Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի գրառմանը՝ նշելով.
«Այս հարցին չէի անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ երեխայի լավագույն շահի որոշման հարցում, այնուամենայնիվ ծնողի կարծիքը առաջնային է, բայց քանի որ Tigran Kocharyanը այս հարցի հետ կապված ինձնից հրապարակային դիրքորոշում և գործողություն է ակնկալում, ապա կարտահայտեմ իմ կարծիքը հույսով, որ ծնողների որոշումների վրա որևէ կերպ այն կազդի։
Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։
Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։
Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։
Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։
Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։
Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում»։