կարևոր
757 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-31 15:22
Հասարակություն

Անընդունելի են Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել. Տեր Եսայի

Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է  տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը, նրանց մուտք գործելը, հոգևոր արարողություններ, հավատացյալների հոգևոր խնամքն իրականացնելու գործընթացը։ Այս երևույթը մտահոգիչ է բոլորիս համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։   

Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ապա Տեր Եսային հիշեցրեց, որ Մայր Աթոռի անունից փաստաբանները դիմել էին ոստիկանություն՝ ապօրինի ներխուժումը կանչելու, որովհետև հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել և ապօրինի գործունեություն է իրականացնում, ժամ առաջ պետք է դադարեցվի։

«Մտահոգություն ունենք, որ իրավապահ համակարգն այս ամեն ինչի մեջ, մեղմ ասած, հապաղում է կամ անգործության է մատնված, որովհետև այլ դեպքեր նայելիս՝ փորձը ցույց է տալիս, որ որտեղ նման ապօրինի գործունեություն է լինում, իրավապահ համակարգն իր ամբողջ ներուժով այնտեղ է լինելու և փորձում ինչ-որ գործողություն իրականացնել՝ օրենքի սահմաններում, իսկ այս դեպքում այս հապաղումն անհասկանալի է՝ անկեղծորեն»,- ասաց Տեր Եսային։

Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է լուծվեն իրավական և օրինականության ճանապարհով, թե որքանով իրավապահ համակարգը նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի՝ կտեսնենք, բայց այս պահին կա հապաղում։ Ինչ վերաբերում է Հովհաննավանքը զավթելուն, ապա ևս հաղորդում ներկայացվել է, դա քահանայի դիտարկմամբ՝ հանցագործություն է, որովհետև խախտվում է մյուս հոգևորականների գործունեությունը և ծիսաարարողական կարգը, կարևոր է, որ իրավապահ համակարգը իր գործունեությամբ զբաղվի, կատարի պարտականությունները։ Հարցին՝ եթե դա չիրականացվի, ապա ինչ քայլեր կարող են իրականացվել՝ Տեր Եսային նկատեց, որ հարցի լուծմանն ուղղված  մյուս ճանապարհները, որ, օրինակ, խմբով գնան Հովհաննավանք՝ դուրս վռնդելու այնտեղից, անըդունելի են, դա կարող է բախումների տանել։ 

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, թե Հովհաննավանքում լինելուց հետո գնալու են Մայր Աթոռ՝ Տեր Եսային նշեց, որ այդ սպառնալիքներն այսօր չէ, որ հնչում են՝ և վարչապետի, և՛ իշխանական տարբեր ներկայացուցիչներից։

«Բնականաբար այս ամեն ինչը և՛ ժողովրդավարության սահմաններից, և՛ օրինականությունից, և՛ առողջ բանականությունից դուրս են։ Չգիտեմ՝ այդ հայտարարություններն իրենց ապրումներում կամ հոգևոր զգացումներում ինչպես են հիմնավորվում, բայց նման հայտարարությունների հիմքում որևէ հոգևոր և անկեղծ զգացումներ չեմ տեսնում»,- ասաց Տեր Եսային։