրապարակում երիտասարդի նամակների բովանդակությունը, քանի որ դրանք հրապարակման ենթակա տեղեկություններ չեն (առնվազն անբացատրելի)։

Սակայն այս միջադեպը ևս մեկ անգամ բարձրաձայնում է մի խնդրի մասին, որի նկատմամբ պետական կառույցները, կարծես թե, շարունակում են աչք փակել։

Վերջին շրջանում հանրային վայրերում, այդ թվում՝ պետական նշանակության կառույցների հարակից տարածքներում, արձանագրվող նմանատիպ դեպքերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Խնդիրն այն չէ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ աջակցության, բուժման և շարունակական վերահսկողության բացակայության պայմաններում որոշ իրավիճակներ կարող են վերածվել անկանխատեսելի և վտանգավոր միջադեպերի։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում ևս անդրադարձել է այս խնդրին։ Սակայն պատկան մարմիններից ստացվող պատասխանները գրեթե նույնն են՝ հոգեբուժական հաստատություններում ազատ տեղեր չկան, հաշվառված անձինք պետք է ինքնուրույն ներկայանան բուժման, ընտանիքները պետք է վերահսկեն նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է հետևեն բուժման նշանակված ընթացքին։

Բայց ո՞վ է վերահսկում այն իրավիճակները, երբ ընտանիքն այլևս ի վիճակի չէ միայնակ լուծել խնդիրը, երբ անձը հրաժարվում է բուժումից, իսկ համապատասխան կառույցները փաստացի չեն կարողանում ապահովել անհրաժեշտ միջամտությունը։

Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության հարցը հատկապես զգայուն է դարձել նաև վերջերս արձանագրված ողբերգական դեպքից հետո, երբ 29-ամյա երիտասարդի սպանությունը՝ կոկորդը կտրելու միջոցով, կրկին ուշադրություն հրավիրեց հանրային անվտանգության և հնարավոր ռիսկերի կանխարգելման խնդրի վրա։ Սակայն նման դեպքերը չպետք է դառնան պետական մարմինների ակտիվացման միակ առիթը։

Հարգելի՛ ՀՀ կառավարություն, Առողջապահության նախարարություն, ՆԳՆ և մյուս պատասխանատու կառույցներ, մինչև ե՞րբ պետք է սպասենք հերթական ողբերգությանը, որպեսզի այս խնդիրը դառնա պետական օրակարգի առաջնահերթություն։

Անհրաժեշտ է ոչ թե հերթական անգամ հայտարարել, որ հոգեբուժարաններում տեղ չկա կամ ընտանիքները պետք է ինքնուրույն զբաղվեն իրենց հարազատներով, այլ մշակել գործուն մեխանիզմներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին հայտնաբերելու, անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու, նրանց իրավունքները պաշտպանելու և հանրային անվտանգությունն ապահովելու համար։

Պետք է ավելացնել համապատասխան ծառայությունների հասանելիությունը, ստեղծել ճգնաժամային արձագանքման արդյունավետ համակարգ և ապահովել, որ նման իրավիճակներում ընտանիքները մենակ չմնան։

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ևս մեր հասարակության լիարժեք անդամներն են և ունեն աջակցության ու արժանապատիվ բուժօգնության իրավունք։ Նրանց անտեսելը ոչ միայն սոցիալական, այլև պետական լուրջ բացթողում է։

Հարցը պարզ է՝ պետությունը ե՞րբ է վերջապես զբաղվելու այս խնդրով, ոչ թե հերթական ողբերգությունից հետո, այլ մինչև այն տեղի կունենա»։