կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 20:51
Մշակույթ

«Տաղարանի» համերգային շրջայցը Վայոց Ձորում հավասարազոր էր լուսավորչական աշխատանքի

«Տաղարանի» համերգային շրջայցը Վայոց Ձորում հավասարազոր էր լուսավորչական աշխատանքի

Վայոց Ձորի բնակավայրերը եզրագծելով՝ ճանապարհը ոլորվելով ձգվում էր գոգավոր տարածքներ՝ շրջապատված բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, բնական կերտվածքներով և ձեռակերտ հուշարձաններով, խորը կիրճերում և բարձր լեռներում կառուցված անմատչելի բերդերով ու ամրոցներով: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը գնում էր՝ իր արվեստը մատուցելու վայցձորյան մի շարք բնակավայրերում, հնչեցնելու հին հայկական նվագներ, պարեղանակներ, հորովելներ, որ անհիշելի ժամանակներում ծնունդ են առել նաև այստեղ, մոռացվել հաճախ, բայց չեն կորել, այլ մի օր գտնվել են, զտվել, մշակվել հոգածու մտքով ու տաղանդով: Ճամփան տանում էր դեռևս քարե դարից անընդմեջ բնակեցված բուն հայկական մի տարածք, որ Վարդան աշխարհագիրն անվանել է Եղեգյաց Ձոր, որտեղ հողագործ մարդն անհիշելի ժամանակներից հող է հերկել՝ հորովելներ հյուսելով, խաղողի այգիներ է հիմնել ու հրաշահամ գինիներ ստացել: Ու իմ պատումը «Տաղարանի» համերգային երկօրյա շրջայցի մասին կուղեկցեմ վայոցձորյան պատումներով, քանզի ծրագիրը, որ համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանն ընտրել էր՝ հրամցնելու հանդիսականին, համահունչ էր խիստ, միաժամանակ՝ ջերմ այս բնությանը, լեռների առնականությանը, դրանցից վեր բարձր երկնքի զուլալությանը, Արփան սնող բարձրադիր աղբյուրների առատաբխությանը, բազմածաղիկ սիրերգությանը, հին ամրոցների անսասանությանը և նրանցում երբեմնի հնչած հերոսականչերին...

«ՏԱՂԱՐԱՆԸ» ՎԱՅՔՈՒՄ

«Տաղարանի» վայոցձորյան առաջին համերգային կանգառը Վայքում էր:

Արփա գետի ափին է Վայք քաղաքը՝ հյուսիս-արևմուտքից՝ Եղեգիսի, հարավից՝ Վայոց Ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով: Գետը վարարել էր մեր այցին՝ գարնանանային ձնհալներից ու անձրևներից: Աղքատիկ հողածածկույթով այս բնակավայրը հարուստ է պատմական հիշողություններով. այն պատկանել է Այրարատյան թագավորությանը, ապա Երվանդունիներին, Սյունիքի մարզպանությանը, Անիի թագավորությանը և Զաքարյանների իշխանությանը:

Հարուստ համերգային ծրագիր էր պատրաստել «Տաղարանը»՝ վայոցձորյան  համերգաշարի համար. շուրջ մեկուկես տասնյակ երգեր ու նվագներ՝ հնագույն, ավանդական հարսանեկան պարեղանակից՝ «Զեբագիից» մինչև միջնադարյան տաճարական նվագներ, գեղջկական սիրերգերից  ու աշխատանքային երգերից մինչև կարոտով ու թախծությամբ լի մեղեդիներ, հայրենի եզերքների կորուստների մասին հուշ ու աղոթքներով, հերոսական կանչերով լեցուն հուսառատ տենչերից մինչև մեր ժամանակների արարումներ՝ հայկականությամբ շնչող, հարազատ հայ  մեղեդահյուսքի արմատներին: Երկացանկի այս բազմազանությունը կառուցիկ էր, թեմայից թեմա անցումները՝ ներդաշնակ:

Համարյա բոլոր համերգային կատարումներին նախորդում էր Մաեստրո Սեդրակ Երկանյանի համառոտ խոսքը, որով նա բացատրում էր տվյալ մեղեդու կամ երգի ծագումը կամ բերում տվյալ նվագարանի հայկականության մասին համոզիչ ապացույցներ: Լսարաններին ուղղված երաժշտի խոսքը թե՛ առանձին հետաքրքրություն էր հաղորդում համերգների ընթացքին և թե՛ կրթական-դաստիարակչական նշանակություն ուներ:

Հանդիսականի համար հայտնության պես մի բան էր, որ մենք ունեցել ենք հարսանեկան հին երգերի մի ողջ հարստություն, որոնցից «Զեբագին»՝ պեղված և մշակված Մաեստրո Սեդրակ Երկանյանի կողմից, արդեն իսկ դարձել է, «Տաղարանի»՝ հայ ավանդական երաժշտության համերգների յուրատեսակ «այցեքարտը»: Զվարթ, կենսահաստատ հնչումով մեղեդին նաև հերոսական մարտականչ լիներ ասես, կյանքի հիմներգ, որին հաջորդեցին, այլ թեմաներով նվագներով մեջմեջված, աշխատանքի, սիրո և կարոտի միահյուս պատումները՝ «Վերին արտերուն գարին», Գուսան Շահենի «Յար քո բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ», Արևմտյան Հայաստանի երգարվեստից քաղված կատակային-սիրային «Արտ մը ունիմ», «Հոյ, իմ նազանի յարը» երգերը՝ մի մասը՝ «Տաղարանի» մեներգչուհի Լուսինե Մարկոսյանի մենակատարմամբ, մյուսները՝ զուգերգերով կամ երգչական ամբողջական կազմով: «Տաղարանն» ունի հրաշալի, քաղցրիկ, բազմահունչ, սրտի խորքը ներթափանցող ձայներ, դրանց զուգերգությունն ունկնդրին  հաղորդեց կենդանի պատկերացումը արտերի ծփանքի, բնության պես անեղծ, անպաճույճ սիրո փնտրումի, գեղջկական պարզ սիրային գովերգի, հրճվալի պահերի մասին: 

Ազգային ակունքներից քաղված մի երգ էլ՝ «Ջաղացս պատիկ-պատիկ», ջերմաշունչ մենակատարմամբ ներկայացրեց Գալինա Ցոլակյանը: Թրթռուն, կանացի, զուլալ սրտի կանչ՝ հազարապատիկ հարազատ այն բնությանը, որի գրկում ծնվել  է այն:

Լսարանի կողմից առանձին ջերմությամբ ընդունվեցին «Տաղարանի»  մենակատարների ելույթները. բլուլով և սանթուրով, դուդուկով և ուդով նվագները մի-մի ճաշակավոր, կարճ, բայց բազմախոսուն ներկայացումներ էին: Միջնադարյան հոգևոր երաժշտական ստեղծագործություններից մեկը՝ «Ի կոյս վիմէն» խորագրով, կատարեց բլուլահարուհի Հասմիկ Հարությունյանը: Այն անհայտ հեղինակի գրչին պատկանող շարական է, որ սովորաբար երգվում է  Ծաղկազարդին և Քրիստոսի հարության տոներին: Այս երաժշտական երկի գործիքային կատարումը նույնքան հզորությամբ հաղորդեց Կույսից ծնվածին դիմավորելու և հարության հրճվանքը, որքան տաճարական երգեցողությունը, և գուցե թե առավել ուժով ու համոզչությամբ, քանի որ կատարվեց վարպետորեն, հոգեպարար շնչով և Կոմիտասի սիրելի նվագարանով՝ բլուլով...

Թախծության նվագարան ուդը հնչեց հոգեհույզ, բայց կենսահաստատ, երբ նրա վրա Լուսինե Դավոյանը կատարեց մեր միջնադարյան աշխարհիկ տաղերից մեկը:

Խաչատուր Ավետիսյանի «Մախմուր աղջիկը» սանթուրահար Քրիստինե Մնացականյանը մատուցեց ընդգծված քնարականությամբ՝ նվագով կենդանի կերպավորելով մի քնքուշ էակի, որ ոգեշնչել  է հեղինակին՝ ժամանակին գրելու այս երաժշտական հորինվածքը: Նույն հեղինակի «Էքսպրոմտը» հնչեց քանոնահար Մ. Գևորգյանի կատարմամբ:

Սարերից փչող հովիկը միացավ Արտակ Ասատրյանի դուդուկի նվագով «պատկերված» «Հով արեք»-ին, անբառ մորմոքեց նվագարանը, արտահայտիչ խոսեց դարձյալ սիրո, կարոտի, սրտակեղեք մորմոքների մասին: 

Էլի եղան երգեր ու նվագներ, բայց դրանց մասին՝ Զառիթափ, Մալիշկա  գյուղական համայնքներում և Եղեգնաձոր քաղաքում կայացած համերգները ներկայացնող ակնարկներում:

«ՏԱՂԱՐԱՆԸ» ԶԱՌԻԹԱՓՈՒՄ

Արփա գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, յոթ բլուրներին է փռված Զառիթափ գյուղը՝ գյուղամիջով անցնող Փշոնք գետով, վերջինիս միացող չորս վտակներով: XVII-XVIII դարերի ամրոցները, հյուսիսարևելյան մասում՝ Աբ. Վարվառա մատուռը Զառիթափի պատմական հիշողության անկապտելի մասն են: Այս հողը հիշում է, թե ինչպես է միջնադարում բազմիցս երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրացել, լեռները իբր ծովի ալիք փշրվել են, տապալվել, աղբյուրները՝ կտրվել... Բայց հայ մարդը կառչած մնացել է իր բնօրրանին ու նորից կառուցել, աղբյուրներ բխեցրել, հողը մշակել...

Հնչում էր Զառիթափում Պերճ Քարազյանի կատարմամբ Երանյանի «Կիլիկիան», և այն մի երկրամասի վերաբերյալ էր, որ շատուշատ առումներով նման է վայոցձորյան բնապատկերին: Լեռներ, անհողդողդ մարդիկ, հնադարյան ամրություններ, մաքրաջուր աղբրակներ, ալպիական հովիտներ... Միայն թե այնտեղ՝ կորուսյալ հայրենիքում հուշն ու կարոտն է թևածում, իսկ այստեղ հայը պինդ իր հողին  է ու միտք չունի հրաժարվելու իր հայրերի ու ապուպապերի ծննդավայրից: Կարոտի ու հերոսական խոսքի հունչի ներքո պատկերացնում էի, թե ոնց է այս եղանակի հանգին Երկրի ընդերքը շարժվել այս երկրամասում, հրաբխային լեռները մխացել են, Արփա գետը բազում վտակներով և ուղղություններով ճյուղավորվել մեծ ու փոքր լեռնաշղթաների շուրջ, խորհրդավոր ձորերում, լեռնանցքներում, բաշխել իր ջրերը սարահարթերում,  գոգավորություններում և մարգագետիններում...

Մաեստրո Սեդրակ Երկանյանը համերգին ներկա զառիթափցիներին ուղղված խոսքում բարձր գնահատեց տեղացիների ոգին՝ հայրենի հողին հարազատ մնալու, իրենց ծննդավայրն ու հող հայրենին չլքելու, նրա վրա ապրելով ու արարելով միաժամանակ պահելու և պահպանելու վճռականության համար:

Այստեղ այլ երգերի շարքում հնչեց նաև Մաեստրոյի հեղինակած «Ապարանյան խճանկարը» (խոսք՝ Հասմիկ Սարգսյանի): Այն հայկական կյանքի մանրապատկեր է, գյուղական առօրյայի և մարդկանց հարաբերությունների պարզ, բանաստեղծական նկարագիր, որ հեղինակներն անվանել են տաղիկներ: Խաղ ու հրճվանք, նուրբ խնդուք կա «Ապարանյան խճանկար» երգում, որ կատարեց Լուսինե Մարկոսյան - Պերճ Քարազյան - Հովսեփ Նշանյան երգչական խումբը: Բոլոր կատարումները դահլիճն ընդունեց հարազատորեն. չէ՞ որ հնոց ակունքներից են բխեցրած երգերը, իրենց նախնիների ապրած կյանքից, անպաճույճ կենցաղից ու նիստուկացից, հարազատ բնության պատկերներից, սիրո անմարելի զգացմունքից...

«Ապարանի ջրերը,

Իմ սարերի հովերը,

Հորովելիս կանչերը,

Գյուղի տկլոր մանչերը:

Թոնրի շրթի հացերը,

Հարս-աղջկանց փեշերը,

Ալրափոշի շրթները,

Կրակ պեծ-պեծ աչերը...»:

Սեդրակ Երկանյան կոմպոզիտորի և բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի ստեղծագործական համագործակցության արդյունքն է «Գեղջկական տաղիկներ» անվանյալ երգաշարը, որի կազմում են նաև վայոցձորյան համերգներին հնչած «Ապարանյան խճանկար» և «Կլոր լուսնյակ, քաղցր երազ» երգերը:

«ՏԱՂԱՐԱՆԸ» ՄԱԼԻՇԿԱՅՈՒՄ

Վայոց Ձորի գյուղերի մի մասն առավել խոշոր և հարմար ձորերում են տեղավորված, և դրանցից մեկը Մալիշկան է: Արփայի աջակողմյան Մալիշկա վտակի ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ  գտնվող բնակավայրում ապրում են սերունդները նրանց, ովքեր 19-րդ դարասկզբին ներգաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից: Մալիշկայի բնակիչները հայտնի խաղողագործներ են, այգեգործներ, մեղվապահներ: Բնակավայրի հինավուրց պատմության մասին են վկայում Մոզ քաղաքի ավերակները, միջնադարյան ամրոցները: 

Վայոց Ձորի սիրուն լեռնահովտից մինչև գետեզերքը փռվող անեզր թվացող այս վայրում, ուր Արփայի ափին աճած ուռենիները երկար հյուսքեր են կախել, մարդը քար ու ջուր իրար է միախառնել, հող ու արև միացրել՝ հաց ու պտուղ է ստեղծել, երգ ու հորովել հյուսել... Այդ հորովելներից մեկն էլ հենց հնչեց «Տաղարանի» վայոցձորյան համերգաշրջանում: «Արարատյան հորովելը» մեկն է այն մի քանի տասնյակ հորովելներից, որ բանահավաքչական աղբյուրներից «պեղել», իր աստվածատուր շնորհի ուժով կենդանացրել, նոր շունչ, գույն ու հնչողություն է տվել Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Հորովելը, որպես երգային կառույց, Ս. Երկանյանը մատուցում է այնպես, որ տարբեր լինեն սովորական ժողովրդական այլ երգերից՝ լինի այն աշխատանքային, կատակ թե սիրային... Հորովելներն առանձնակի տեղ ունեն Ս. Երկանյանի հեղինակած հոգևոր նվագների, «Հարսանեկան» երկու շարքերի, պարեղանակների, բազում այլ մշակումների ու գործիքավորումների շարանում: «Արարատյան հորովելը» ևս, կոմպոզիտորական յուրահատուկ մտահղացումների իրացման շնորհիվ, կրում է Մաեստրոյի հեղինակային ձեռագիրը: Այս մշակումներով Ս. Երկանյանն անդրադարձել է մի ոլորտի, որը, բաց է մնացել մեր երաժշտական-կատարողական դաշտում: Նա խնդիր է դրել ստեղծել «հորովելների քարտեզ»`ըստ Պատմական Հայաստանի քարտեզի: Նպատակն է բոլոր տարածաշրջաններից, աշխարհագրական ամեն մի միջավայրից քաղված հորովելները  և պարեղանակները վերականգնել: Ս. Երկանյանն արդեն իսկ քսանից ավելի հորովելների է անդրադարձել՝ վերականգնելով Արարատյան, Ղարաբաղի, Շամշադինի, Մոկաց, Ապարանի, Լոռու, Ուտիքի, Վան-Վասպուրականի, Շիրակի, Ջավախքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Շուլավերի հորովելները: Դրանք թեկուզ բովանդակությամբ բավական մոտ են, բայց իրենց մեղեդիական, լադային, չափային կառուցվածքով տարբեր են:

Հայոց աշխարհի տարբեր անկյունների ծնունդ հորովելների երկանյանական մշակումներում վարպետորեն ներկայացված են ժողովրդի, աշխատավոր մարդու հոգոցն ու հիացումը: Ոնց բոլոր հորովելներում, Հովսեփ Նշանյանի կատարմամբ «Արարատյան հորովելում» ևս շունչն ու հառաչն անգամ խորություն ու արձագանք ունեն, այն աշխատանքի հոգնության և հույսի կնիքն ունի, այն հողի մշակի զգացմունքի ու հևքի նրբագեղ արձանագրումներ է:

Համերգային հարուստ ծրագիրը, հայոց երգ ու մեղեդիները Մալիշկայում ներկայացնելուց հետո «Տաղարանն» ուղևորվեց երկօրյա համերգային շրջայցի վերջին հանգրվան՝ Եղեգնաձոր:

«ՏԱՂԱՐԱՆԸ» ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Վայոց Ձորի մարզում «Տաղարանի» համերգային շրջայցի չորրորդ «կանգառը» Եղեգնաձորում էր: Վայքի գոգավորությունների վրա տարածված այս բնակավայրը հնագույններից է Հայոց աշխարհում: Բոլոր հին բնակավայրերի պես այս տեղավայրի անվան հետ էլ կապված  առասպել կա. 7-րդ դարում արաբների ասպատակություններից և ավերածություններից այն դատարկվել է, մարդիկ արտագաղթել են, և երկար ժամանակ չմշակված տարածքները եղեգնուտների են վերածվել: Բայց հայը ուշ թե շուտ վերադառնում է իր պապերի երկիրը, վերաշինում այն, և եղեգնուտների մասին հիմա խոսում է լոկ առասպելը: Իսկ քաղաքի հինավուրց պատմության մասին հիշեցնում են 4-րդ դարի ամրոցը, Արփայի ամենահին կամուրջներից մեկը՝ Ագարակաձորիկը, միջնադարյան խաչքարերը...  Հնագույն երգ ու նվագները, նորօրյա տաղիկները, կոմիտասյան շնչով բլուլականչը, սիրերգերը և հորովելը արձագանքում էին այս վայրերի հող ու ջրին, լեռ ու քարին հավատարիմ մարդկանց հոգիներում, և ես ականատես էի դրան:

Նվագարանների հունչի ներքո մեներգերի և զուգերգերի շարքում պիտի առանձնացնեմ վայոցձորյան համերգային շրջայցի վերջին դրվագին հնչած «Կլոր լուսնյակ, քաղցր երազ» երգը, որի երաժշտությունը հեղինակել է Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Հովսեփ Նշանյանի կատարմամբ երգը, որ իրականում յուրատիպ մի ռոմանս է, տարածվեց նրբանուրբ հնչումով, մտերմիկ, այնքա՜ն քնքշահույզ...

«Աստղը՝ դարձ-դարձ, երկնային բարձ,

մեջ քո աչուկ՝ քաղցր երազ,

քո վարսերը՝ կողքի փռված,

ալիք-ալիք՝ անծայր ծովակ:

Սարսուռ գիշեր, կլոր լուսնյակ,

տաքուկ շնչիկ, բրդե վերմակ,

չըլնի հանկարծ, որ վեր կենաս,

մինչև շաքար շուրթդ չտաս...»:

Անձանձրույթ ունկնդրելով Հայոց աշխարհի տարբեր անկյուններից ու տարբեր ժամանակներից առնված ստեղծագործությունների երկանյանական մշակումները՝ վայոցձորցի հանդիսականը հրճվանք-գորովանքով լցվեց՝ գնահատելով թե՛ երաժշտական երկերի և թե՛ դրանց երգչական ու կատարողական մեկնությունների նրբագեղությունը, որ վարպետորեն ներկայացրեցին երգիչներն ու մենակատարները:

Վայոց Ձորում «Տաղարանի» համերգային շրջագայությանը ներկաները կիսեցին իրենց կարծիքն ու տպավորությունը լսածից ու տեսածից. նրանց կարծիքով «Տաղարանը» համայնքներ է բերում այն արվեստը, որին մարդիկ համարյա անծանոթ են, և կարծեք թե, համույթի շնորհիվ շվակալում է այն երաժշտական մշակույթը, որը կորսված է հանրային գիտակցության մեջ: Համույթին և Մաեստրո Սեդրակ Երկանյանին երախտիքի ու բարձր գնահատանքի խոսքեր ասացին Վայքում՝ ավագ դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանը, Զառիթափում՝ տեղի դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանը, Մալիշկայում՝ թիվ 1 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սարգիս Իսրայելյանը, Եղեգնաձորում՝ Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նաև համերգներին մասնակից երաժշտասերներ:

«Տաղարանի» արվեստով բուն հայկականության սածիլներ են դրվում պարարտ հողի մեջ. դա հայ ավանդական երաժշտությունն է՝ արդի հանդիսականին հասկանալի երաժշտական լեզվով մշակված և զտված հայ մշակույթին խորթ ազդեցություններից... Այդ մշակույթը վերընձյուղելու կարևորագույն քայլերից մեկն էլ  համերգային շրջայցն էր Վայոց Ձորի մարզում, որը հնարավոր եղավ իրականացնել «Լիդեր կոմլեքսի» աջակցությամբ: Մեր համոզմամբ, նման համերգները պետք է կրեն պարբերական բնույթ, լինեն հաճախակի  և հովանավորվեն ոչ միայն անհատների, այլ նաև պատկան մարմինների կողմից լիարժեքորեն ու անընդմեջ:

 

Հասմիկ Սարգսյան