Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցում առաջին քայլը պիտի կատարի հայ համայնքը. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: «Իհարկե, պետությունն էլ իր կողմից պիտի իր քայլը կատարի, որից հետո էլ կսկսվի ընտրական գործընթացը: Այստեղ կան տեսական կողմեր, բայց մյուս կողմից էլ բռնապետությունը կարող է խոչընդոտներ ստեղծել, որովհետև միշտ էլ այդպես է` Թուրքիան միշտ էլ իր շահերից ելնելով է գործում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երկարատև ծանր հիվանդության հետևանքով վախճանվել է Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պատրիարքի մահվանից 40 օր հետո Թուրքիայում կսկսվեն նոր պատրիարքի ընտրությունները: Մինչ ժամկետի լրանալը`Թուրքիայում 40 օր շարունակ սուգ է հայտարարված:
Լոքմագյոզյանը նաև խոսեց իր և Մութաֆյանի մտերմության մասին: Նա ասաց, որ սրբազանի հետ նույն դպրոցում են սովորել: «Մութաֆյանը հետո ուսանելու նպատակով գնացել էր ԱՄՆ, իսկ ես` Գերմանիա, բայց զուգադիպությամբ երկուսս էլ մեր ուսումն ավարտելուց հետո վերադարձանք Ստամբուլ: Մենք մտերիմ էինք, ու նույնիսկ ընկերական խմբով շաբաթական մեկ կամ երկու անգամ հանդիպում ու զրուցում էինք մինչև ուշ գիշեր: Սրբազանը նոր ավյուն բերեց Պոլսո հայ համայնքին, երբ ԱՄՆ-ից նոր էր վերադարձել` անգլերեն իմացությամբ, արտասահմանում կրթված երիտասարդ էր: Այդ ժամանակաշրջանում երիտասարդները բավականին հեռացել էին եկեղեցուց, և նրա գալով` երիտասարդությունը համախմբվեց պատրիարքարանի շուրջը, եկեղեցու նոր շարժում սկսվեց: Հետագայում, երբ նորից խժդժություններ սկսվեցին պատրիարքի աթոռի շուրջ, երիտասարդությունը կրկին հիասթափվեց ու հեռացավ»,- պատմեց Լոքմագյոզյանը:
Նա պատիարքի աթոռի արժանի թեկնածու է համարում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, թեև կարծում է` շանսերն այնքան էլ մեծ չեն, քանի որ Թուրքիան կանգնած է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողքին: «Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կդառնա: Այս պահի դրությամբ կա 3 թեկնածու, բայց ամենաշատը քննարկվում է Աթեշյան սրբազանի թեկնածությունը: Վերջին շրջանում նա բակականին շատ քվեներ կորցրեց, իհարկե, սակայն անպես չէ, որ նա էլ իր կողմնակիցները չունի: Բացի այդ` եթե Թուրքիան ցանկանա այդտեղ տեսնել Աթեշյան սրբազանին, ապա հավատացած եղեք, որ մնացած ոչ աթեշյանականների մեծ մասն էլ կանցնի նրա կողմը, քանի որ պետությունը նրան է նախընտրում: Նրանք մտածում են`ուրիշին ընտրելու դեպքում, միևնույն է, չի անցնելու, և իրենք ամբողջ համայնքով հնարավոր է խնդիրներ ունենան: Դրա համար ավելի լավ է պետությանն ընտրել: Թուրքիան այսօր էլ կանգնած է Աթեշյանի կողքին: Դա շատ նորմալ է: Նրանք ճանաչում են Աթեշյանին, աշխատել են նրա հետ»,- նշեց Լոքմագյոզյանը:
Ըստ նրա` ով էլ Հայոց պատրիարք դառնա, ավտոմատ կերպով ստանում է Թուրքիայի քաղաքացիություն: Թուրքագետը նաև հայտնեց, որ կա Սահակ սրբազան Մաշալյանի թեկնածությունը. նա տեղի մարդ է ու ճանաչված է:
Անդրադառնալով վերջերս Անկարայում Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպմանը`թուրքագետը հավաստիացրեց, որ այն ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջև է, այլ Մայր Աթոռի և պետության: «Գուցե սա մեզ համար արտակարգ է, բայց իրականում նորմալ գործընթաց է: Սա պետական դիրքորոշում է: Թուրքիայի դիվանագիտությունը շատ բարձր մակարդակի վրա է. այն իր դիվանագիտական պարագաները շատ լավ գործարկում է: Իմ կարծիքով` Թուրքիան ինչքան էլ հակահայկական տրամադրվածություն ունենա, ներքին ճանապարհներով կապեր ունենալը նրան պետք է: Այստեղից երևում է, որ պետության և Մայր Աթոռի միջև, այնուամենայնիվ, կարող են կապեր ստեղծվել, տեսակցություններ լինել: Սա էլ դրանցից մեկն էր: Թե ո՞րն էր նպատակը, չեմ կարող ասել, քանի որ դա փակ դռների հետևում տարված խոսակցություն էր: Հանդիպումը հետաքրքական է այն առումով, որ մենք տեսանք`նման դիվանագիտական կապեր կարելի է ստեղծել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատառ գրառմանը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ` Լոքմագյոզյանը նշեց. «Էրդողանի հայատառ գրառումը մի ժեստ էր հայկական համայնքին, սակայն դրանից պետք չէ ինչ-որ բաներ սպասել, հատկապես` Էրդողանի դեպքում: Նա կարող է այսօր հակահայկական ելույթ ունենալ, իսկ վաղը հայերի նկատմամբ մի այսպիսի ժեստ օգտագործել: Պետք չէ մոռանալ, որ կա նաև արտասահմանի գործոնը, ինչպես նաև աշխարհին` իրեն լավ ցույց տալու հանգամանքը: Կա նաև մի երրորդ գործոն` այս ամսվա վերջին Թուրքիայում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թուրքիայում էլ գրառումը մեծ տարածում գտավ, ու շատ մեկնաբանություններ կային գրված հենց թուրքերի կողմից, որոնք ցույց են տալիս այսօրվա թուրք ժողովրդի մտածելակերպը և հոգեկերտվածքը: Իհարկե, մեկնաբանություններ գրողների մեծ մասն անգամ չէր հասկացել`դա ինչ է կամ ինչ լեզվով գրություն է: Մարդիկ կային, որ իրենց հեռախոսը գլխիվայր էին շրջում`մտածելով, որ տառերը շուռ տված էին գրված: Մեկը մյուսին էր հարցնում, թե սա ինչ է: Նրանց մի մասը մտածում էր, որ Էրդողանի էջը հաքերային հարձակման է ենթարկվել: Շատ քիչ մարդիկ էին հասկացել, որ գրառումը հայերեն է, ու լուրջ էին վերաբերվում այդ գրությանն ու անգամ ցավակցություն հայտնում պատրիարքի մահվան կապակցությամբ»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը: