Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` օրեր առաջ արած հայտարարությունը, թե վերելակների համար պետք է վճարեն քաղաքացիները, համացանցում բուռն քննարկումների տեղիք տվեց: Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` որպեսզի մաքրվենք աղբից, պետք է հաճախակի շաբաթօրյակներ կազմակերպենք: Սրան էլ հավելած` գլխավոր ճարտարապետն այն տեսակետին է, որ մի քիչ էլ մենք պետք է «Սանիթեք» լինենք» ու մտածենք աղբահանության մասին: Վերոնշյալ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ։
- Պարո'ն Գրիգորյան, ստացվում է` ամեն ինչ քաղաքացու վրա՞ է դրվում:
- Նախ նշեմ, որ Երևանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն` աղբահանության, տրանսպորտի, ջրահեռացման համակարգերի, վերելակների, բարեկարգման, տանիքների, սեյսմակայունության, քաղաքաշինական և այլն: Անթույլատրելի է, երբ համակարգային լուծում պահանջող հարցերի մասին ասվում է, թե բնակիչները պետք է ավելի վճարեն: Բնակիչներն արդեն կատարում են վճարումներ, և հավելյալ վճարելու անհրաժեշտություն չկա: Նորություն չեմ ասի` մարդիկ ուղղակի գումարներ չունեն, սոցիալապես ծայրահեղ աղքատները բարձր տոկոս են կազմում: Այս մոտեցումը դատապարտված է ձախողման, քանի որ բնակիչները չեն կարողանա վճարել, և հարցը կմնա չլուծված: Արդյո՞ք սա նշանակում է, որ չլուծված խնդիրների համար վաղը կարող է մեղադրվեն բնակիչները, կարծում եմ` հենց այդպես էլ կլինի: Օրվա իշխանությունները պետք է հստակ արձանագրեն, որ քաղաքացին իր քվեով օժտել է իրավունքներով և պարտականություններով և պետք է պահանջի, ոչ թե անիմաստ ավելի գումարներ վճարի: Ինչ վերաբերում է «մի քիչ «Սանիթեք» լինելուն» կամ հաճախակի շաբաթօրյակներ կազմակերպելուն, սկզբունքորեն դեմ եմ: Շաբաթօրյակներ կազմակերպվում են այն բանի համար, որ քաղաքացու մոտ երկիրը մաքուր պահելու մշակույթ ձևավորվի ու պահպանվի, հետևաբար` ցախավելը վերցնելու և ամեն օր փողոց ավլելու կարիք չկա: Աղբահանությունը պետք է լինի քաղաքապետարանի առաջնային գործառույթներից մեկը:
- Քաղաքի կառավարումը ստանձնածները գուցե լավ չե՞ն պատկերացնում, թե ինչ լիազորությունների շրջանակ ունեն` ինչ պետք է անեն, ինչ՝ ոչ:
- Դատելով այս մարդկանց հայտարարություններից` կարծում եմ, որ չեն պատկերացնում: Խնդիրներ նաև նախկինում են եղել, դրանցից որոշները, սակայն, այժմ առավել խորացել են: Կարելի է ենթադրել, որ քաղաքի այսօրվա կառավարիչները տեսնում են դրանք, բայց համապատասխան լուծումներ գտնել չեն կարողանում: Խնդիրները լուծելու համար պետք է նպատակ ունենալ, միջոցառումների ծրագիր՝ ժամանակացույցով և հաշվարկված միջոցներով, արհեստավարժ կադրեր և պատշաճ վերահսկողություն: Կարծում եմ` դրանցից որևէ մեկին չեն տիրապետում: Եթե հիմա մեկը կա, որ մտածում է` այսքան ժամանակահատվածը բավարար է խնդիրներ լուծելու համար, խորապես թյուրիմացության մեջ է: Բայց եթե կան մարդիկ, որ կարծում են` հիմա բարեփոխումների մասին պատկերացումներ չպետք է լինեն, լիրիկական զեղումներ ունեն: Հպարտանում են, երբ մի քանի աղբատար մեքենա են գնում ուղիղ գնման ընթացակարգով, բա ո՞ւր մնաց աղբահանող երկրորդ օպերատորը: Չկան գնահատականներ աղբավայրի ստեղծման մասին, թե՞ բնակիչները բավարարվել են քաղաքապետի` աղբավայրում նկարած նախընտրական հոլովակներով: Ի՞նչ է, մարդիկ չե՞ն տեսնում` ինչ վիճակ է: Ի՞նչ աշխատանք է նախատեսվում անել անձրևաջրերի հեռացման համար. մի ժամ անձրև է գալիս, քաղաքի կեսը մնում է ջրի տակ: Գիտեք` խնդիրներն այնքան շատ են, որ բոլորը թվարկել ուղղակի հնարավոր չէ: Թող մի օր 80% քվե ստացած քաղաքապետը խնդիրների ցուցակ կազմի, եթե չունի: Մարդկանց բացատրի, թե ինչպես է պատկերացնում դրանց լուծումը: Թող ասի, մարդիկ էլ գնահատեն աշխատանքը, այլապես տպավորություն է, որ միայն աշխատավարձերի ու պարգևավճարների թեման են քննարկման հատուկ առարկա դարձնում: Օրինակ` Հայկը գնահատո՞ւմ է, թե մի քանի միլիոն դրամանոց վերելակների փոփոխման համար ինչպես կարող են վճարել շենքերի բնակիչները` գործազրկության ու աղքատության այս բարձր մակարդակի պայմաններում:
- Օրերս բացված այգին նոր իշխանությունները մեծ ոգևորվածությամբ են ընդունում, իսկ մեկ տարի առաջ նույն ոգևորվածությամբ հետևում էին, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ քննադատում այգու բարեկարգումը, պատառոտում այն շրջապատող պաստառները:
- Սա ապացույցն է այն բանի, ինչի մասին ասում եմ` այս մարդիկ պատկերացում չունեն առաջիկա անելիքների մասին: Պաստառ պատառոտողներից ոմանք Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ են: Գնահատական չեմ ուզում տալ, դա արժեհամակարգային հարց է: Բացի այդ` նրանցից յուրաքանչյուրն իր գնահատականը գիտի, գիտեն նաև այգուց օգտվողները: Այգին իսկապես գեղեցիկ է, և շատ լավ է, որ կառուցվեց:
- Մեկ տարվա ընթացքում տեսանելի ի՞նչ փոփոխություն է եղել քաղաքի կառավարման ոլորտում: Կա՞ մի ոլորտ, որտեղ առաջընթաց եք նկատում:
- Փոփոխությունը պետք է սովորական քաղաքացիները զգան իրենց կենցաղում: Առաջընթացի մասին խոսելն ավելորդ է, իսկ փոփոխություններ իսկապես կան, դրանք են՝ աղբահանության չգոյությունը, նախընտրական խոստումները չկատարելը, օրինակ` հանրային հնչեղություն ունեցող հարցերը հանրաքվեով լուծելու մեխանիզմի չկիրառելը, «Երևան 2800» միջոցառումները պատշաճ չկազմակերպելը, 85 միլիոն դրամանոց տոնածառի ձեռք բերումը, սոցիալական խնդիրներին ուշադրություն չդարձնելը, կարմիր գծերի պահպանումը, տրանսպորտային հայեցակարգի բացակայությունը, հանրությանը սևերի և սպիտակների բաժանելը, ամեն ինչ քաղաքացու գլխում փնտրելը:
Զրույցը` Վրույր Սևակի