Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել. հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
«Անհրաժեշտ է գույքագրում կատարել` հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները: Այս կերպ հնարավոր կլինի արդյունավետ կառավարել այս դաշտը: Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ և հստակ: Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երևանի ու երևանցիների համար անհարմարություններ չստեղծեն»,- շեշտել է քաղաքապետը:
Շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցում պահանջը հստակ է նաև սպասարկման օբյեկտների և ստորգետնյա անցումներում առևտրային գործունեություն իրականացնողների համար: Տնտեսվարողները պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների հարակից հատվածները:
«Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում և ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մայրաքաղաքի սանմաքրման արդյունավետ կազմակերպման առումով հանձնարարվել է իրատեսական վերլուծություն ներկայացնել գանձվող վարձավճարների պատկերը հստակեցնելու համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հավաքագրման և գումարների ճիշտ տեղաբաշխման արդյունքում էականորեն կարելի է փոխել աղբահանության կազմակերպման վիճակը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: