կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 22:23
Քաղաքական

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ ի հիշատակ զոհված զինծառայողի

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ ի հիշատակ զոհված զինծառայողի

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում այսօր մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000 թվականին ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգեհանգստյան կարգը մատուցվել է Սուրբ Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի ձեռամբ: Նա նշել է, որ շուրջ մեկամյա խաբուսիկ անդորրից հետո հերթական անգամ հակառակորդի կողմից արձակված կրակոցից կյանքից ժամկետային զինծառայող հեռացել է:
«Մեզ համար անդառնալի կորուստ է և մեծ ողբերգություն, երբ մեզանից մեկը, հատկապես ծաղիկ հասակում գտնվող երիտասարդը, լքում է մեզ: Բայց մենք գիտենք, որ գտնվում ենք չավարտված պատերազմի պայմաններում և այստեղ թշնամուն մեղադրելու կամ որևէ այլ կերպ արձագանքելու կարիք չկա: Միայն թշնամուն ջախջախելով մենք կարող ենք վերջ տալ ձգձգվող պատերազմին: Մենք գիտենք, որ մեր հարևանները երբևիցե պատրաստ չեն լինելու խաղաղության: Այն կարող է միայն պարտադրվել հայկական բանակի կողմից: Ցավոք սրտի, մենք էլ ունենք ներքաղաքական տարբեր խնդիրներ և օրեցօր բաժանարար գծեր ենք նկատում մեր շրջապատում:

Մեր ժողովրդի ներսում խորանում են թշնամանքն ու ատելությունը: Սա, իրոք, սարսափելի երևույթ է: Այսօրվա միակ գործողությունը պետք է լինի մեր միաբանությունն ու միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ սերն ու հարգանքը: Այլ ճանապարհները մեզ տանելու են կործանման: Մենք պետք է բացառենք որևէ տեսակի բաժանարար գծի առկայություն, այլապես կտուժենք բոլորս: Մեր խրոխտ բանակի թիկունքում պետք է կանգնած լինի կուռ և միասնական հասարակություն: Հայ առաքելական եկեղեցին այն վայրն է, որի կամարներից ներս մտնելով պետի զրոյացվեն բոլոր զանազանություններն ու տարբերակումները: Թող Աստված ողորմի և իր լուսավոր խորանների ներքո ընդունի մեր բոլոր նահատակներին և մեզ էլ տա իմաստություն, որպեսզի արյամբ ձեռքբերված մեր հաղթանակները էժանագին շահարկումների չենթարկվեն»,-ասել է նա:
 
Արարողությանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Conifa ֆուտբոլային առաջնության հանդիսավոր բացման արարողության օրը, և յուրաքանչյուր քաղաքացու հոգու պարտքն է գալ այստեղ և մասնակցել մեր հայրենիքի խաղաղության համար նահատակված զինվորի հոգեհանգստյան կարգին: