կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 14:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախն, անկասկած, վաղուց արժանի էր անկախության․ Վիկտոր Նադեին-Ռաևսկի

Yerkir.am-ի զուցակիցն է ՌԴ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային-քաղաքական հիմնախնդիրների ավագ գիտաշխատող, Վ. Արծրունու անվան Սևծով-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին, որը Երևանում է՝ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու։

-Ինչպե՞ս եք գնահատում Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը և ինչպիսի՞ հետևանքներ նրանք ունեն այսօր։

-Այդ պայմանագրերը կնքված են ոչ լեգիտիմ կողմերի միջև՝ այն ժամանակվա միջազգային իրավական համակարգով․ եթե Խորհրդային Ռուսաստանն իր տեղն արդեն հաստատել էր, ապա Թուրքիան ընդամենը այդ ճանապարհին էր։ Մեծ հաշվով՝ ո՞վ էր ներկայացնում Թուրքիան․ Օսմանյան կայսրությունը դեռ լուծարված չէր, բայց այնտեղ արդեն կար նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, որը միջազգային իրավական ճանաչում և լեգիտիմություն չուներ։ Այնպես որ, այն ժամանակվա և այսօրվա միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթերի լեգիտիմությունը ծայրահեղ կասկածելի է։ Սա՝ առաջինը։

Երկրորդը՝ այո, դրանք պայմանագրեր են սահմանների մասին, ենթակա չեն չեղարկման, այդպիսին է միջազգային իրավական պրակտիկան, դա էր ասում ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Չնայած դրան, սահմանների հարցն էական է․ այո, իհարկե, կարելի է զբաղվել չեղարկումով, բայց այդ դեպքում օդում կախված է մնում սահմանների հարցը, այդ դեպքում կարելի է դրանցով անցնել ու դառնալ թեկուզ  ոտքով, թեկուզ ավտոբուսով, թեկուզ տանկով։ Այս պատճառով էլ այդպիսի լրջագույն որոշումներ ընդունելիս՝ պետք է ամեն ինչ ծանրութեթև անել, դա հեշտ հարց չէ։ Իհարկե, դա հայերի, վրացիների և մյուսների որոշելիքն է, քանի որ հարցը ընդամենը բոլոր 3 հանրապետություններին չի առնչվում, բայց, ցանկացած դեպքում դա հեշտ որոշում ու քննարկում չի լինելու։

-Կարելի՞ է հավատալ Թուրքիային՝ տարածաշրջանում իր խաղաղության քաղաքականության հարցում։

-Առայժմ Թուրքիան ոչ մեկին չի կարողացել ապացուցել, որ ի վիճակի է մինչև վերջ կատարելու իր պարտավորությունները, թեև, մեծ հաշվով, Ռուսաստանի հանդեպ նա դրանք կատարում է, բայց, բնականաբար եթե թուրքական պարտավորությունները ամրապնդվեն երաշխիքներով Ռուսաստանի, գուցե նաև միջազգային գործընթացի այլ մասնակիցների կողմից, ապա այդ դեպքում հենց այդպիսի վերահսկողության տակ կարելի կլինի հույս դնել այս կամ այն պայմանագրի կամ համաձայնագրի վրա։ Բայց սա էլ հեշտ հարց չէ։

-Թուրքիան կարո՞ղ է խաղաղապահ առաքելություն իրականացնել։

-Ոչ իհարկե, դա միանշանակ է, Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողմից, և հենց այդ պատճառով խաղաղապահ լինելուն նա «չի ձգում»՝ ինչպես ժողովուրդն է ասում։

-Իսկ «Զանգեզուրյան միջանցք» առաջարկը ինչպե՞ս եք գնահատում։

-Դրան համաձայնել կարելի է, բայց դրա դիմաց պետք է Ադրբեջանը միջանցք տրամադրի, որը Հայաստանը կկապի Ռուսաստանին, միայն այդ դեպքում հնարավոր կլիներ լրջորեն խոսել այդ հարցի մասին՝ համապատասխան վերահսկողությամբ, անվտանգության ապահովմամբ և այլն, այլ կերպ դա կլինի ոչ կենսունակ, չի կարելի զիջումներ պահանջել միայն մեկ կողմից և հրաժարվել սեփական զիջումներից։

-Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Արցախի հարցը պետք է լուծվեր դեռ 30 տարի առաջ, ինչո՞ւ Հայաստանը դեռ այն ժամանակ չճանաչեց Արցախի անկախությունը, դժվար է ասել, մնացած հարցերը կլուծեր Արցախի ժողովուրդը՝ լինել Հայաստանի հե՞տ, թե՞ անկախ, բայց դա հայկական իշխանությունների բացթողումն էր։

-Իսկ այսօ՞ր։

-Այսօր շատ ավելի բարդ է իրավիճակը և պետք է այն հակակշռել նաև ռազմական հնարավորություններ հետ, դա հեշտ հարց չէ։ Արցախը, անկասկած, վաղուց արժանի էր անկախության, բայց դա ճանաչված չէ, ցավոք։

Աննա Բալյան