Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ:
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող երեք երկրների ղեկավարների սույն հայտարարությունը վերջնականապես ամրապնդում է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը՝ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ, որն ավելի վաղ արտահայտվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԽ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի և Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից:
Շարունակելով մերժել տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության պահանջները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են դիրքավորվում որպես վտարյալ պետություններ՝ բացահայտ կերպով մերժելով համընդհանուր կանոններն ու նորմերը, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:
Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն համառորեն դժկամություն են ցուցաբերում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, այլև հետևողականորեն և միտումնավոր կերպով ավելացնում են ռազմական գործողությունների ինտենսիվությունը: Արցախի Պաշտպանության բանակը, որն այսօր փաստորեն պայքարում է նաև միջազգային ահաբեկչության դեմ, շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջազգային ջանքերի մեջ: Արցախի Հանրապետությունն այսուհետ ևս պատասխանատու քաղաքականություն է վարելու անվտանգության ոլորտում` ուղղված տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը:
Միաժամանակ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան բացահայտ ռազմական դաշինք են ձևավորում քաղաքակիրթ աշխարհի կողմից օրենքից դուրս հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրամայականորեն պահանջվում է ողջ միջազգային հանրության հավաքական միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ հարկադրական բնույթի, ողջ համաշխարհային հանրության համար սպառնալիք ներկայացնող Անկարայի և Բաքվի հակաօրինական գործողությունները դադարեցնելու համար:
Այս կապակցությամբ վերստին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական և արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի»:
Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:
Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: