կարևոր
2680 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-31 14:28
Քաղաքական

Դիարբեքիրում համաժողով կկազմակերպվի «Հայերն Օսմանյան կայսրությունում» խորագրով

Դիարբեքիրում համաժողով կկազմակերպվի «Հայերն Օսմանյան կայսրությունում» խորագրով

Թուրքիայի Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդարանը Դիարբեքիրի Դիջլե համալսարանի հետ համագործակցությամբ հունիսի 2-ին Դիարբեքիրում կկազմակերպի «Հայերն Օսմանյան կայսրությունում․ գիտություն, մշակույթ և արվեստ» խորագրով գիտական համաժողովը։

Այս մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի լրատվական կայքէջը։ Աղբյուրի համաձայն՝ համաժողովից բացի, Դիարբեքիրում և Մարդինում հայ կաթոլիկների համար պատարագներ կմատուցվեն՝ արքեպիսկոպոս Լեւոն Զեքիյանի ձեռամբ։
Համաժողովը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ուրբաթ օրը, Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Սուրբ Հովսեփ հայ կաթոլիկ եկեղեցում։

Տեղական ժամանակով ժամը 14։00-ին մեկնարկող համաժողովին բացման խոսքով հանդես կգա Դիջլե համալսարանի ռեկտորը՝ դոկտոր, պրոֆ․ Մեհմեդ Քարաքոչը, իսկ ամփոփոիչ ելույթով՝ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Գերապայծառ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը։
Համաժողովին գիտնականները զեկուցումներ կներկայացնեն օսմանյան ժամանակաշրջանում հայ համայնքի գիտական ու մշակութային գործունեության վերաբերյալ։

Արքեպիսկոպոս Զեքիյանը հունիսի 3-ին՝ շաբաթ օրը, պատարագ կմատուցի Դիարբեքիրի հայ կաթոլիկ եկեղեցում, իսկ հունիսի 4-ին՝ կիրակի, Գերապայծառ Լեւոն Զեքիյանը կվերաօծի Մարդինի Սուրբ Հովսեփ հայ կաթոլիկ եկեղեցին, որի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և պատարագ կմատուցի այստեղ։

https://www.agos.com.tr/tr/yazi/28694/diyarbakir-da-sempozyum-osmanli-imparatorlugu-nda-ermeniler
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net