կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-15 17:30
Քաղաքական

«Կատար Էյրվեյս» ավիաընկերությունը տեսնում է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ներուժ

«Կատար Էյրվեյս» ավիաընկերությունը տեսնում է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ներուժ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ:

Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ: 

Նախագահի համոզմամբ, տարեցտարի Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացման գործում վճռորոշ դեր ունի ուղիղ ավիաչվերթերի առկայության հանգամանքը:

Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:

«Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Նորին Վսեմություն Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: