Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերածննդի գեղարվեստական մշակույթին հաջորդած բարոկկո արվեստի մոնումենտալությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունն ու զգացմունքի լարվածությունը, պատրանքայնությունը հատուկ է 16-րդ դարավերջից մինչև 18-րդ դարի կեսը եվրոպական երաժշտական մշակույթին. երևան են եկել կոմպոզիցիոն տեխնիկայի նոր համակարգեր՝ հարմոնիաների կառուցման յուրատիպությամբ, երաժշտա-գործիքային նոր ժանրերով՝ սոնատ, ռիչերկար, ֆուգա, պարտիա, կոնցերտ: 16-17-րդ դարերի մադրիգալներից մինչև Գեորգ Ֆրիդրիխ Հենդել և Յոհան Սեբաստիան Բախ. միմյանցից տարբեր հեղինակների ստեղծագործություններից քաղված հատվածների ունկնդրումը քանիցս բերում է ինձ այն համոզմանը, որ այս ժամանակահատվածում ստեղծված երաժշտարվեստը չի պարփակվում լոկ մի ոճի շրջանակում: Հռետորականությունը նրանցում համադրված է երևակայությունը ցնցող հեռավոր և բարձր գաղափարների արծարծումով, գաղափարների վիթխարիությունը և զգացմունքի ազնվությունը համակցվում են ներանձնական ապրումի խորքայնությանը: Այս ողջ հարստությունը մեկ համերգի շրջանականերում ներկայացնելը թե՛ բարդ է, թե՛ պատասխանատու:
Հանդիսավոր խորհրդավորությամբ և վեհաշուք զգացմունքայնությամբ այս երաժշտությունը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացրեց երեք հրավիրյալ երգչուհու ՝ Հասմիկ Ասատրյանի, Լիլիթ Խաչատրյանի և Մարիամ Մնացականյանի մասնակցությամբ:
ՍՐԲԱԶԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՍՏԾՈ ՀԵՏ. ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ
«Երկրպագության երաժշտության մեջ Աստված միշտ ներկա է իր ողորմածությամբ»,- սա Բախի ձեռագիր երկտողն է՝ գրված «Աստվածաշնչի» մեջ: Աստվածային շնչով է արարված բախյան ողջ ստեղծագործությունը՝ լինի դա հոգևոր, թե աշխարհիկ բնույթի: Հոգևոր-տաճարական երկերը կազմել են Բախի ստեղծագործության մեծ մասը և, հիրավի, համարվել ոչ միայն արվեստի գործեր, այլ նաև Աստծո հետ իսկական սրբազան հարաբերություններ: Ուստի այդ սրբազան հարաբերության արտահայտությունն էր համերգային երեկոյին Լիլիթ Խաչատրյանի ձայնով ի Վեր առաքված «Առ ի սեր քեզ» արիան «Ծննդյան» օրատորիայից:
Քարոզների և աստվածաշնչյան երաժշտական ընթերցումների մի այլ տեսակ է հոգևոր կանտատը՝ գործիքային մեծակտավ ստեղծագործություն, որի անգերազանցել հեղինակներից է Բախը: Մարիամ Մնացականյանի և Հասմիկ Ասատրյանի զուգերգով ներկայացվեց հատված թիվ 78 կանտատից, որ դարձյալ ներքին ինքնամաքրման լուսեղեն ճանապարհ. միայն ունակ պետք է լինել լսելու և հաղորդակցվելու: Ասված է՝ ով ունակ է, նա կհասնի...
ՀՈԳԵՎՈՐ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐ՝ ՄՈՆՏԵՎԵՐԴԻԻՑ ԵՎ ՎԻՎԱԼԴԻԻՑ
XVI-XVII դարերի նշանավոր իտալացի երգահան, մադրիգալների, օպերաների և հոգևոր երաժշտության հեղինակ Կլաուդիո Մոնտեվերդիի ստեղծագործությունից «Տաղարանի» համերգին հնչեց «Զեֆիրո տորնա» զուգերգը՝ Հ. Ասատրյանի և Լ. Խաչատրյանի կատարմամբ: Իսկ Վիվալդիի դինամիկ և էքսպրեսիվ երաժշտությունը ներկայացվեց երկու ստեղծագործություններից առնված դրվագներով: Իտալացի կոմպոզիտոր և XVIII դարի իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, շուրջ 40 օպերաների, կանտատների, օրատորիաների, սիմֆոնիաների, տարբեր գործիքների և նվագախմբի համար 465 կոնցերտների հեղինակ Անտոնիո Վիվալդիի գործերն օժտված են վառ կերպարներով, ցայտուն մեղեդիական զարգացումով, կատարողական նոր՝ դրամատիզացված եղանակով,- և այս բոլոր բնորոշ հատկանիշներն ունեին համերգային երեկոյին հնչած գործերը՝ «Մենք գովաբանում ենք քեզ» հոգևոր նվիրաբերականը (կատարումը՝ Մ. Մնացականյանի, Լ. Խաչատրյանի), արիան «Երբ նա ունի» 11 մասից բաղկացած կանտատից: Հասմիկ Ասատրյանը կատարեց «Նիսի դոմինուս» խորագրված հատվածը, որ ծննդյան, մահվան ու վերհառնումի խորհուրդն ունի.
«...Երբ նա քնեց [մահացավ] նրանց համար, ում սիրում էր...
...Երեխաներն են Աստծո ժառանգությունը, և պագևն են նրանք ,
Պտուղը կնոջ երկունքի...»:
ԵՐԵՔ ԱՐԻԱ՝ ՀԵՆԴԵԼԻ 99 ՀԱՏՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Հենդելի օպերաներից և օրատորիայից արիաների կատարումներն ավելացրին երեկոյի հուզական լարումը: Այս հուզականության արմատները փնտրում եմ Հենդելի ապրած՝ վայրէջներով ու վերելքներով, հասարակության կողմից հանիրավի չընդունվելու, ապա՝ մեծագույնս գնահատվելու, իր մարմինը պատուհասած հիվանդության, կուրության և դրանց դեմ պայքարի ուժով լեցուն նրա կյանքի տարիների մեջ: Լոնդոնի օպերայի թատրոնը ղեկավարող գերմանացի կոմպոզիտորի երկերը սկզբնական շրջանում անգլիացիների կողմից սուր քննադատության են ենթարկվել, բայց հետագայում հենց նույն անգլիացիները Հենդելի մահն ընկալել են՝ իբրև իրենց ազգային մեծ կոմպոզիտորի կորուստ: Հենդելի 99 հատորից բաղկացած երաժշտական ժառանգության կարևոր մասն են կազմում 40 օպերաները, որոնց շարքում են «Ռինալդոն» և «Հուլիոս Կեսարը»: Առաջինից Ռինալդոյի ռեչիտատիվը և արիան կատարեց երգչական եռյակը, երկրորդից՝ Կլեոպատրային մի արիայով կերպավորեց Լիլիթ Խաչատրյանը: Իսկ Հենդելի «Հերկուլես» օրատորիայից արիայի կատարումը վստահվել էր Հասմիկ Ասատրյանին:
ՓՅՈՐՍԵԼ. ԷՊԻԿԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՏԻԿ
XX դարի հանրահայտ դաշնակահարներից մեկը՝ Իգնաց Ֆրիդմանը, հայտարարել է, որ Փյորսելին ավելի վեր է դասում, քան Բախին և Բեթհովենին: Անգլիական վաղ շրջանի բարոկկո երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ Հենրի Փյորսելի բազմաժանր ստեղծագործության մեջ առանձնապես հայտնի է «Դիդոնա և Էնեուս» օպերան: Այն համարում են առաջին անգլիական օպերան, թեև այդպիսին են հաճախ անվանում նաև Բլոուի «Վեներան և Ադոնիսը»: Ինչպես և Բլոուի ստեղծագործության մեջ, գործողությունները զարգանում են ոչ թե երգչական երկխոսություններով, այլ իտալական ոճի ռեչիտատիվներով (ասերգներով): Իր ժամանակին «Դիդոնա և Էնեուսը» մեծ բեմ չի բարձրացել, թեև մեծ համբավ ուներ մասնավոր խմբակներում: Օպերայի սյուժեն առնված է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսի «Էնեական» պոեմից, որում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների մասին: Հռչակավոր է պոեմի այն հատվածը, որում շարադրված է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրո պատմությունը: Օպերայի լիբրետտոն պատկանում է իռլանդանցի բանաստեղծ Նաում Թեյմի գրչին:
Դիդոնայի մեներգը «Տաղարանի» համերգին հնչեց Մարիամ Մնացականյանի ձայնով, բարդ և դրամատիկ: Փյորսելի երաժշտությամբ կենդանի տեսլացավ Կարթագենի առասպելական հիմնադիր թագուհու կերպարը՝ Էնեասից լքյալ և տանջվելով այն մտքից, որ դրժել է իր հանգուցյալ ամուսնու՝ Սիքեի հիշատակին հավատարիմ մնալու խոստումը: Սիրո տառապանքի և ապաշխարության խառնակ զգացմունքներով, հուսահատ և հուսախաբ՝ նա տոչորում է՝ ինքնասպանության եզրին...
Նույն օպերայից Մարիամ Մնացականյանը մի հատված ևս կատարեց ՝ այս անգամ Հասմիկ Ասատրյանի հետ զուգերգելով:
Իր ժամանակի «երաժշտության մեծագույն Վարպետ» համարվող Փյորսելի ստեղծագործությունից երրորդ դրվագը համերգային կատարման համար ընտրված էր «Փերիների թագուհին» օպերայից. Հ. Ասատրյանի երգեցողությամբ հաղորդվեց Փյորսելի զարդահնչուն բարոկկո մեղեդահյուսքի առանձնակի գեղեցկությունը:
ՆՈՐՈՒՅԹՆԵՐ ՀԱՄԵՐԳԻՆ
Հենդելի «Հերկուլես» օրատորիայից հատված կատարեց Հասմիկ Ասատրյանը: Քանիցս Հասմիկի կատարումներն ունկնդրել եմ «Տաղարանի» համերգներին, ուստի նախահամերգային ճեպազրույցում «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանին ուղղված առաջին հարցս վերաբերում էր այս երիտասարդ երգչուհուն: Հիշեցի, որ «Տաղարանի» համերգներին ներկայացրել է ժամանակակից հայ կոմպոզիտորների երկեր: «Տարիներ առաջ Ղարաբաղում տված համերգներին Հասմիկը մեզ հետ հանդես եկավ ժողովրդական երգերի կատարումներով,- հավելեց Մաեստրոն:- Իրար հետ արել ենք մի շատ հետաքրքիր ծրագիր՝ Մեթներ և Շոստակովիչ՝ դաշնամուրային նվագակցությամբ: Ճկուն աղջիկ է, շուտ է սովորում: Հետաքրքիր էր, որ վերջերս ցանկություն հայտնեց կենտրոնանալ բարոկ արիաների վրա: Լուրջ հետաքրքություն է, պարզապես պետք է կարողանալ կենտրոնանալ, ժամանակ տրամադրել և կապելլայի երգեցողությունից (որտեղ երգում է Հասմիկը) «դուրս գալ»:
Բարոկկո երաժշտության կատարումն այլ երգչական պահանջներ ունի, և երիտասարդ երգչուհիները, որ զբաղված են երաժշտարվեստի այլ ոլորտներում, պետք համեմատաբար կարճ ընթացքում վերափոխեին իրենց կատարողական արվեստի կերպը, մշակեին ձայնային որակները, վերանայեին երաժշտական երկի մեկնության կերպը: Ու սրա մասին շարունակեցինք զրույցը Մաեստրոյի հետ: «Մի քանի ստեղծագործություն ինքս եմ առաջարկել կատարելու, մի քանիսն իրենց ընտրածն է,-ասաց Մաեստրո Ս. Երկանյանը:- Լիլիթ Խաչատրյանը ևս հանդես է եկել «Տաղարանի» հետ ամերիկյան սպիրիչուելների համերգին: Ինքը կարողանում է ձայնը հարմարեցնել ջազային կատարումների յուրահատկություններին: Դժվար է ջազից միանգամից անցում կատարել դեպի դասական վոկալ: Դժվար է, եթե նա շարունակ համապատասխան վոկալ վարժանքի մեջ չի եղել: Փորձերի առաջին օրերին հատկապես այդ դժվարությունը երևում էր, ինչը հաղթահարվեց հետագային: Քիչ-քիչ բացվեց և դարձավ առավել ճկուն: Մարիամ Մնացականյանն էլ ջանասեր երգչուհի է: Նրա կատարումները լսել էի այլ մի համերգի, որում համարյա ողջ բաժին երգեց և լավ տպավորություն թողեց»:
Տեղին էր դիտարկումս, որ Մաեստրոն առաջին անգամ չէ, որ հնարավորություն է ընձեռում երիտասարդ խոստումնալից կատարողներին բեմելու և իրենց կարողությունները, արվեստը ներկայացնելու լայն հանրությանը: «Շատ կարևոր է, որ նրանք, որոնց «Տաղարանի» հետ հանդես գալու հնարավորություն ենք տալիս, առիթ ունենան, չկորեն կյանքի մի շարք հրամայականների բերումով, հեռու չմնան մի բանից, ինչի համար իրենք այդքա՜ն տարի սովորել են: Գոյության հարց լուծելով՝ երբեմն դա ետին պլան է մղվում, մոռացվում, կորսվում...»:
Հեշտ գործեր չեն ընտրված այս բարոկկո համերգի համար՝ նկատեցի: Ընդ որում, Երևանում առաջին անգամ կատարվում են Գաբրիելիի “Ave Maria”-ն, Վիվալդիի “Cum dederit”-ը, Հեսսեի “Spesso tra vage rose”-ը: «Թե՛ զգացմունքային, թե՛ տեխնիկական առումներով բավական լուրջ ստեղծագործություններ են,- հաստատեց զրուցակիցս: - Մի փորձարկում ենք կատարել այս համերգին. իրենք ցանկություն են հայտնել Հենդելի «Ռինալդո» օպերայից հայտնի ռեչիտատիվը և արիան, որ սովորաբար մեկն է երգում, կատարել երբեմն ակորդիկ եռաձայն, երբեմն՝ երկձայն, երբեմն՝ մեներգով: Ամեն մեկին մի-մի բաժին հատկացրեցի, որ յուրաքանչյուրն իր մեներգն ունենա»: Բայց սա այս համերգի միակ փորձարկում - նորությունը չէ: «Մի յուրահատուկ բան էլ ենք անում համերգին,- փակագծերը բացեց Մաեստրոն,- միջնադարի հեղինակ Գաբրիելիի «Ավե Մարիան» ակապելլա են երգում»:
Իրոք որ, համերգային երեկոյի նշանակալից պահերից էր «Ավե Մարիա» հոգևոր ձոնի ակապելլա կատարումը: Հուզական- մեղեդային-գեղեցկահունչ այս երկը Վերածննդի շրջանի վենետիկյան դպրոցի վարպետ Գաբրիելլիին է պատկանում: Իսկ որպես համերգի եզրափակիչ դրվագ՝ հնչեց Հենդելի՝ վերը նշված «Ռինալդո» օպերայից արիան՝ իրար հաջորդող երկձայն – ակորդիկ եռաձայն – մեներգներով, որ հանդիսականի կողմից ընդունվեց առանձին հիացումով:
Ուշ միջնադարի երաժշտական մշակույթի կատարյալ պատկերը կրող այս «զտարյուն» երաժշտությունը, որ ներկայացրեց «Տաղարանը», ազնվացնող էր՝ իբրև հոգեմաքրման արար: Համերգին երիտասարդ երգչուհիները հանդես եկան՝ իրենց երգչական ունակությունները յուրակերպ քննության դնելով երաժշտասեր հանրության առաջ, բարձր արվեստին իրենց առնչությունները հաստատելով ու նաև հոգու համար, քանի որ կեցությունը մեր ոչ միայն հացիվ է...
Հասմիկ Սարգսյան