կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 13:41
Արցախ

Ոլորտային ծրագրեր` Արցախի Շահումյանի շրջանի կայուն զարգացման համար

Ոլորտային ծրագրեր` Արցախի Շահումյանի շրջանի կայուն զարգացման համար

«Շահումյանի շրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ շրջանի Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հավսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաև շրջանի մի շարք պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ», մեզ հետ զրույցում նշեց գործարար կառավարման մասնագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մեր զրուցակիցը Շահումյանի շրջանում էր`  բացահայտելու և կազմելու ծրագրեր, որոնք կնպաստեն շրջանի տնտեսական զարգացմանը: Նախաձեռնությունը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանինն է:

 «Դեռ անցած տարվա վերջում ինձ դիմեցին իմ ընկերները Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեից` խնդրելով գալ Շահումյանի շրջան և փորձել բացահայտել ծրագրեր, որոնք կդառնան շրջանի տնտեսական զարգացման խթանները, որոնք կպահանջեն թե՛ մասնավոր ներդրողների ներկայություն, թե՛ պետական աջակցություն, ինչպես նաև` պետություն-մասնավոր հատված գործընկերության ֆորմատ», տեղեկացրեց Արթուր Խաչատրյանը: Մասնագետը նշեց, որ այստեղ է` փորձելու հասկանալ, թե որոնք կարող են լինել շրջանի տնտեսական զարգացման ուղիները, որոնք են շրջանի մրցակցային առավելությունները` համեմատած այլ շրջանների հետ, հասկանալ, որոնք են շրջանի այն ուժեղ կողմերը, որոնց վրա կարելի է հենվել և մշակել շրջանի զարգացման ծրագիր:

 «Պետք է հստակ հասկանալ, որ այստեղ խոսքը ոչ միայն պետական, այլև մասնավոր ներդրումների մասին է: Պետությունը կարող է ենթակառուցվածքներ ստեղծել` տնտեսական զարգացման համար, էժան վարկային գծեր բացել, սուբսիդավորել վարկային գծեր, այլ աջակցության ծրագրեր մշակել, բայց գործարար ծրագրեր պետք է լինեն նաև մասնավոր ներդրողների կողմից: Կազմվելիք ծրագրերը մասնավոր հատվածի մոտ հետաքրքրություն կարող են առաջացնել շրջանի հանդեպ` գալ և կատարել սեփական ուսումնասիրությունը` բիզնես սկսելու համար», ընդգծեց մեր զրուցակիցը:

 Ամփոփելով ճանաչողական այցի առաջին արդյունքները` Արթուր Խաչատրյանը նշեց, որ շրջանի առաջնային զարգացման ուղղություններից է գյուղատնտեսությունը:

«Շրջանը խորհրդային տարիներին, մինչև ազատագրվելը, բավականին խոշոր գյուղատնտեսական կենտրոն է եղել, այդ պոտենցիալը կա և այն պետք է օգտագործել: Խոսքը թե՛ անասնաբուծության (խոշոր և մանր եղջերավոր), թե՛ բուսաբուծության, թե՛ մեղվապահության մասին է»: Ըստ մասնագետի` գյուղատնտեսության ոլորտները զարգացնելիս կարևոր է հաշվի առնել, թե որոնք են այն գործոնները, որ շրջանը դարձնում են եզակի: «Օրինակ, ամենուր հայտնի է Քարվաճառի մեղրը` որպես մաքուր, որակյալ արտադրանք: Մանաշիդում այցելել և զրուցել եմ գոմշաբուծությամբ զբաղվողների հետ: Եթե մենք չենք կարող մասսայական արտադրություն տալ, պետք է թեկուզ քիչ քանակությամբ, բայց բարձրակարգ ու յուրահատուկ արտադրանք  առաջարկել»:

Զարգացման հաջորդ ճյուղը զբոսաշրջությունն է: «Շրջանում շատ են թե՛ պատմաճարտարապետական, թե՛ բնական հուշարձանները: Բոլորին լավ հայտնի է Դադիվանքը, որն, իհարկե, ամեն առումով հուրահատուկ հուշարձան է: Սակայն այն միակ տեսարժան վայրը չէ շրջանում», ընդգծեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ զբոսաշրջությունից իրական շահույթ ստանալու համար պետք է զարգացնել սպասարկման ոլորտը` ունենալ մաքուր և մատչելի հյուրանոցներ և զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է զբոսաշրջիկին գոնե մեկ գիշեր պահել շրջանում:

Ըստ մեր զրուցակցի, մանրամասն ծրագրեր կազմելու համար այցելությունները շարունակական են լինելու: «Շրջանի վարչակազմի աշխատակազմից ստացել եմ որոշակի տեղեկություններ` գյուղատնտեսական ոլորտի, զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպում եմ ունեցել նաև հանրապետության ղեկավարության հետ` ծանոթանալու տնտեսության ու գործարարության խթանման ծրագրերի հետ և փորձելու այդ ծրագրերը լավագույնս օգտագործել շրջանի զարգացման համար: Հաջորդ քայլով հստակեցվելու է համագործակցության ձևաչափն ու անցնելու ենք գործնական աշխատանքներին», -ամփոփեց մեր զրուցակիցը: 

Նշենք, որ ծրագրերը կկազմվեն ըստ զարգացման ոլորտների և կտեղայնացվեն շրջանի համայնքներում:


«Նոր Շահումյան» թերթ

Թամարա Գրիգորյան