կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 19:55
Հասարակություն

Ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Սեպտեմբերի 18-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան  ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ Արցախի ԱԳՆ պատվիրակությունը՝ Արցախի ԱԳՆ գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։

Հայաստանի և Արցախի ԱԳՆ պատվիրակությունների կազմում ներգրավված համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանգամանալից քննարկեցին գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը և խորացմանն առնչվող հարցեր:

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախարար Մայիլյանը մեծապես կարևորեց Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուրվագծելու երկու գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության առավել ընդլայնման հեռանկարները: 

Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արցախյան կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծեց երկու արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի շրջանակներում պարբերական հանդիպումների և փոխայցերի անցկացման կարևորությունը։ 

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահ Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում առկա սերտ համագործակցությունը՝ առանձնահատուկ կարևորելով նման ձևաչափով շփումների պարբերականության պահպանումը: