կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 15:19
Քաղաքական

Ակցիան քաղաքական բնույթի էր ու ոտնահարում էր Սահմանադրության նորմերը. սահմանադրագետ

Ակցիան քաղաքական բնույթի էր ու ոտնահարում էր Սահմանադրության նորմերը. սահմանադրագետ

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների աշխատանքներին խոչընդոտած քաղաքացիների իրականացրած ակցիային, ասաց, որ նման վերաբերմունքը դատարանի նկատմամբ անթույլատրելի է: Շեշտեց, որ դատարանները պետք է ապաքաղաքական մարմին լինեն, նաև` որ Քրեական օրենսգիրքն է սահմանում` արդարադատության իրացմանը ու դատարանի բնականոն աշխատանքներին խոչընդոտելն անթույլատրելի է:

«Այդ ակցիան քաղաքական բնույթի էր ու ոտնահարում էր Սահմանադրության նորմերը: Կարծում եմ` ինչպես ցանկացած քաղաքացու, այնպես էլ լրագրողներին պետք է հուզի խնդիրը` ինչպես դուրս գալ իրավիճակից, ինչ անել, որ հետագայում  նման խնդիր չունենանք: Խորհրդարանական կառավարման մոդելը նմանատիպ երևույթներից զերծ պահելու համար ամրագրում է նախագահի ինստիտուտը: Եթե իշխանության թևերն այնքան էլ ճիշտ չեն պատկերացնում իրենց դիրքն ու տեղը, նախագահը դրա համար է, որ տարանջատման սկզբունքները կիրառի»,- բացատրեց բանախոսը` մանրամասնելով, որ նախագահին պետք է հորդորել, որ նմանատիպ խնդիրների դեպքում խորը ներգրավվածություն ունենա:

Դառնալով վարչապետ Փաշինյանի` դատարանների աշխատանքին խոչընդոտելու հայտարարությանն ու դրան հաջորդած` նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը` Այվազյանն ընդգծեց`ամորֆ հայտարարություն էր: «Նման իրավիճակում նախագահը պետք է ակտիվ ներգրավում ունենա: Հանրապետության նախագահը պետք է կարողանա կոնսոլիդացնել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերին ու նրանց միասին բերել կլոր սեղանի շուրջը: Ժողովրդի լայն զանգվածներին, որքան էլ հաճելի լինեն նմանատիպ ակցիաները, այնուամենայնիվ, պետականությունը տրամաբանական գործողություններով առաջնորդվելն է: Իսկ դրանց համար անհրաժեշտ է կոնցեպտ մշակել, որը միտված կլինի օրենսդրական փոփոխություններ սահմանելուն և այդ փոփոխությունների հիման վրա դատական համակարգի լեգիտիմությունն ապահովելուն: Իսկ եթե օրենքները չենք փոխում, ապա նմանատիպ ցանկացած գործողություն օրենքի շրջանակներից դուրս կլինի: Դատարանի ելքերը փակելով` խնդիրներին չենք կարող լուծում տալ: Նման իրավիճակից դուրս գալու ուղին ոչ թե փոխադարձ անհանդուրժողականությունն է, այլ կարող ուժերին կոնսոլիդացնելը»,- ավելացրեց Վարդան Այվազյանը: