Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1885 թ., Սիլիվրի
Բժիշկ, գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռուբեն Չիլինկարյանը 1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերոջ հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանն ու Սիամանթոն), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում: Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը:
Ծնվել է 1885 թ. փետրվարի 15-ին, Կոստանդնուպոլսին մոտակա, Մարմարա ծովի եվրոպական ափին գտնվող Սիլիվրի ավանում:
Նախնական կրթությունն ստացել է Սիլիվրիի Ասքանազյան նախակրթարանում:
1889-1901 թթ. սովորել է ամերիկացի միսիոներների Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ ավանի Բյութանիայի բարձրագույն վարժարանում:
1901-05 թթ. սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում:
Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ:
1905-11/12 թ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում:
1910 թ. Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ:
1911-14 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել:
Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է հայրենիքի ազատության պայքարի գաղափարով: Եղել է ՀՅԴ անդամ:
1908-14 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները: Կրել է Ոուբեն Սևակ գրական ծածկանունը:
1914 թ. կնոջ հետ վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում:
1915 թ., երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Մաքրիգյուղի (Մագրիքեոյ) զորամասում:
1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը:
Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:
Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայիլի աղջկան: Իսմայիլը նրան հորդորել էր իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց:
Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանս ֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը: Բոլորն էլ՝ ապարդյուն:
1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանն ու Սիամանթոն), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում:
Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 263–267: