Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ցույց տալով, որ երբեմնի բարեփոխիչ քաղաքական գործիչը դարձել է ավտորիտար առաջնորդ:
«Դա Էրդողանի կյանքի ընթացքը և դրա հետ մեկտեղ Թուրքիայի ապագան վերափոխող մի ելույթ էր: Ստամբուլի առաջին իսլամիստ քաղաքապետը 1997 թ. Սիիրթ (Սղերթ) քաղաքում հանրահավաքի ժամանակ մի բանաստեղծություն կարդաց: Ամբոխը ոգևորությամբ ընդունեց ելույթը, սակայն աշխարհիկ պաշտոնյաները գոհ չէին: Էրդողանն ուղարկվեց բանտ, և նրա վրա քաղաքական արգելք դրվեց: Հենց այս հանգամանքը նրան հնարավորություն տվեց հետագա ընտրություններում հաղթանակ տանելու»,- գրում է թերթը` հավելելով, որ 1990-ականներին բանտում անցկացրած 4 ամիսները նրան փոխեցին:
Հոդվածում նշվում է, որ Էրդողանի իշխանության ժամանակ Թուրքիան լուրջ քայլ կատարեց ԵՄ անդամակցության ուղղությամբ, մահապատիժը վերջնականապես վերացրեց: Էրդողանի պաշտոնավարման առաջին տարիներին նրա խոսքում նկատվում էր լիբերալ առաջնորդի տոնայնություն, նա հարգանք էր ցուցաբերում ազգային փոքրամասնությունների նկատմամբ, նույնիսկ ՔԲԿ-ի հետ սկսել էր զինադադարի բանակցությունները: «Այդ շրջանում նրա խոսքում պոպուլիզմը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի մակարդակին էր,- գրում է թերթը:- Էրդողանի պաշտոնավարման առաջին շրջանում փոխվարչապետ Աբդուլլաթիֆ Շեները ցույց էր տալիս, թե կենտրոնացել են իրենց չհամակրող թուրքերի վստահությունը գրավելու վրա, իսկ հետագա տարիներին պետական կառույցը վերածվեց մանիպուլյացիաներում հմտացած քաղաքական վարպետի»:
Ըստ հոդվածի` թեև 2007 և 2010 թթ. սահմանադրական բարեփոխումների շնորհիվ կանանց և աշխատավորների իրավունքները մեծացան, սակայն փոփոխությունները ամրապնդեցին նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ուժը, և կրոնական պահպանողականության առումով նոր շրջան սկսվեց, որն արդեն ժողովրդավարության հետ քիչ եզրեր ուներ:
«Էրդողանի առաջնորդությամբ բանակի դեմ «մենամարտ» սկսվեց: 2011 թ. ԱԶԿ ամենախոշոր հաղթանակից հետո հայտարարեց, որ «վերնախավի ճնշումներին վերջ է տրվել»:
2007-2014 թթ. ուսումնասիրությունների արդյունքում պոպուլիզիմը հասել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մակարդակին: 2016 թ. հեղաշրջման փորձից հետո էլ նրա կարիերայի ամենատևական պոպուլիստական ելույթների շրջանն է սկսել»,- գրում է թերթը` հավելելով, որ անցյալ տարի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ ճանաչվել է «ամենապոպուլիստ» առաջնորդ:
Թերթը նշում է, որ վերջին տարիներին Էրդողանը վիճել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, աաուդյան արքայազնին ճանաչել է որպես Թուրքիային թուլացնել ցանկացող նոր թշնամի, իսկ հեղաշրջման փորձից հետո երկու տարի տևած արտակարգ դրության ընթացքում 160 հազար դատական ոլորտի ներկայացուցիչ, ակադեմիկոսներ, ուսուցիչներ, ոստիկաններ և պաշտոններ կորցրել են իրենց աշխատանքը, ընդդիմադիր մամուլն էլ փակվել է. Թուրքիան աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրն է և տեղ է գտել Transparency International-ի «անազատ երկրների» ցուցակում:
Թերթն ամփոփում է` Էրդողանի սահմանադրական բարեփոխումները նշանակում են, որ մինչև 2029 թ. մնալու է նախագահի պաշտոնում: