Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որի նախաքննությունը շարունակվել է ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում: 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1968 թվականին:
Ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք, որ խոսքը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպի մասին է, ում հիշյալ օրը հարվածել էին դատարանի բակում: Մեղադրանքն առաջադրվել է Արմեն Թավադյանին, ով ըստ տեղեկությունների, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերն է: