Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով` Մաքսային միությանը միանալու գործընթացը չպետք է դիտարկվի լոկ որպես տնտեսական գործընթաց, որովհետեւ այն փոխկապակցված է քաղաքական շարժառիթների հետ:
«Հիմա դժվար է ասել, թե տնտեսական առումով ինչ կտա այն ԼՂՀ-ին, դժվար է մեկնաբանել կամ գնահատական տալ: Վերջին տարիներին ընդհանուր քննարկումները, հրապարակումները, վերլուծությունները դեռեւս ամբողջական պատկերացում չեն կարողացել ստեղծել ոչ միայն հանրության, այլեւ քաղաքական շրջանակների համար. դժվար թե հիմա հնարավոր լինի այդ ամենը մեկնաբանել»,- aparaj.am-ին Հայաստանի` Մաքսային միության անդամակցության վերաբերյալ տեսակետ է հայտնել Դավիթ Իշխանյանը:
Հարցին, թե ի՞նչ կարող է տալ Մաքսային միությունը ԼՂՀ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «2010 թվականից առ այսօր ընդգծված կոշտ միջամտությունները Ռուսաստանի կողմից, յուրահատուկ պատգամները ՀՀ իշխանություններին թույլ են տալիս ենթադրել, որ Մաքսային միությանը անդամակցելը կարող է մեզ վրա ունենալ ծանր հետեւանքներ: Մի բանի մեջ համոզված եմ, որ մենք թեւակոխում ենք հայ ժողովրդի պատմության մի նոր փուլ: Թե ինչ կլինի այդ փուլում, դեռեւս պարզ չէ, բայց կարող ենք ասել` այդ ամենը, ամենայն հավանականությամբ, կապված է նաեւ ԼՂՀ անվտանգության եւ լինելիության հետ»:
Մաքսային միության անդամ Ղազախստանի հայտարարությանը, թե դեմ է Ղարաբաղի հետ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, Դավիթ Իշխանյանը հանգիստ է վերաբերվում` նշելով, որ չի կարծում, թե Մաքսային միության մեջ Հայաստանը կարող է լինել առանց Ղարաբաղի:
«Այս առումով սա պետք է լինի մեր ընդհանուր տեսակետը, եւ հույս եմ հայտնում, որ այս սկզբունքով են առաջնորդվում հայկական դիվանագիտական շրջանակները»,- ասում է նա:
Շրջանառվող վարկածին, որ Ռուսաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, Իշխանյանը թերահավատորեն է վերաբերվում. «Դա միմիայն վարկած է, չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ ապագայում կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, մի շարք դրդապատճառներ կան, որոնք թույլ չեն տա դա անել, առաջիկա տարիներին»:
«Պետք է առկա քաղաքական իրավիճակում կարողանանք ելքեր գտնել` ժամանակ շահելու համար: Միգուցե նաեւ այս քայլը ժամանակ շահելու գործընթաց է, ի վերջո, աշխարհաքաղաքական առումով զարգացումները տանում են մի այնպիսի ուղղությամբ, որ մեզ համար Մաքսային միության մասին խոսելը սիրիական խնդրի ֆոնի վրա երկորդական կարող է դառնալ: Կարծում եմ` ցանկացած նորմալ դատող եւ քաղաքական միտք ունեցող հայ մարդ պիտի մտահոգություններ ունենա, սակայն հարցը պետք է բազմակողմանի քննարկել եւ ունենալ ընդհանուր մոտեցում»,- ավելացրել է Դավիթ Իշխանյանը: