կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-18 23:15
Քաղաքական

Իրավիճակի նման զարգացումները կարող են տանել քաղաքացիական բախումների և ունենալ կործանիչ հետևանքներ. ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմին

Իրավիճակի նման զարգացումները կարող են տանել քաղաքացիական բախումների և ունենալ կործանիչ հետևանքներ. ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմին

Հայ Յեղափոխական Դաշնակցության Ռուսաստանի կառույցը խստորեն դատապարտում է այսօր Ազատության հրապարակում ցույցի մասնակցող մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանությունն ու ավազակաբարո վերաբերմունքը հայոց պետականաշինության մեջ անուրանալի ավանդ ունեցող, ազգային պետական գործիչ Հրանտ Մարգարյանի և նրա ուղեկիցների հանդեպ: Մանկահասակ թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանը հարձակման է ենթարկվել ատելությունից իր դեմքը կորցրած և հրոսակախմբի վերածված ամբոխի կողմից, որի համար խորթ և ատելի են ազգային արժեքներն ու բարոյականությունը:

Պահանջում ենք օրվա իշխանություններից սանձել բռնության և ատելության ցանկացած դրսևորում, տեղի ունեցած իրադարձություններին տալ իրավական գնահատական և խստագույնս պատժել ոչ միայն հրոսակախմբի անդամներին, այլև կազմակերպիչներին և սադրիչներին:

Պահանջում ենք նաև բացահայտել և վերացնել ներազգային թշնամանք և անհանդուրժողություն քարոզող և տարածող բոլոր օջախները՝ քանի դեռ ժողովուրդը ինքը չի ձեռնարկել այդ գործընթացը:

Բոլոր պատասխանատուները պետք է գիտակցեն՝ որ իրավիճակի նման զարգացումները կարող են տանել քաղաքացիական բախումների և ունենալ կործանիչ հետևանքներ: Եթե պատասխանատուները չպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, ապա հետագա սրացումների ողջ պատասխանատվությունը կընկնի գործող իշխանության և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Կոչ ենք անում ժողովրդին չտրվել սադրանքների, համախմբվել <<մեկ ազգ, մեկ հայրենիք>> գաղափարի շուրջ, մերժել ներազգային պառակտման տանող ցանկացած քայլ, սանձել Արցախի և Հայաստանի միջև թշնամության սերմանման ցանկացած փորձ:

Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը կդրսևորի անհրաժեշտ խոհեմություն և կմերժի ցանկացած ապազգային դրսևորում՝ ինչ դիմակի տակ էլ այն ներկայացվի:


ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին