Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած առաջին ու դեռևս վերջին հանդիպմանը ապրիլի 15-ին Մոսկվայում հաջորդեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ համանախագահների մասնակցությամբ և Սերգեյ Լավրովի հյուրընկալությամբ: Ինչպես միշտ, այս հանդիպումից հետո հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն իր բովանդակությամբ տարբերվում էր նախորդներից ակնհայտ հումանիտար բնույթով: Վերահաստատելով երկրների ղեկավարների պայմանավորվածությունները՝ արտգործնախարարները պայմանավորվել են երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական աշխատանքներին չխոչընդոտելու, կալանքի տակ գտնվող անձանց հարազատների և լրագրողների` փոխադարձության սկզբունքով այցելություններ կազմակերպելու վերաբերյալ:
Առաջին հայացքից ակնհայտ է դրական առաջընթացը կոնկրետ պայմանավորվածությունների առումով, բայց հարցի խորքային դիտարկումն առաջ է բերում անհանգստությունների մի ամբողջ շղթա: Բանն այն է, որ Մինսկի խմբի շրջանակներում արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացած հանդիպման ընթացքում անխուսափելիորեն քննարկված պետք է լիներ կոնկրետ քաղաքական օրակարգ, որի մասին, ըստ էության, արձագանք չկա տարածված հայտարարության մեջ: Քաղաքական օրակարգի քննարկման վերաբերյալ հայտարարության բացակայությունը կարող է ունենալ երկու բացատրություն`
1) բանակցային գործընթացում առկա է քաղաքական վակուում կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով,
2) քննարկվող քաղաքական օրակարգի թեկուզ դիվանագիտական հանրայնացումը կողմերից մեկի կամ երկուսի համար հղի է ներքաղաքական խառնաշփոթ ստեղծելու վտանգով:
Հիշյալ իրավիճակներից որևէ մեկի առկայությամբ կարելի է միայն բացատրել Մինսկի խմբի համանախագահության` այդչափ հումանիտար հայտարարությունը, որն, ամենայն հավանականությամբ, արվել է բանակցային իրական գործընթացը կամ բանակցային վակուումը քողարկելու նպատակով:
Բանակցային վակուումի մասին կարծիքներն ամրապնդվում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` տրամագծորեն հակառակ դիրքորոշմամբ, օրինակ, Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու մասով: Ամեն դեպքում, չնայած պաշտոնական Երևանի հավաստիացումներին, թե առանց Արցախի ներգրավվածության բանակցային գործընթաց չի իրականանալու, պետք է նկատել, որ բանակցություններ իրականում ընթանում են, ընդ որում` սովորականից ավելի ինտենսիվորեն: Իսկ բանակցային գործընթացում մեզ համար բացասական զարգացումների մասին է վկայում նաև այն, որ հայկական կողմը սովորականից ավելի պասիվ է հայտարարությունների ու հարցազրույցների մակարդակում, մինչդեռ ռուսական ու ադրբեջանական կողմերը շատ ակտիվ են: Լավրովն արդեն իսկ խոսել է վերջին հանդիպման ընթացքում 2-3 տարի առաջ ձևավորված բանակցային փաթեթի քննարկման մասին, ինչը փորձագիտական հանրույթում հայտնի է «Լավրովի պլան» անվանումով, և որն, ի թիվս այլնի, ենթադրում է նաև ազատագրված տարածքների վերադարձ: Թե հայկական կողմն ինչքանո՞վ է համաձայնել տարիներ առաջ մշակված պլանի այս կամ այն մանրամասին, իհարկե, հույժ գաղտնի է, այդ մասին խոսել է նաև Լավրովը:
Երկրների ղեկավարների Վիեննայի և արտգործնախարարների Մոսկվայի հանդիպումները, ըստ էության, տեղավորվում են «պաշտոնական բանակցությունների» վերաբերյալ ՀՀ վարչապետի պատկերացումների մեջ: Քանի որ, երբ գործող իշխանությունները մեղադրվում էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 2016թ. գագաթաժողովների համաձայնությունները կորստյան մատնելու մեջ, վարչապետը հակադարձում էր, թե Երևանը չի հրաժարվել այդ պայմանավորվածություններից, և դրանք քննարկման առարկա են դառնալու, այսպես կոչված, «պաշտոնական բանակցությունների ժամանակ»՝ ակնարկելով իր և Ալիևի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Այժմ արդեն պարզ է, որ Հայաստանի ղեկավարությունը, ցավոք, անդարձ կորցրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչը դիվանագիտական ու քաղաքական այն գինն էր, որն Ադրբեջանը վճարեց ապրիլյան պատերազմի սանձազերծման համար:
Քննարկման այլ հարց է բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը: Գործող իշխանությունները բանակցությունների տրամաբանության վրա որևէ դրական ազդեցություն չեն ունեցել, ավելին` առավել քան երբևէ դժվարացել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձը: Ի դեպ, հասարակության և քաղաքական շրջանակների աչքից հմտորեն քողարկվեց նաև գործող կառավարության ծրագրում Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձի վերաբերյալ այն ձևակերպումը, թե` «Արցախը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Հարց է առաջանում` հեղափոխական կառավարությունը պատրաստվում է Արցախին բանակցային գործընթաց ուղեկցել կոնֆլիկտի հանգուցալուծմա՞ն ժամանակ, թե՞ բանակցային ամբողջ գործընթացին մասնակցելու համար… Սա էլ քննարկման այլ նյութ է:
Ամփոփելով` նշենք, որ բանակցային գործընթացում և, ընդհանրապես, Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրում կատարվում են հասարակությունից հմտորեն քողարկվող խորքային գործընթացներ, որոնց հրապարակայնացումը գործող իշխանությունների համար հղի է Հայաստանում, Արցախյան հիմնախնդրով պայմանավորված, նոր քաղաքական կոնյունկտուրա ձևավորելու մտավախությամբ:
Գևորգ Ղուկասյան