Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է ոտնլվայի արարողություն:Արարողությանն Արցախի թեմի առաջնորդը հանդես է եկել օրհնանքի խոսքով, որից հետո կատարել է ոտնլվայի կարգը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ ոտնլվայի կարգը կատարվում է ավագ շաբաթվա մեջ ավագ հինգշաբթի օրը, որը եկեղեցականների համար համարվում է ամենածանրաբեռնված օրը:
Խոսելով տոնի պատմության մասին՝ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է. «Հիսուս Քրիստոսը վերնատանը հավաքեց իր աշակերտներին և նրանց ոտքերի գարշապարները լվաց, որպեսզի նրանց գործունեությունը երկրի վրա սուրբ լինի: Քրիստոսն ասել է. «Ինչ որ ես Ձեզ արեցի, դուք էլ միմյանց նկատմամբ նույնն արեք»: Հետևելով Տիրոջ խոսքին՝ մենք այսօր նույնն արեցինք 12 զինվորների հետ՝ լվանալով նրանց ոտքերը: Մենք նրանց ոտքերը սրբագործեցինք օրհնված ջրով և օծեցինք յուղով, որպեսզի իրենց ծառայությունը, հայրենասիրությունը և հավատքն էլ ավելի զորեղ լինի»:
Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավատքի և ժողովրդի պաշտպանը հայ զինվորն է, այդ պատճառով էլ ոտնլվայի կարգին մասնակցելու նախապատվությունը տրվել է հենց զինվորներին:
ՊԲ ավագ գնդերեց Մանավազդ սարկավագ Մկրտչյանի խոսքով՝ ոտնլվայի արարողությանն ընդգրկել են այն զինվորներին, ովքեր եկեղեցական, հոգևոր արարողություններից բավարար գիտելիքներ ունեն: Արարողությանը մասնակցած զինվորները հավատով և ուժով էլ ավելի զորացած կշարունակեն իրենց ծառայությունը Մայր Հայրենիքին:
Մանավազդ սարկավագ Մկրտչյանն նշել է նաև, որ զինվորականների հոգևոր գիտելիքների բարձրացման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում:
Ոտնլվայի արարողությանը մասնակից սերժանտ Աշոտ Դավթյանն էլ ասել է, որ այն իր համար մեծ պատիվ է:
«Զգացողություններս անբացատրելի են, մեկ անգամ ևս ներշնչվեցի Աստծո հույսով ու հավատով: Սրբազանի ձեռամբ իրականացրած ոտնլվայի կարգը հուսադրեց մեզ՝ զինվորներիս, որպեսզի արժանի լինենք հայրենիքի զինվորը լինելու պատվին, պահպանենք մեր ազգային արժեքները և հետևենք եկեղեցական ծիսակարգերին»,-նշել է Ա. Դավթյանը: