կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 19:10
Իրավական

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ գտնվում է պահպանության ռեժիմում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել ընդունելու գործընթացը»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ հյուրանոցի պահպանության գործառույթները իրականացնում են ներկայիս սեփականատերերը, քանի որ դեռևս իրենց գույքն է:

Հարցին, թե որքա՞ն կպահանջվի պետությանը նվիրատվություն անելու համար, ՊԳԿ նախագահը չհստակեցրեց, նշեց, որ գուցե 1 ամիս կամ ավելին:

«Այդ ամենը կախված է Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կարծիքներից: Կարծում եմ, որ ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Անդրադառնալով  շենքում գործող խաղատանը՝ ՊԳԿ նախագահը շեշտեց, որ նույն գործընթացն էլ իրականացվում է խաղատան վերաբերյալ:

Նրա խոսքով՝ պետությանը նվիրատվությունից հետո շինությունն, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի որպես հյուրանոց: