կարևոր
31630 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-12 12:33
Աշխարհ Մշակույթ

«Golden Gate International Film Festival»-ի ժուրիի յատուկ մրցանակը՝ Նայիրի Բանդարեանի «Eyes on Artsakh» ֆիլմին

«Golden Gate International Film Festival»-ի ժուրիի յատուկ մրցանակը՝  Նայիրի Բանդարեանի «Eyes on Artsakh» ֆիլմին

Ամերիկաբնակ իրանահայ Նայիրի Բանդարեանի «Արցախի աչքեր» վաւերագրական ֆիլմն արժանացել է «Golden Gate International Film Festival»-ի յատուկ մրցանակի:

Վաւերագրող լուսանկարիչ Նայիրի Բանդարեանի ֆիլմը պատմում է Արցախեան 44-օրեային յաջորդած արցախցիների կեանքի մասին, երբ ռեժիսորն ընկերակցելով օգնութեան համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին նկարահանումներ է արել պատերազմին յաջորդած արցախցիների կեանքից: Նայիրիի խօսքով, նա մեկնել էր լուսանկարելու այն ցաւը, ինչը դեռ թարմ էր ու վառօդի հոտ ունէր: Բայց մտափոխւելով սկսել է նկարահանումներ անել եւ ֆութէյջներ հաւաքել, որի համար բոլոր դժւարութիւնների կողքին իր թաց աչքերն էին, որոնք յաճախ նկարահանումների պահին նախընտրում էին թեթեւացնել ներքուստ զգացւած ցաւը:

Նայիրին «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ շուրջ երկու տարի այդ ֆութէյջները պահւել են իր համակարգչում, մինչեւ փառատօնին մասնակցելու որոշում է կայացրել, եւ անցել նկարահանումների խմբագրման գործին: Արդիւնքում պատրաստւել է 17 րոպէ տեւողութեամբ «Eyes on Artsakh»-ը: Նա նշեց նաեւ, որ ֆիլմը մրցոյթ-փառատօնին ներկայացւած հարիւրաւոր այլ ֆիլմերի ցանկից յայտնւել է մրցանակային անւանակարգերի լաւագոյն 76-ի ցուցակում:

Աւելի ուշ Նայիրիին տեղեկացրել են, որ «Հայեացք Արցախին» ֆիլմը երկու «լաւագոյն ուսանողական աշխատանք»-ի եւ «Վաւերագրական ֆիլմի դերակատարուհու» անւանակարգում տեղ է գտել մրցանակին յաւակնորդների ցանկում:

«Երկու անւանակարգերի դէպքում էլ մրցանակը բաժին հասաւ այլ ֆիլմերի, սակայն ժուրիի որոշմամբ, «Արցախի աչքեր» ֆիլմը երկու այլ ֆիլմերի հետ միասին յայտարարւեց, որպէս փառատօնի յատուկ մրցանակակիր ֆիլմ»,- յաւելեց Նայիրի Բանդարեանը:

Իրանում ծնւած ու մեծացած Նայիրի Բանդարեանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանն աւարտելուց յետոյ տեղափոխւել է Լոս Անջելէս՝ զբաղւելով վիզուալ արւեստով եւ լուսանկարչութեամբ։ Նա այժմ CSUN-ում (Կալիֆորնիայի համալսարան-Նորթրիջ) վաւերագրական հրապարակումների արտադրութեան ուղղութեամբ շարունակում է ուսումը: Միաժամանակ աշխատում է վաւերագրական նախագծերի վրայ՝ իր ժամանակն ու կեանքը բաժանելով Լոս Անջելէսի եւ Արցախ-Հայաստանի միջեւ: