կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 13:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի»․ Ս․ Սարգսյան

Մինչ լրագրողների հետ հարցուպատասխանը Ս․ Սարգսյանը մի քանի փակագծեր բացեց, թե ինչու է ընդունել ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը․ «Չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ ենն հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: Բայց ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում էի նայել նրանց աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այնտեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը` պարտվել: Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները», – հայտարարեց նախագահ Սարգսյանը։

Հնարավո՞ր էր կանխել կամ խուսափել Ապրիլյան պատերազմից, ՀՀ երրորդ նախագահը հստակ պատասխանեց․ «Համոզված եմ՝ հնարավոր չէր»,- ապա շեշտեց․ «Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը: Այսպիսով, պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում․