կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 17:04
Տնտեսական

50 հազար «նոր ստեղծված» աշխատատեղերի առեղծվածը

50 հազար «նոր ստեղծված» աշխատատեղերի առեղծվածը

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվարին գրանցված աշխատողների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 50 652-ով: Գործող իշխանություններն էլ շտապեցին աճի այս ցուցանիշը նախ գնահատել որպես աննախադեպ, հետո, բնականաբար, ամբողջությամբ վերագրեցին իրենց:

Այս թեմայով մեր մասնագիտական գնահատումները ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Նշված ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքի շուկայում ստվերի կրճատմամբ. անօրինական հիմքով աշխատողների հետ գործատուները կնքել են աշխատանքային պայմանագրեր:

Ոչ ֆորմալ զբաղվածության կրճատման այս գործընթացն իրականում չի ազդել գործազրկության և միջին աշխատավարձի ցուցանիշների վրա: Գործազրկության մակարդակը 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին մնացել է գրեթե ամփոփոխ՝ 20,6 տոկոս, իսկ գործազուրկների թիվը նվազել է ընդամենը 4500-ով կամ շուրջ 2 տոկոսով: Այս նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը մեր երկրի տնտեսությունում ևս ունեցել է աննշան աճ՝ շուրջ 2 տոկոս:

Դրականն էլ այն է, որ օրինականացվում են աշխատանքային հարաբերությունները: Մեր գնահատմամբ՝ պետական բյուջեն 2019 թվականին կունենա եկամտահարկի գծով շուրջ 26 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր՝ գրանցված աշխատողների թվի աճով պայմանավորված:

Այստեղ հատկանշական է նաև մեկ այլ կարևոր փաստ, որը չի բարձրաձայնվում գործող իշխանությունների կողմից: Նախ` պետք է նշենք, որ անօրինական աշխատանքի կրճատման գործընթացն ակտիվացել է` 2017 թվականից սկսած: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գրանցված աշխատողների թվի աճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նախորդ իշխանությունների օրոք՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին: Մասնավորապես` 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թիվը 509 934-ից հասել է 538 317-ի:

Փաստորեն, այս չորս ամիսներին գրանցված աշխատողների թիվն աճել է 28 383-ով, որը կազմել է, 2018 թվականի հունվարի համեմատ, 2019 թվականի հունվարին գրանցված աճի (50 652 աշխատող) 56 տոկոսը: Իսկ այս չորս ամիսներին նշված ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 7095:

2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին գրանցված աշխատողների թիվը 538 317-ից դարձել է 585 352: Ընդհանուր աճը կազմել է 47 035: Գրանցված աշխատողների ամսական միջին աճը 2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին կազմել է 5879, որը 1216-ով կամ շուրջ 21 տոկոսով պակաս է եղել՝ այդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ:

Քննարկվող հարցի շրջանակներում ներկայացնենք պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված՝ ուշագրավ մեկ այլ ցուցանիշ: Գրանցված աշխատողների թիվը 2019 թվականի հունվարին, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել է 24 766-ով կամ 4,2 տոկոսով: Ընդ որում` նախորդ ամսվա համեմատ, 2019 թվականի հունվարին աշխատողների թվի այս չափ նվազում չի արձանագրվել՝ սկսած 2017 թվականի հունվարից: Եվ սա արդեն առարկայական մտահոգություն պետք է լինի օրվա իշխանությունների համար:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ