կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 17:45
Արցախ

Հատվածականությունը մեր արտաքին թշնամուց ավելի զորեղ է. Դավիթ Իշխանյան

Հատվածականությունը մեր արտաքին թշնամուց ավելի զորեղ է. Դավիթ Իշխանյան

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի պատգամավորական հայտարարությունը մայիսի 30-ին կայացած` ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստում:

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում հանրության մոտ առկա մտահոգությունների շարքը «համալրվեց» մեր միասնականության նկատմամբ աստիճանաբար խորացող անվստահության բաղադրիչներով: 

Միասնականություն, որ եղել է, կա ու կմնա որպես մեր հաջողությունների ու հաղթանակների հիմնական գրավականը, մեր պետական համակարգի ամրության հիմքը, համազգային համերաշխության ու ազգային-ազատագրական պայքարի փիլիսոփայությունը, հայության բոլոր հատվածների ամուր շաղախը: Միասնություն, որով պայմանավորված է ոչ միայն այսօրը, ներկան, այլև ապագան:

Անցած տասնամյակներում մենք ականատեսն էինք մեր համազգային միասնության դեմ ուղղորդված և խաթարող տարբեր գործընթացների: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել, մեր զգոնությունն ի ցույց դրել բոլոր այն ուժերին ու կենտրոններին, որոնց քայլերը կանխատեսելի ու մոտ էին հաջողությունների:

Տարբեր դրսևորումներ ունեցող քայլերը համեմված են հասարակությանն ապակողմնորոշող և նրա զգոնությունը թուլացնող յուրօրինակ բացատրություններով ու մեկնաբանություններով:

ՀՅ Դաշնակցության գործունեությունը միշտ էլ խոչընդոտ է եղել այդ «սև գործը» կատարող քաղաքական կենտրոնների և ուժերի համար:

Վերջին շրջանում ի հայտ է եկել հատուկ մարտավարության՝ առանձին քաղաքական ու պետական գործիչների թիրախավորման և արժեզրկման քաղաքականություն, արհեստական օրակարգերի ձևակերպումներով: Դրա ականատեսն ենք լինում թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախի Հանրապետությունում:

Պատմությունը լուրջ և ծանրակշիռ դասեր է տվել մեզ: Պատմությունը կրկնվելու օրինաչափություն ունի: Զգոնության և գիտակցականության համադրումը առավել խիստ անհրաժեշտություն է այս օրերին: Ազգային դիմադրողականության թուլացումը լուրջ վտանգ է արտաքին մարտահրավերները հաղթահարելու մեր ունակությանը: Հատվածականությունը մեր արտաքին թշնամուց ավելի զորեղ է:

Այս հայտարարությունը հնչեցնում ենք հենց այս օրերին, երբ ողջ հայությունը անցած ամսվա ընթացքում տոնում էր միասնական ջանքերով ու զոհողություններով ձեռք բերված մայիսյան հաղթանակները՝ Սարդարապատից ու Բաշ-Ապարանից մինչև Արցախ, Շուշի:

Հանուն մեր նոր հաղթանակների ու պետականության հարատևության՝ կոչ ենք անում բոլորին ցուցաբերել միմյանց նկատմամբ հանդուրժողականություն ու գիտակցված քաղաքական գործունեություն:

Այսօր մեծ գոհունակությամբ պետք է նկատենք, որ մեր հանրությունը, ժողովրդի տարբեր շերտերը իրենց զուսպ կեցվածքով և ողջամտությամբ քաղաքական ուժերին ու գործիչներին դրդում են վեր կանգնել անձնական ու կուսակցական շահախնդիր մոտեցումներից և համատեղ ուժերով կերտել Միացյալ, Ազատ ու Անկախ Հայաստանի ապագան»: