Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Akunq.net-ն առանց կրճատումների ստորև ներկայացնում է Aykiridogrular.com լրատվական կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթի հոդվածը, որի դեմ Թուրքիայում դատական գործ են հարուցել համարձակ և օբյեկտիվ հրապարակումներ տարածելու պատճառով:
Ջևաթ Սինեթ
Այն դեպքում, երբ սպանում են ոչնչացված ժողովրդի` Եղեռնից մազապուրծ անհատներին, այն դեպքում, երբ նրանց մայրերը, հայրերը, սիրեցյալները դառը արտասուք են թափում, եթե հիմա մարդասպանին իր անունով չկոչեմ, հապա էլ ե՞րբ իրերն իրենց անուններով անվանեմ:
Երբ գնացի այն վայրը, որտեղ սպանել էին Սևակին, սիրտս ցավից ճմլվում էր: Սևակ Բալըքչըի հայրը` արտասուքն աչքերին, կյանքին էր նայում միմիայն արդարության սպասումով: Կարծես թե նրան կյանքի հետ կապող միակ բանը արդարադատության զգացումն էր: Ճիշտ այնպես, ինչպես եղբայր Հրանտի դատական գործի դեպքում: Ո’չ տիկին Ռաքելն արդարադատությունից գտավ այն, ինչ ակնկալում էր, ո’չ էլ` Սևակի ծնողներն ու հարազատները:
Պարզվում է` Քըվանչ Աղաօղլուի փաստաբանները դատական գործ են հարուցել իմ դեմ` դատական գործընթացի վրա ազդելու հավանականություն ունեցող լուր հրապարակելուս հիմքով: Անունս էլ դրել են` «Կասկածյալ Ջևաթ Սինեթ»: Պատճառը հետևյալն է. «Հայ զինվորի արկածային սպանությունը» վերնագրով տպագրածս հրապարակման մեջ (http://www.aykiridogrular.com/haber-40-Ermeni-Askere-Kazara-Cinayet.html) նշել եմ, որ այդ սպանությունը սովորական հանցագործություն չէ: Փաստաբանները բացահայտ կերպով ասել են, թե իմ կողմից հրապարակվող լուրերը «անջատողական(!)» բնույթի են, և որ իմ իրական նպատակը «Թուրքիայի Հանրապետության պետության և ազգի անքակտելի ամբողջությունը խաթարելն է»: Իբր թե այս ժողովուրդը շատ միասնական է դարձել, մենք էլ զրպարտում ենք, որ հայերը ցեղասպանության, տեղահանության են ենթարկվել: Նույնիսկ ագռավների ծիծաղը կհարուցի, ուր մնաց` մարդկանց: Փաստաբանի հայտարարությունը տառացիորեն հետևյալ կերպ է ձևակերպված. «Կասկածյալի իրական մտադրությունը բացահայտվում է այն հրապարակումներում, որոնք տպագրվում են նրա հեղինակությամբ: Նրա իրական նպատակը պետության դեմ քարոզչություն ծավալելն է, և նա դա անում է` օգտվելով իր լրագրող լինելու կարգավիճակից»:
Քըվանչ Աղաօղլուի փաստաբանները սրտակեղեք կերպով են իրենց դասը պատրաստել, որ ինձ հռչակել են Թուրքիայի թիվ մեկ անջատողականը և հայրենիքի դավաճան: Հայրենիքը ոչ մեկի մենաշնորհը չէ: Հատկապես իրավաբանների տեսակետը, դատական գործ հարուցելու ժամանակ մեղադրանք ներկայացնելիս մեկին հայրենիքի դավաճանի պիտակ կպցնելը և թիրախ դարձնելը նրանց մտայնության բացահայտ դրսևորումներն են:
Հարց 1- Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուի պատիժն արդարադատության կողմից սահմանվե՞լ է: Ո’չ:
Հարց 2-Ճիշտ Հրանտ Դինքի դատական գործի նման, մեղավորներին կարողացե՞լ են դատել, և վերջիններս ստացե՞լ են իրենց պատիժը: Ո’չ:
Պատասխան- Քանի դեռ մեղավորն իր պատիժը չի ստացել, Սևակ Բալըքչըի ծնողներն ու հարազատները չեն կարող հանգիստ գտնել: Նրանք ողջ կյանքի ընթացքում սպասելու են այդ արդարադատությանը, ինչպես դրան սպասում է տիկին Ռաքելը:
Ոչ մի դատական գործ և ոչ մի սպառնալիք Ջևաթ Սինեթին չի’ ահաբեկել և երբեք չի’ ահաբեկի:
http://www.aykiridogrular.com/haber-2227-Sevagi-Oldurmek-Serbest-Katile-Katil-Demek-Dava-Konusu.html
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net