կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 19:00
Մշակույթ

Անկախության իղձն ի կատար

Անկախության իղձն ի կատար

Սարդարապատի հերոսամարտից ավելի քան հարյուր տարի անց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթն իր մայիսվերջյան համերգը ձոնեց Հայոց ինքնության պահպանմանն ու պետականության վերականգմանը միտված հերոսականությանն ու հանուն հայրենիի անձնուրացությանը, որ վաղեմության ժամկետ չունեն, որ չեն մարում, որ կրողներ ունեն այսօր՝ հանձինս սահմանը պահող հայորդու, սահմանապահ գյուղի, արարող հայ մարդու...  Արարման ու հաղթության, սիրո և աշխատանքի երգեր հնչեցին այս համերգին, մի մասը՝ առաջին անգամ: Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանի որոշու՛մն էր դրանցից մեկի՝ «Հույս Հայաստանի» ստեղծագործության խոսուն անվամբ  խորագրել էր ողջ համերգը: Գործի հեղինակն է Երկանյան անվանի գերդաստանի մեկ այլ շառավիղը՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: Երաժշտական այս փոքրածավալ կտավն ունի իր պատմությունը, և այն բացահայտելու համար դիմեցինք Մաեստրո Երվանդ Երկանյանին:

«Հույս Հայաստանի»-ն գրվել է 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակման առթիվ,- պատմեց նա.- խոսքերի հեղինակը դարձյալ ես եմ: Գրված է՝ ո՛չ որպես քայլերգ, քանի որ նպատակս այդ չէր, այլ՝ Մաղթերգ, իբրև հոգևոր երգ-խոնարհում, իբրև օրհներգ: Գաղափարն Ազատ-Անկախ-Միացյալ Հայաստան ունենալու բաղձանք-առանցքի շուրջ Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի կենսականության առեղծվածը վեր հանելն է, ապրելու և արարելու անօտարելի տենչը, անսակարկ փափագը: Շարունակ դեպի վեր, դեպի նոր բարձունքներ հասնելու իղձը՝ արտահայտված իրարհաջորդ երեք երաժշտական նախադասությունների մեջ, հենց դա է վկայում: Իսկ երաժշտական լեզվի հնարավորինս երգեցիկ, պարզ, անպաճույճ, դյուրըմբռնելի և հիշվող լինելը հասարակական լայն լսարանին ուղղված լինելու հանգամանքով է պայմանավորված»:

Երվանդ Երկանյանի, ոնց ինքն է բնորոշում, Մաղթերգը հնչեց «Տաղարանի» համերգին մասնակից ողջ երգչական կազմի կողմից (Լուսինե Մարկոսյան, Գալինա Ցոլակյան, Միքայել Գրիգորյան, Հովսեփ Նշանյան, Գայանե Ղամբարյան, Աննա Փոստոյան)՝ որպես համերգի եզրափակում.

«Թող օրհնյալ լինի ժամն այս սրբազան,

Եվ Աստված պահի, պահպանի թող նրան,

Ցնծացե՛ք, զանգեր դուք, ի լուր աշխարհի,

Ծնվեց նոր, մի ազատ Հայաստան...

Դարերի համար է քո ընտրած ճամփան,

Եռագույն արևդ է շողում վրան,

Որդիներդ հեռվից պիտի ետ գան տուն,

Դու դարձած Միացյալ Հայաստան»:

Անցյալի համահավաք գնահատական, ներկային լավատես հայացք, ապագայի հանդեպ հուսացող և վճռական կեցվածք՝ ողջը հարմոնիկ, վեհ հնչողությամբ, բայց ո՛չ բարձրագոչ, հուսո ճառագում, սուրբ պատարագում Հայրենի հողերի վրա և պատգամ՝ որդոց ու սերունդներին.- ահա թե ինչպես ընկալվեց Երվանդ Երկանյանի «Հույս Հայաստանի»-ն:

Իսկ մինչ այդ համերգին հնչել էին երգեր ու նվագներ՝ Հանուն հայրենիի պաշտպանության  զինվորագրման («Ձայն մը հնչեց», «Իմ հայրենիք զիս կ’կանչէ», «Ազատության մարտիկներին»), սիրո, կարոտի («Ծովուն խավք՚ մ կեր», «Նուբար., Նուբար»), հովվերգական («Արխարներին արածացնելու կանչ»), մերթ առնական, մերթ քնարական ընթացքով պարեղանակ («Տրապիզոնցիների պարը») և ժողովրդական երաժշտարվեստի աղբյուրներից առնված ստեղծագործությունների մի շարք բարձրարվեստ մշակումներ, հայոց ուղին շարունակելու և հայ ապրելու հորդոր-կանչեր («Հայ ապրինք»): Ինչ էլ կատարվեց՝ հովվերգություն թե հերոսականչ, սիրերգ թե օրհնաբանություն,- բոլորն էլ օրվա խորհուրդն էին կրում՝ ազգային ինքնության պահպանման և այդ գիտակցությունը սերունդներին հաղորդելու, պատմական անցյալն արժևորելու, մշակութային գանձերը պահպանելու պատգամներով:

Մի՞թե երաժշտականորեն գեղագրված պատգամ չէ Մաեստրո Սեդրակ Երկանյանի նոր ստեղծագործությունը՝  «Արխարներին արածացնելու կանչ» հովվերգությունը, որն առաջին անգամ հնչեց հենց այս համերգին:

Հասմիկ Հարությունյանի շնչով բլուլի նվագն ունկնդրին տեղափոխեց դեպի զմրուխտապատ բարձրադիր հովիտներ՝ հազվագյուտ ծաղկանց բույրերով զեղուն, զուլալ աղբյուրների ակունքներ ու բյուրակն լեռնային լճերի քով տարածված արոտավայրեր, ուր հովվերգական նվագները քնարերգություն են, հովվականչերը՝  սրտահույզ, երկնքի ու հողի միջև խաղաղորեն կանգնած մարդը՝ մաքրամիտ ու Աստծուն մերձ: Բլուլահարուհու նվագին միացան Լուսինե Դավոյանի ուդի ու Քրիստինե Մնացականյանի սանթուրի հունչերը, որ ավելի գունագեղ, ընդգծուն դարձրին հովվերգական համայնապատկերը:

Գործն ինքը, թեև կատարման համար բարդությանը, Հասմիկը հնչեցրեց թեթև ու սահուն, զեփյուռախաղի մեղմ ընթացք ասես լիներ: Իրոք, սրնգի կատարողական պատմության մեջ քիչ հանդիպող բարձր նոտաների առատ գործածությամբ, այն հազվագյուտ գործ է, և այն դյուրինության զգացումը, որին հաղորդակցվեց ունկնդիրը, խոսում է թե՛ հեղինակի՝ բնության և մարդու ներդաշն կեցության տեսլականը հաղորդելու վարպետության մասին և թե՛ բլուլահար-կատարողի՝ այն վերարտադրելու հազվագյուտ ունակության մասին:

Սա համերգին հնչած միակ պրեմիերան չէր: «Աղջիկ» ժողովրդական երգը՝ Ս. Երկանյանի գործիքավորմամբ, կատարվեց առաջին անգամ, և այն երգեց համույթի մեներգչուհի Լուսինե Մարկոսյանը: Դա հայտնի երգի մի նոր մեկնություն էր՝ շնորհիվ գործիքավորման թարմ ու հայեցի «գուներանգների»:  

Վանի շրջանի «Ծովուն խավք՚մ կեր» երգը, որ կատարեց Գայանե Ղամբարյանը, սիրո և կարոտի մասին է: Վանա երգը շատ հետաքրքիր զարգացում ունի և սիրուն, բանաստեղծական մտածողությամբ է  կառուցված: Միհրան Թումաճյանի «Երգ ու բան» աշխատությունում տեղ գտած՝ Վանի շրջանի մի գրառումն է նյութ ծառայել երգի համար: Պանդխտության թեման է զարգանում սիրուն պատկերներով՝ ծովակ, ծովի թռչուն, որ հիշեցնում է իր հեռավոր սիրեցյալին...Սեդրակ Երկանյանի մշակման շնորհիվ բուն ժողովրդական այս ստեղծագործությունը, իր կերպարային-գաղափարական բովանդակությամբ  չփոփոխվելով հանդերձ, երաժշտական նոր երանգներով է  ներկայանում: «Մենք ունենք շատ հայտնի երգ «Կռունկ» վերնագրով,- մեկնաբանում է Ս. Երկանյանը,- երբ պանդուխտը կռունկից է ուզում իմանալ հայրենիքից լուրեր: Այս երգում էլ ասվում է, թե՝ ելնեմ, նավս կապեմ, հավքի հետ գնամ, որովհետև ինքը հավքին է հասկանում, հավքն էլ՝ իրեն: Բանաստեղծական պատկեր է: Շատ խորը բան կա մեջը: Շատ մեծ է ապրումը, ցավը...»:  

Լուսինե Մարկոսյանի և Մարիամ Աղաջանյանիի  զուգերգով հնչեց «Ինջինար յար ջան» անկեղծ ու պարզ գեղջկական տաղը: Մարիամ Աղաջանյանը, որ ապրել և ուսում է ստացել Երևանում, ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Սակայն Հայաստան այցը լավագույն առիթն է հանդես գալու, թեկուզ մեկ-երկու կատարմամբ, երևանյան հանդիսականի առջև: Նրա կատարմամբ «Նուբար, Նուբար»-ը հնչեց անկեղծ, անմիջական, սրտալի:

«Իմ հայրենիք զիս կ’կանչէ» կոչը՝ Միքայել Գրիգորյանի տենորով, հայրենականչ էր, հայի զորեղության վկայությունը,  իսկ «Ձայն մը հնչեց»-ը՝ ազգի հաղթական ոգու յուրահատուկ հիմներգներից է, որ Հովսեփ Նշանյանի ձայնով թնդաց իբրև ռազմերգ, թե ինչպես հասարակ շինականը զենք է վերցում հանուն հայրենիի ու հաղթություն տանում: «Ազատության մարտիկներին» և «Հայ ապրինք» խրոխտ երգերը ևս այս երեկո հնչեցին՝ ի նշանավորումն Հայաստանի առաջին Հանրապետության հիմնման հարյուր մեկերորդ տարեդարձի:

Սեդրակ Երկանյանի հորդորով էր, որ կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը ձեռնամուխ եղավ Կարնո երգերից մի քանի մշակմանը: Կոմպոզիտորը հավատացած է, որ մեզ հասած նոտագրումները Կոմիտասին են պատկանում, որ հենց Կոմիտասն է կորստից փրկել նաև Կարնո երաժշտական մշակույթի գանձերի մի մասը: Ահա այդ երաժշտական-բանահավաքչական ատաղձից է Ս. Երկանյանը նյութեր տրամադրել իր վաղեմի բարեկամին, որ մշակման, գործիքավորման, հարմոնիզացիայի՝ զուտ իրեն հատուկ ոճն ու ձեռագիրն ունի: Սակայն այս դեպքում, ոնց ինքն է նշում, պահպանել է ժողովրդական միաձայն երգի խորքից բազմաձայնություն ստեղծելու կոմիտասյան սկզբունքը, մի բան, որ մինչ օրս զարմացնում և հիացնում է երաժշտությանը սերտորեն առնչվող անհատներին՝ կոմպոզիտորներին, երաժշտագետներին, կատարողներին:

Թղթի մի քանի պատառի վրա նոտաները հիմք դարձան հինգ երգի, որ կրում են Դավիթ Սաքոյանի հեղինակային ձեռագիրը: «Արաքսն անցան», «Ղարսա ջուրը», «Վարդ կոշիկս», «Ամպել ա» և «Ջուխտ շերիտս» երգերը մի-մի պատմություն են՝ գեղջկական իդիլլիայից, որ արդի կոմպոզիտորական մեկնությամբ միասին առաջին անգամ ներկայացվեցին «Տաղարանի»՝ մայիսի 29-ի համերգին: Դրանք կատարեցին համապատասխանաբար Աննա Փոստոյանը, Գայանե Ղամբարյանը և Գալինա Ցոլակյանը: Ո՞րն է այս երգերի մատուցման յուրահատկությունը, մշակման կերպը՝ ուզում եմ հասկանալ՝ հարցս ուղղելով Դավիթ Սաքոյանին: «Ժողովրդական երգերը մշակելիս՝ Ս. Երկանյանն ընտրում է (գուցե թե ինքնաբերաբար) կոմիտասյան գիծը, և դա իր մոտ շատ լավ է ստացվում, մեկնաբանում է Դ. Սաքոյանը:- Ես էլ այս Կարնո երգերը մշակելիս՝ որոշեցի դիմել Կոմիտասին: Թեև Կոմիտասը ոչ մի գործիքի համար չի գրել, բայց իր մտածելակերպով այնպիսի նյութ է տալիս, որ անգամ սիմֆոնիկ նվագախմբի համար էլ գրվող ստեղծագործություններում կարելի է կոմիտասյան գիծը շարունակել: Կոմիտասն այնքան հսկայական նյութ է տվել բոլորիս, այդ թվում՝ կոմպոզիտորներին, որ զարմանում ես՝ որտեղի՞ց է ստացել ու ո՛նց է անսպառ բաժանել, ձրի՛ է բաշխել: Նա շատ էր ուզում ժողովրդական նվագարանների տարբերակներ ստեղծել, ստանալ երաժշտական գործիքների նոր հնչողություն: Չհասցրեց...»:

Չնայած «Տաղարանի» համերգին ներկայացված Կարնո երգերի հնգյակի մշակման գործում՝ Դավիթ Սաքոյանի «կոմիտասյան գծի» ընտրությանը, հեղինակն ունի հարմոնիզացիայի, գործիքավորման բացարձակ սեփական ձեռագիրը: «Մեր ժոովրդական վոկալ երաժշտությունը միաձայն է,- մանրամասնում է Դ. Սաքոյանը:- Բայց Կոմիտասը կարողացել է միայն իրեն հայտնի զգայարաններով մայր մեղեդուց հանել մնացած ձայները, բազմաձայնել է՝ մի մեղեդուց ելնելով: Ոչ թե հարմոնիայի իր գիտելիքներն է դրել (ինչը ստացել էր Եվրոպայում), այլ, չգիտեմ՝ ո՛ր ականջով հանել էր հարմոնիայի, պոլիֆոնիայի տարրերը: Եվ մեր գործը հեշտանում է, երբ ունենք, որպես հենարան, Կոմիտասին և իր աշխատանքները: Եթե անգամ վերցնենք այլ ժողովուրդների մեղեդիներ, մշակումներ կատարելիս՝ հենց կոմիտասյան սկզբունքով կարելի է մոտենալ: Եթե լավ իմանաս Կոմիտասի աշխատանքի ձևը, կարող ես գործածել»: Ահա հենց այս մոտեցումն է ընկած Դ. Սաքոյանի Կարնո երգերի հիմքում, ինչը ժողովրդական երգերին տալիս է մեկնության նոր ելակետ:

Բազմաձայնելու կոմիտասյան «գաղտնագիրը» հասու է քչերին, և այդ գաղտնագրումների բացահայտումներն է հաճախ ներկայացնում Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Սեդրակ Երկանյանի, այս համերգային երեկո՝ նաև Դավիթ Սաքոյանի ստեղծագործություններով և մշակումներով:

Հասմիկ Սարգսյան