Թուրքիան քննարկում է ԱՄՆ խնդրանքը` հրաժարվել ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի ձեռքբերման գործընթացից, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Բլումբերգ գործակալությանը:Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է Ռուսաստանի հետ С-400-ի ձեռքբերման գործարքից: Թուրքիայի նախագահի աշխատակազմից հերքել էին այս տեղեկատվությունը, ասելով, որ ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման գործընթացն արդեն ավարտված է:
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվելու իր մտադրությունից` Ռուսաստանից գնել С-400 համակարգերը, և որ զինատեսակի առաջին խմբաքանակը Թուրքիա կմտնի հուլիսին: ԱՄՆ-ը իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ռուսական այդ համակարգերի հետ կապված գործարքը հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: ԱՄՆ-ը սպառնում է, գործարքից չհրաժարվելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ` հրաժարվելով ԱՄՆ-Թուրքիա գորխարքից, որով նախատեսվում է F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային: