կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 13:47
Տարածաշրջան

Եկեղեցական կանոնադրությունը երաշխիք կլինի պատրիարքի ընտրության հարցում. Տիրան Լոքմագյոզյան

Եկեղեցական կանոնադրությունը երաշխիք կլինի պատրիարքի ընտրության հարցում. Տիրան Լոքմագյոզյան

 Թուրքիայի Հայոց պատրիարքության պատրիարքի տեղապահի ընտրությունը խճճված վիճակում է: Այս տեսակետին է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

«Թեև պետության (Թուրքիայի) կողմից հնարավորություն ստացանք ընտրություն անցկացնելու, բայց դարձյալ սկսեցինք հետ քայլեր անել: Բոլորն ուրախացել էին, որ սայլը տեղից շարժվել էր, ու տեղապահի ընտրությունը նշանակվել էր հունիսի 27-ին, բայց վերջին պահին պետության կողմից նամակ ստացվեց, որ ընտրությունը պետք է հուլիսի 4-ին անցկացվի: Կրքերը դարձյալ բորոբոքվեցին: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Facebook-ի իր էջում ինչ-որ բողոք արտահայտեց, դրան հաջորդեց Արամ սրբազանի պատասխանը: Նա էլ Սահակ սրբազանին էր մեղադրում խառնաշփոթյուն ստեղծելու մեջ: Սպառնում էր բացել հին տետրերը և այլն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լոքմագյոզյանը:

Ըստ նրա` պատրիարքի տեղապահի ընտրության շուրջ չդադարող խառնաշփոթը պատրիարքարանի փակ, գաղտնի գործելաոճի հետևանք է նաև: Նշեց, որ կրոնական փակ ժողովից հետո ոչ ոք չի իմացել, թե ինչ է տեղի ունեցել: Թուրքագետը հստակեցրեց` ոչ միայն ընտրություններ էին փակ, այլև ընտրվողներն էին նրանց միջից, ու այլ եպիսկոպոսներ, որ Ստամբուլից չէին, բայց համապատասխանում էին պահանջներին, հնարավորություն չեն ունենա մասնակցելու ընտրություններին:

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք թուրքական իշխանությունները չեն միջամտում պատրիարքի տեղապահի ընտրություններին, Լոքմագյոզյանը պատասխանեց. «Գլխավոր խնդիրն այն է, որ ներքին կանոնադրություն չունենք: Իմիջիայլոց, Էջմիածինն էլ չունի կանոնադրություն: Մի քանի տարի առաջ այդ խնդիրն առաջ էր բերվել ու որոշվել էր կանոնադրություն պատրաստել, բայց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել էր, թե միայն ինքն է որոշելու` ինչպիսին է լինելու կանոնադրությունը, ինչն էլ, իհարկե, հակազդեցության էր արժանացել: Այն ժամանակ երջանկահիշատակ Մեսրոպ Մութաֆյան սրբազանը, որ դեռ պատրիարք էր, պաշտոնավարում էր, դեմ էր եղել Գարեգին Բ-ի ասածին` շեշտելով, որ եպիսկոպոսները պետք է որոշող լինեն այդ հարցում: Միայն մեկ փաստաթուղթ կա` մնացած 19-րդ դարից` Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից: Բայց դա արդեն ժամանակավրեպ է ու չի ընդունվում պետության կողմից: Եթե Օսմանյան կայսրությունը շարիաթով ղեկավարվող երկիր էր, այսօրվա Թուրքիան դրան չի ենթարկվում: Ամեն անգամ պատրիարքի ընտրության ժամանակ այստեղից-այնտեղից ինչ-ինչ կետեր ենք վերցնում ու դրա համեմատ փորձում ինչ-որ բան անել: Ու ամեն անգամ ամեն պատրիարքի ընտրության ժամանակ նույն խնդրի առաջ ենք կանգնում: Պետք է կանոնադրություն ունենանք, ի վերջո, սակայն ամեն անգամ, երբ ավարտվում է պատրիարքի ընտրությունը, մոռանում ենք դրա մասին»:

Մեր մյուս հարցին` եթե կանոնադրություն լինի, ո՞րն է երաշխիքը, որ թուրքական իշխանությունները չեն միջամտի ընտրություններին, թուրքագետն արձագանքեց` երաշխիքն այն է, որ եթե կանոնադրություն լինի, այն պետք է ընդունվի թուրքական իշխանությունների կողմից: Իսկ եթե իշխանությունն ընդունում է այն, ապա դեմ գնալ չի կարող: