Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստում, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացմամբ, այսօր քննարկվեց և հաստատվեց որոշման մի նախագիծ: Կառավարությունը, վերադառնալով նախկին կարգավորմանը, հնարավորություն տվեց առնվազն մինչև տարվա վերջ շարունակելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ երեք ծրագրեր: Խոսքը վերաբերում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» և «2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման» ծրագրերին:
Մասնավորապես` մինչև 2019 թվականն այս ծրագրերը իրականացվել են ոլորտում առաջատարներ համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Հիմք ընդունելով օբյեկտիվ այն հանգամանքը, որ այս ծրագրերը բացառիկ են և կարող են իրականացվել միայն կոնկրետ կազմակերպությունների միջոցով` մինչև 2019 թվականը, կառավարությունն այդ կազմակերպություններին տրամադրել է ուղղակի դրամաշնորհ՝ որպես ծրագրերի մասնակի ֆինանսավորում: Ի դեպ, պետական բյուջեից բացի, ծրագրերն ունեն նաև համաֆինանսավորում:
2019 թվականից այս ծրագրերի ֆինանսավորման ձևը ևս փոխվել է և ընդհանուր հիմունքներով դարձել մրցույթի ընթացակարգով: Փաստորեն, այս դեպքում ևս անտեսվել են ծրագրերի բովանդակային առանձնահատկությունները և բացառիկությունը: Որպես արդեն իսկ ձևավորված բացասական գործելակերպ՝ այս դեպքում ևս որոշիչ է դարձել մրցութային հիմքով ֆինանսավորում ապահովելու` համընդհանուր ձգտումը:
Արդյունքում,` տեխնոլոգիաների ոլորտում կառավարության ռազմավարական նպատակադրումներից բխող այս ծրագրերը կանգնած էին փաստացի դադարեցման խնդրի առաջ: Սա անխուսափելիորեն հանգեցնելու էր նաև ոլորտի զարգացման համար շահագրգիռ կողմերի հետ պետության արդյունավետ համագործակցության ապախթանման առարկայական ռիսկերի:
Բարեբախտաբար, երեք ամիս ուշացումով հաղթեց քաղաքականության բովանդակային պատասխանատու գերատեսչության դիրքորոշումը, և այս անգամ ևս կառավարությունն ուղղեց բյուջետավորման գործընթացում իր թույլ տված բացթողումն ու վերադարձավ ֆինանսավորման նախկին ձևին, որը նմանատիպ դեպքերում հնարավոր և միակ արդյունավետ ձևն է: Ընդ որում՝ բացառիկ բնույթ ունեցող ծրագրերի իրականացման համար կազմակերպություններին պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորումը «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջն է, որն առնվազն երեք ամիս ուշացումով կատարվեց կառավարության կողմից: Արդյունքում` վերջապես վերացվեցին արհեստականորեն ստեղծված խոչընդոտները՝ ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրերի շարունակությունն ապահովելու համար:
Սակայն շարունակում է առնվազն զարմանալի մնալ այն, որ պատկան մարմինների կողմից տևական ժամանակ կազմակերպված տարբեր քննարկումների արդյունքում հնարավոր չի լինում պարզել պետական ֆինանսավորմամբ իրականացվող առանձին մի շարք ծրագրերի բացառիկ բնույթը, որն, ի դեպ, շատ դեպքերում նույնիսկ ակնհայտ է: Ի սկզբանե հաշվի չեն առնվում այդ ծրագրերի համար պատասխանատու պետական մարմինների կողմից հստակ ներկայացվող դիրքորոշումները: Եվ ֆինանսավորման մեխանիզմին առնչվող ինչ-որ տեխնիկական խնդիրներ հարուցելու արդյունքում ձախողման եզրին են հասցվում տարբեր ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:
Պարզ չէ նաև, թե նման խնդիրներ ունեցող քանի՞ ծրագրեր դեռ կան, որոնք, հուսանք, առաջիկայում կստանան իրենց լուծումները՝ կվերադարձվեն իրենց ֆինանսավորման նախկին ձևին և չեն դադարեցվի:
Նմանատիպ ծրագրերից մեկի մասին էլ կառավարությունը որոշում կայացրեց իր նախորդ նիստում: Այս ծրագրի բացառիկ նշանակությանը և ձախողման իրական ռիսկերին ու հետևանքներին վերջին օրերին մանրամասն անդրադարձել ենք: Խոսքը վերաբերում է մինչև 2019 թվականը պետական-մասնավոր գործընկերությամբ արդյունավետ իրականացվող «Արմաթ» լաբորատորիաներին, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Այս լաբորատորիաների թիվը ներկայումս 260-ն է՝ վերապատրաստված շուրջ 300 խմբավարներով: Այնտեղ հաճախում և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող գիտելիքներ ու հմտություններ է ստանում շուրջ 6500 աշակերտ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ