|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Իր գնահատանքը հայտնելով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական օրհնյալ գործունեություն ծավալելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:
Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է հանձնել նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Վերջում Հայոց Հայրապետը Կարմիր խաչի ներկայացուցիչներին մաղթել է արդյունավոր առաքելություն Հայաստանում: