Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Հայկական աղբյուրներում Ծոփք անվամբ հիշատակվող Դերսիմի շրջանն ընկած էր պատմական Հայաստանի տարածքների ծայր արևմուտքում: Սույն շրջանը, որը համընկնում էր Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) և Ներքին Անատոլիայի հատվող կետում գտնվող և որպես «Անադոլու», այսինքն` հունական «Անատոլիա» հիշատակվող պատմական Բյուզանդիայի և Հայաստանի տարածքների սահմանային շրջանի` Հայաստանի կողմն ընկած հատվածում, գտնվում է Արածանի, Փերի (Բերրի) և Սև ջուր գետերի ու Մնձուր լեռնաշղթայի միջև:
1848 թ., երբ վերաձևավորվել է Դիարբեքիր վիլայեթը (նահանգը), իսկ Խարբերդը՝առանձին նահանգ դարձել, կազմավորվել է Դերսիմի սանջակը (մարզը), և այս տարեթվից հետո սույն շրջանի վրա ռազմական գործողություններ են կատարվել: 1935 թ. դեկտեմբերի 25-ին հրապարակված «Թունջելի վիլայեթի կառավարման մասին» օրենքի համաձայն` 1936 թ. հունվարի 4-ից որպես Թունջելի հիշատակվող այս շրջանում բնակչության մեծ մասն ապրում է աշիրեթական կարգով, և չնայած, որ վերջին տասնամյակներին այստեղի երիտասարդության մեջ մեծ տարածում են գտել ձախակողմյան շարժումները, այդ կարգը պահպանվել է նաև մեր օրերում: Սույն շրջանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է ստեղծել, որ օսմանյան ժամանակաշրջանում այս տարածքի բնակիչները համեմատաբար հեռու մնան պետության իշխանությունից և կիսաինքնավար կյանք վարեն, և պետական իշխանություններն այդ դրությունը փոխելու նպատակով դիմել են ամեն տեսակի միջոցի, այդ թվում` ճնշումների, բռնության ու կոտորածի, և չենկարողացել հանդուրժել, որ իրենց այդպես էլ չի հաջողվել լիակատար իշխանություն հաստատել այս տարածքում: Հավելումն դրա` այն փաստը, որ տվյալ շրջանի բնակիչները, տիրապետող եղող պետական կրոնից բացի, դավանել են նաև հետերոդոքս հավատք, պատճառ է դարձել, որ պետությունը չափից դուրս թշնամաբար վերաբերվի նրանց։ Քանի որ սույն տարածքն ավելի վաղ ժամանակաշրջանում սահմանային շրջան է եղել Հռոմի և Իրանի, Հռոմի և Հայաստանի, ինչպես նաև՝ Բյուզանդիայի և Հայաստանի միջև, այն հաճախ է մի պետության կազմից մյուսին անցել։ Դերսիմը վաղ ժամանակներում էլ է այնպիսի մի վայր եղել, ուր բազմաթիվ ժողովուրդներ են եկել ու բնակություն հաստատել այստեղ, տեր դարձել այս հողատարածքին։ Դերսիմը ձևավորվել է նաև որպես հայ ժողովրդի մայր հայրենիքի մի հատված, որտեղ հայերն ապրել են բավականին երկար ժամանակաշրջան։
Այս շրջանի տեղաբնիկները եղող հայերը 1915 թ․ ինչպես իրենց հազարամյա մայր հայրենիք Արևմտյան Հայաստանի տարածքներից, այդպես էլ Դերսիմից վայրագորեն արմատախիլ են արվել ու բնաջնջվել։ Սակայն մինչ 1915-ը նրանք այստեղ ապրել են, արարել, բնակավայրեր, վանքեր ու եկեղեցիներ հիմնել, տեր կանգնել իրենց սրբավայրերին։ Չնայած Թուրքիայի Հանրապետության տարիներին կատարված տեղանունների փոփոխություններին՝ Դերսիմի բնակավայրերը մինչ օրս բնակիչների կողմից հիշատակվում են իրենց հին՝ հայկական անվանումներով, մի փաստ, որը հայերի՝ Դերսիմում ունեցած գոյության ամենաակնհայտ ապացույցն է։ Այդ հանգամանքը նաև ակնառու է դարձնում այն, որ Դերսիմի շրջաններում ամենահին տեղաբնիկ և դոմինանտ տարրը եղել են հայերը։ Դա, բնականաբար, չի նշանակում, թե Դերսիմում այլ ժողովուրդներ չեն ապրել, բայց և այնպես դրա, շնորհիվ համոզվում ենք, որ սույն շրջանի՝ մինչ օրս իր գոյությունը պահպանած, ամենահին բնիկ ժողովուրդը եղել են հայերը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե մյուս ժողովուրդները ե՞րբ, որտեղի՞ց և ինչպե՞ս են եկել այստեղ, ապա բարդ է դրան հստակ պատասխան տալը։ Հավանական է, որ որոշ խմբեր շատ վաղնջական ժամանակներից են այստեղ բնակվել և անգամ հայերի չափ կամ մինչև իսկ վերջիններից ավելի հին են եղել, սակայն իրենց պատկանած քաղաքակրթության կործանումից հետո, ժամանակի ընթացքում վերածվել են փոքր խմբերի և աշիրեթների ու թերևս այդ կերպ են իրենց գոյությունը շարունակել։ Այդ հավանականությունը նկատի առնելով հանդերձ, կարող ենք արձանագրել, որ ակնհայտ է՝ սույն շրջանում որպես ժողովուրդ իր գոյությունը պահպանած և հաստատապես ազգային պատկանելիություն ունեցող միակ խումբը կազմում են հայերը։
Որքան էլ թուրքական պաշտոնական պատմագրության և ընդհանրապես մերօրյա թուրք պատմաբանների կողմից պնդվի, թե 16-րդ դարի վերջին տարբեր թուրքմենական ցեղախմբեր են բնակություն հաստատել Դերսիմում, միևնույնն է, այդ պնդումները նույնքան անհիմն են, որքան այն տեսությունը, թե 1071 թ․առաջ, մինչև իսկ մ․թ․ա․երկրորդ հազարամյակում անգամ թուրքերը գոյություն են ունեցել Անատոլիայում, և նույնքան անհիմն են, որքան՝ տեղաբնիկ որոշ ժողովուրդների «թուրքերի նախահայր» ներկայացնելու ձգտումները։ Եթե լուրջ ընդունելու լինենք որոշ «պատմաբանների» կողմից գործադրված ջանքերի ընթացքում Դերսիմի շրջանում հաստատված «թյուրքական ցեղախմբերի» վերաբերյալ ներկայացված ցանկերը, ապա հարկ կլինի, որ Դերսիմի շրջանը պատկերացնենք որպես առնվազն ամբողջ Անատոլիան ընդգրկած տարածք։
Դերսիմում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ուրարտական գերեզմանները հավաստում են, որ Ուրարտու պետության սահմանները ներառել են նաև այս տարածքը։
Ինչպես հայտնի է, մ․թ․ա․ 13-րդ դարում մեծ ու փոքր թագավորությունների և իշխանությունների ձևով ապրած ու նույն լեզվով հաղորդակցված Նաիրի, Արատտա, Հայասսա-Ազզի և այլ հանրությունների միջից Բիայնիլի թագավորությունը (Վանի թագավորություն, Ուրարտու) հզորանալով և այդ իշխանությունները մի թագավորության կազմում միավորելով՝ ձևավորել է Ուրարտուի թագավորությունը։ Քանի որ Բիայնիլիի/Վանա թագավորները տիրապետող դիրք ունեին այնտեղ, իրենց կազմավորած պետությունը ստացել է այդ անունը, սակայն տվյալ ժամանակաշրջանի ամենահզոր թագավորության վերածված սույն պետությունը, 6-րդ դարում չդիմանալով տարբեր կողմերից եկած թշնամական հոսանքներին, կործանվել է, որից հետո սկսել է հիշատակվել միայն որպես Հայաստանի թագավորություն, իսկ Ուրարտու անունը դուրս է եկել գործածությունից։
Իրանում, Բեհիսթուն գյուղի մոտակայքում գտնվելու պատճառով «Բեհիսթունյան արձանագրություն» անվամբ հայտնի և Դարեհ Առաջինի հրահանգով երեք լեզուներով՝ բաբելոներեն, էլամերեն և հին պարսկերեն գրված արձանագրության մեջ հիշատակվում է նաև Հայաստանը, որը հին պարսկերենով նշված է «Արմինա», բաբելոներենով՝ «Ուրարտու/Ուրաշտու», իսկ էլամերենով՝ «Հարմինուեա» անուններով։ Այստեղից երևում է, որ Հայաստանը (Արմինան, Հարմինուեան) և Ուրարտուն նույն երկրի՝ տաբեր լեզուներով նշված անվանումներն են, և որ այդ երկիրը միայն բաբելոնացիների կողմից է Ուրարտու (Արարատ) կոչվել, իսկ մյուս ժողովուրդների կողմից Ուրարտու պետության գոյության բոլոր փուլերում անվանվել է Արմինա/Հարմինուեա, այսինքն՝ Հայաստան։ Վանի/Տուշպայի արքայապետության կործանումից հետո երկրի իշխանությունն իր ձեռքը վերցրած Երվանդունի հարստությունը շարունակել է, առանց դադար տալու, նույն տարածքներում կառավարել երկիրը։
Ներկայիս Դերսիմի շրջանը ևս գտնվել է սույն պետության սահմանների մեջ, իսկ հայ ժողովուրդը հազարամյակներ առաջ ավարտել է իր կազմավորումը սեփական մայր հայրենիքում։ Հայերը բազմաթիվ դժվարություններից հետո, բարդ պայմաններում շարունակել են իրենց գոյությունը պահպանել այս տարածքներում, թեև նրանց թիվը նվազելով հասել է «փոքրամասնության» աստիճանի, իսկ ներկայում այն վայրերում, որտեղ այլևս հայեր չեն ապրում, պահպանվել են նրանց հետքերը, մշակույթը՝ ուրարտական գերեզմաններից մինչև եկեղեցիներ։
Դերսիմի շրջանի (թեև նրա անվանումն տվյալ ժամանակաշրջանում այլ է եղել) մասին ուղղակի և անուղղակի տեղեկություններ կան՝ դեռ անտիկ դարաշրջանից սկսած։ Մասնավորապես այս շրջանի մասին, թեև երբեմն հակասական, տեղեկություններ են հաղորդում այնպիսի պատմիչներ, ինչպիսիք են՝ Հերոդոտոսը, Հովսեփոսը և Տակիտոսը։ Այս պատմիչների հաղորդած որոշ տեղեկություններում իհարկե որոշ տվյալների և վարկածների միջոցով հնարավոր է միայն ենթադրել, որ խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնցում ընդգրկված է նաև Դերսիմը։ Ինչպես որ որոշ ժողովուրդների բնակավայրեր կամ քաղաքներ մերօրյա գիտնականների կողմից իրարից հարյուրավոր, անգամ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող կետերում են ներկայացվում, այդպես էլ Դերսիմի շրջանի մասին ևս անհնար է հաստատ որևէ բան ասել։ Հատկապես վերջին 100 տարվա ընթացքում հիվանդություն դարձած և որոշակի նպատակներով պետության կողմից հրահրվող գանձագողության պատճառով հարյուրավոր ու հազարավոր տարիներ կանգուն մնացած պատմական հուշարձաններն ավերվել են պատմականորեն խիստ կարճ ժամանակահատվածում։ Փաստ, որը չի տարբերվում վանդալիզմից ու թալիբանիզմից և մեծ ու անդառնալի հարված է՝ ուղղված տվյալ շրջանի և ներկայում այստեղ ապրող մարդկանց անցյալը լուսաբանելու հարցին։ Գանձ (հատկապես՝ հայերի գանձը) գտնելով՝ միագամից հարուստ դառնալու մոլուցքը կուրացրել և անզգա է դարձրել մարդկանց ու պատճառ դարձել, որ նրանք ոչնչացնեն սեփական անցյալը և իրենց պապերի ստեղծածը։ Բոլոր հին հուշարձաններն ավիրելուց կամ ողբալի վիճակի հասցնելուց հետո մարդիկ հետաքրքրվում են իրենց անցյալով և ցանկանում իմանալ, թե ով են և որտեղից են եկել։ Սակայն բանը բանից անցել է արդեն։ Այդ մշակութային կոտորածից ամենամեծ վնասը կրած հայերն իրականում այն խումբն են, որ կարող է հանգիստ լինել իր անցյալի հարցում, քանի որ բավականին լավ հայտնի են նրանց անունները, համբավը, պատմությունը, անյալը, անգամ՝ ոչ հեռավոր անցյալը։ Եթե նույնիսկ հայերի գյուղերի անվանումները փոխված են լինեն պետության կողմից, հին անվանումները հայտնի են նաև ներկայում, մինչև իսկ մինչ օրս կիրառվում են տեղի ժողովրդի կողմից։ Եթե անգամ հայկական եկեղեցիներն ու վանքերը քանդված էլ լինեն պետության կամ գանձագողերի կողմից, ապա պահպանվել են դրանց արձանագրությունները։ Խնդիրը վերաբերում է ոչ թե հայերին, այլ այն մեծ զանգվածին, որն այսօր իրեն ընդունում է որպես զազա, քուրմանջի քուրդ, ալևի, մուսուլման ալևի և անգամ քուրդ, և որը տարակարծիք է այն հարցում, թե ալևիականությունն առանձի՞ն կրոն է, թե՞ մահմեդականության մի ճյուղը, և մինչև իսկ դեռ չի կողմնորոշվել այն հարցում, թե ալևիականությունը կրո՞ն է, թե՞ ոչ։
Քանի որ Դերսիմը/Թունջելին տարբեր ժամանակաշրջաններում մեծ տարածք է գրավել, ապա հիմնականում բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան ու Արևելյան Դերսիմի։
Ներկայում այնտեղ բնակվող ժողովրդի կողմից Դերսիմ կոչվող այս շրջանը, ինչպես վերը նշեցինք, հայկական աղբյուրներում հիշատակվում է Ծոփք անվամբ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե պատմական Դերսիմ անվանումը կոնկրետ երբ է ի հայտ եկել և ինչ նշանակել, ապա այս առումով հավաստի տեղեկություններ չկան․առաջ են քաշվում տարբեր տեսություններ միայն։ Դրանցից մեկի համաձայն՝ այդ անվանումը բաղկացած է երկու վանկից՝ Դեր և Սիմ։ «Դեր» վանկը նշանակում է «դուռ» կամ «եկեղեցի», իսկ Սիմը՝ «արծաթ», և Դերսիմ անվանումը բացատրվում է որպես «Արծաթե դուռ» կամ «Արծաթե եկեղեցի»։ Դերսիմ անվան առաջացման վերաբերյալ մի տարածված պատմության համաձայն՝ Տեր Սիմոն անվամբ մի հայ հոգևորական է եղել, ով հավանաբար Ջալալիների ապստամբության պատճառով իրեն և իր համայնքին որպես ալևի է ներկայացրել և այդպիսով կարողացել փրկվել կոտորածից ու կողոպուտից։ Հետագայում ալևիների փիր՝ հոգևոր առաջնորդ, մինչև իսկ «փիրերի փիր» դարձած այս անձի անվան հիման վրա էլ սույն շրջանը կոչվել է Դերսիմ։ Թեև տվյալներ կան՝ առ այն, որ հետագա ժամանակաշրջաններում ևս հայկական համայնքը, պահպանվելու նպատակով, ալևիականություն է ընդունել, հայ հոգևորականներն էլ, որպես սեիդ կամ փիր, շարունակել են իրենց պարտականությունները, սակայն բավականին բարդ է իմանալը, թե նման դեպքերը կոնկրետ որ թվականներին և ինչ հարաբերակցությամբ են գրանցվել, և Դերսիմի ներկայիս աշիրեթներից որոնք են ալևիացած հայերից ձևավորվել։ Բայց և այնպես, խոսակցություններ ու տեղեկություններ կան այն մասին, թե որոշ աշիրեթներ (Դերսիմի սահմաններից դուրս գտնվող որոշ քրդական աշիրեթների նման) ունեն հայկական արմատներ։ Դրանց շարքում է հայդարան աշիրեթը։ Ենթադրվում է, թե այդ աշիրեթի անվան առաջին վանկը բաղկացած է «հայ» արմատից։ Այս ենթադրությունը կարող է ճիշտ լինել, բայց կարող է նաև ուղղակի անվան պարզ նմանություն լինել։ Մեր ձեռքի տակ գտնվող տվյալներն առայժմ բավարար չեն՝ այդ խնդիրների լուծմանը հասնելու համար։ Սակայն նոր տվյալների բացահայտման և/կամ ավելի ընդարձակ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է առավել կոնկրետ պատասխաններ գտնել այս հարցերին։
Թեև ներկայում, իհարկե, այլևս անհնար է ճշտել, թե Տեր Սիմոն անվամբ հոգևորական իրոք գոյություն ունեցել է, թե ոչ, այնուամենայնիվ հայտնի փաստ է, որ անցյալում հարկադրաբար կամ կամավոր կերպով, իսկ առավելապես «հարկադրանքին ի պատասխան կամավոր կերպով» կրոնափոխության դեպքերը բավականին հաճախ ու տարածված ձևով հանդիպել են թե օսմանյան և թե հանրապետական դարաշրջաններում։ Ներկայում որպես թուրք, քուրդ, արաբ և ալևի ապրող այդ մարդկանց թիվը, որոնց մեծ մասն այլևս անտեղյակ է անգամ իր իսկական ագզային պատկանելիության մասին (իսկ այն փաստի մասին, որ պետությունը «փողոց առ փողոց, տուն առ տուն» գիտի և դեռ հետևում է նրանց, տեղեկացել ենք Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ Հալաչօղլուից), որոշ ենթադրությունների համաձայն, միլիոնների է հասնում։ Հայերի՝ ալևիականություն ընդունելու փաստը ևս չի վերաբերում միայն «հին ժամանակներին»։ Քաջ հայտնի փաստ է, որ հայերն ամենավերջին անգամ այդ միջոցին են դիմել 1937-38 թթ․ Դերսիմի կոտորածների հետևանքով, քանի որ այդ մարդիկ ներկայում ողջ են։ Միայն վերջին 125 տարվա ընթացքում այդ տարածքներում 3 մեծ բռնի իսլամացման և զանգվածային բնաջնջման ալիք է բարձրացել։ 1894-96 թթ․ աբդուլհամիդյան ջարդերի, 1915 թ․Ցեղասպանության և 1937-38 թ․Դերսիմի կոտորածների ժամանակ մարդիկ ոչ միայն զանգվածաբար սպանվել են, այլ նաև, սեփական կյանքը փրկելու նպատակով, հայերի, ալևիների և ասորիների մի նշանակալի մասը դիմել է կրոնափոխության միջոցին։ Քանի որ քրիստոնյաներն ու հայերը ամենաշատն են ճնշումների և հետապնդումների ենթարկվել, Դերսիմի շրջանում բնակվող հայերի թիվը, հատկապես 1937-38 թթ․դեպքերից հետո, շատ է նվազել, նրանց վանքերն ու եկեղեցիները կանգուն չեն մնացել, տեղի հայերը կողոպտվել են, իսկ հայ հոգևորականները՝ սպանվել։ Այս մթնոլորտում հայերը խառնվել են տարբեր ալևիական աշիրեթների, ցեղեր, որոնց հետ միասին էին ապրում Դերսիմում, ընդունել են նրանց հավատքը և, եթե տեղին է ասել, «հարմարվել են տվյալ տարածքին»։ Ալևիների հումանիստական և ծայրահեղությունից զուրկ հավատքն էլ, բնականաբար, դրական նպաստ է ունեցել այս առումով։ Իսկ տարբեր շրջաններում կրոնափոխ լինելով՝ թուրք կամ քուրդ մուսուլմանների մեջ ողջ մնալ հաջողած հայերը մեծ դժվարությունների են հանդիպել և, չնայած ամեն ինչի, չեն կարողացել «գյավուրի» պիտակից ազատվել։ Սակայն սխալ կլինի դրանից ելնելով՝ մտածել, թե Դերսիմի շրջանում իրենց գոյությունը պահպանած հայերն ապրել են լրիվ առանց խնդիրների, անփուշ վարդերի պարտեզում։ Թեև այստեղ նույնպես նրանք խնդիրների են հանդիպել, սակայն երբ Դերսիմը համեմատում ենք մյուս շրջանների հետ, մեր առջև տարբեր պատկեր է հառնում։ Հայերի՝ կրոնափոխ լինելով ալևիականության ընտրությունը, ըստ էության, պետք է ընդունել որպես չարյաց փոքրագույն միջոց։ Սակայն այդ փոխակերպումը չէր նշանակում, թե հայերը լիովին փրկվել էին կրոնական ճնշումներից ու հետապնդումներից։ Քանզի քրիստոնյա հայկականությունից հեռացածներն այս անգամ էլ հետապնդումների էին ենթարկվում ալևի լինելու պատճառով, քանի որ թե օսմանյան և թե հանրապետական դարաշրջաններում ալևիականությունը ևս ընդունելի չի համարվել։ Սակայն կարելի է ենթադրել, որ ալևիականությունը մուսուլման-սուննի թուրքերի և քրդերի աչքին շատ ավելի ընդունելի և հարազատ էր, քան քրիստոնյա հայկականությունը։ Իսկ իրականում, ըստ Ղուրանի, պետական պաշտոնյաների և մահմեդական հոգևորականների համար ալևիականությունը ավելի վատ էր համարվում քրիստոնեությունից, որովհետև այն «Սուրբ գիրք» ունեցող կրոն չէր։ Ղուրանի համաձայն՝ «Սուրբ գրքի» տեր կրոնի հետևորդները, այսինքն՝ քրիստոնյաներն ու հրեաները, քանի դեռ ընդունում են իսլամի գերազանցությունը և ջիզիե վճարում, պատկանում են այն կատեգորիային, որի մեջ ընդգրկված խմբերին «կարիք չկա սպանել»։ Մինչդեռ ալևիները, որպես իսլամից դուրս գտնվող և «Սուրբ գիրք» չունեցող հավատքի խմբի անդամներ, հաստատապես արժանի էին մահվան։ Ստույգ մահվան վտանգի առջև կանգնած ալևիները (օսմանյան դարաշրջանում գրանցվել են ալևիների մեծ կոտորածներ) ձգտել են փրկվել՝ առաջ քաշելով այն վարկածը, թե իրենք պատկանում են իսլամի շիա ուղղությանը, սակայն Օսմանյան կայսրության և Իրանի միջև եղած մրցակցության պատճառով նրանք համարվել են շիա իրանցիների 5-րդ շարասյուն և նորից հետապնդումների ենթարկվել։ Այսինքն՝ փորձել են անձրևից փախչել, բայց կարկտի տակ են ընկել։ Իսկ, ըստ Ղուրանի, ավելի բարվոք վիճակում գտնվող հայերը սուննի եղող օսմանցիների կրոնական ֆանատիզմի և հետագայում ի հայտ եկած ազգային ֆանատիզմի հետևանքով ավելի վատ դրության մեջ են ընկել, և ալևիացումը, չնայած վերոնշյալ վտանգներին, ավելի տեղին է համարվել՝ քրիստոնյա հայ մնալու համեմատ։ Հարկ է հատկապես հիշատակել օսմանյան սուլթան Սելիմ Առաջինի (Սելիմ Ահեղի) օրոք՝ 1514 թ․, և սուլթան Սուլեյման Կանունիի օրոք՝ 1533-34 թթ․, կատարված կոտորածների մասին։ Ալևիների ջարդերը և քրիստոնյաների դեմ ուղղված պոգրոմները չեն մնացել միայն օսմանյան պատմության մեջ, այլ շարունակվել են նաև հանրապետական շրջանում։ Վերոհիշյալ 1937-38 թթ․Դերսիմի ցեղասպանությունից բացի՝ ալևիների կոտորածներ են գրանցվել նաև Մարաշում, Չորումում, Էլբիստանում, Մալաթիայում, Սվասում (Սեբաստիա-Ակունքի խմբ.) և անգամ Ստամբուլում (Գազի թաղամասում, 1995 թ․)։ Հանրապետական շրջանում այս առումով իրենց մասնաբաժինն ստացել են նաև քրիստոնյաները։ Սեպտեմբերի 6-ը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից բանակ զորակոչված ոչ մուսուլման տղամարդկանց «բանվորական գումարտակները», Ունեցվածքի մասին հարկը այն հիմնական դեպքերն են, որ կարելի է հիշատակել։ Ամբողջ օսմանյան դարաշրջանում ավելի ապահով վիճակում գտնված հրեական համայնքն էլ, հանրապետության առաջին ժամանակաշրջանում, ողջ Եվրոպայում և հատկապես Թուրքիայում ահագնացած ազգայնականության հոսանքի հետևանքով, չի կարողացել խուսափել Թրակիայի 1934 թ․ պոգրոմներից։
Տիրան Լոքմագյոզյան
Թարգմանեց Մելինե Անումյանը