կարևոր
17548 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-26 22:05
Արցախ Հասարակություն

ՀՀ քաղաքացի դառնալն արցախցիների երազանքն է եղել 70 տարի ու շարունակում է մնալ, բայց ներկա իրավիճակում դա շատ վտանգավոր կլինի․ բռնի տեղահանվածի կագավիճակը պետք է պահվի․ Արմեն Սարգսյան

ՀՀ քաղաքացի դառնալն արցախցիների երազանքն է եղել 70 տարի ու շարունակում է մնալ, բայց ներկա իրավիճակում դա շատ վտանգավոր կլինի․ բռնի տեղահանվածի կագավիճակը պետք է պահվի․ Արմեն Սարգսյան

ՀՀ իշխանությունները թե՛ Հայաատանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայտարարում են, թե, իբր, ճիշտ կլինի, որ Արցախից բռնի տեղահանվածներն ընդունեն ՀՀ քաղաքացիություն։ Արցախցիները 70 տարուց ավել պայքարել են, որ ՀՀ քաղաքացի դառնան, 90-ականների շարժումը հենց դրա համար էր։ Եվ այն, որ Արցախը հռչակվեց անկախ պետություն, դարձյալ հեռանկարում Հայաստանի հետ վերամիավորման տեսլականն էր, այսինքն՝ միշտ էլ արցախցիների երազանքն է եղել ՀՀ քաղաքացի դառնալը, բայց ներկա իրավիճակում այդ քայլին գնալը շատ վտանգավոր է։ Եթե տեղի ունեցածից հետո Արցախից բռնի տեղահանվածները դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ապա ինքնաբերաբար փակվելու է Արցախի հարցն ու Արցախ վերադառնալու ճանապարհները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանը։

«ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանվածները կորցնելու են հայրենի բնօրրան վերադառնալու հնարավորությունը։ Այսինքն՝ բռնի տեղահանվածի կարգավիճակը պահելը շատ կարևոր է հետագայում Արցախ վերադառնալու առոււմով։ Շատ վտանգավոր կլինի նաև, եթե փորձեն մի քանի հազար բռնի տեղահանվածների հետ տանել Արցախ՝ առանց կարգավիճակի։ Երկու դեպքում էլ արցախցիներին բռնի տեղահանելու փաստից, մեղքից Ադրբեջանն իրեն կազատի։ Երկրորդ դեպքում նախ՝ ամբողջ աշխարհով մեկ կհայտարարեն, թե տեսեք, իբր, հայերն ինքնակամ եկել են, ու ով ուզում է՝ կարող է գալ ու ապրել։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անհնար է ապրել, մյուս կողմից էլ դա նշանակելու է, որ արցախցի երիտասարդները պիտի ծառայեն ադրբեջանական բանակում, այսինքն՝ հայը պետք է կռվի հայի դեմ, ինչը, բնականար, անհնար է։ Այստեղ լուրջ կասկածներ են առաջանում կապված ՀՀ ղեկավարի այն պնդումների հետ, թե արցախցիների վերադարձն Արցախ ապահովելու համար բավարար կլինեն անվտանգության երաշխիքները։ Արցախին կրագավիճակ տալու կարևորության մասին ՀՀ ղեկավարը ոչ մի բառ չէր ասում նաև շրջափակման ողջ ընթացքում․ պարբերաբար ընդգծում էր միայն անվտանգության ու իրավունքների ապահովումը, բայց, կրկնում եմ, կարգավիճակի տրամադրումը կարևորագույն հարցն է, որը մինչև լուծում չստանա, վերադարձի թեման չի կարող քննարկվել»,-ասում է Սարգսյանը։

Առհասարակ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետի հնչեցրած բազմաթիվ հայտարարություններ են լուրջ մտահոգությունների ու կասկածների հիմք տալիս։ Սարգսյանը հիշեցնում է՝ 2018-ին Փաշինյանն ասում էր, թե Արցախը Հայաստան է, 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, թե, իբր, Արցախն Ադրբեջան է։ Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ երկու տարվա մեջ լրիվ հակառակ մտքեր հնչեցին ՀՀ ղեկավարի շուրթերից․

«Ցանկացած հարց լուծելու համար՝ այդ թվում Արցախի հարցը, պետք է նախ վերլուծել իրավիճակը, հետո նպատակ դնել ու հասկանալ, թե ինչպես, ինչ քայլերով ես հասնելու նպատակիդ։ Հիմա, երբ վերլուծում ենք, հաշվի ենք առնում այն, որ ՀՀ ղեկավարը, ինչպես նաև հայ ժողովրդի մի ստվար մաս համարում են, որ 44-օրյա, 2023թ․ մեկօրյա պատերազմում ամեն ինչ արել են, այսինքն՝ իրենցից կախվածն արել են, բայց պարտվել ենք, հարց է առաջանում, թե այդ ինչպես է ստացվել, որ Արցախի կորստից, 150 հազար հայրենակիցների բռնագաղթից հետո ՀՀ և Ադրբեջանի շփումներն ավելի են սերտացել։ Սովորաբար, երբ մի երկիր մեկ այլ երկրի, ազգի ներկայացուցչին սպանում է, երկրների հարաբերություններն առնվազն սրվում են, իսկ այս դեպքում հակառակին ենք ականատես լինում։ Այդ ինչպես ստացվե՞ց, որ Արցախը Հայաստան էր, հետո «դարձավ» Ադրբեջան։ Եթե որպես ղեկավար՝ Փաշինյանը չի կարողացել վերլուծել իրավիճակն ու ճիշտ քաղաքականություն վարել, որի արդյունքում կորցրել ենք Արցախը, ուրեմն պետք է հրաժարական տա, քանի որ որպես ՀՀ ղեկավար՝ վարչապետը նաև 150 հազար արցախցիների անվտանգությունը պետք է կարողանար ապահովել։ Իսկ եթե իր այն պնդումը փորձենք վերլուծել, թե, իբր, միջազգային հանրության, դերակատարների պահանջն ու դիրքորոշումն է պատճառը, որ հետո էլ Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել, նկատենք, որ նույն միջազգային դերակատարները՝ ԱՄՆ-ն, Եվրոպան ու ՌԴ-ն, շուրջ երեսուն տարի մեկ հարթակում՝ Մինսկի խմբի շրջանակում Արցախի հարցի շուրջ քննարկումներ էին անում։ Եթե, ինչպես ինքն է ասում, այդ դերակատարները չէին ընդունում, որ կա Արցախին կարգավիճակ տալու անհրաժեշտություն, ապա ինչո՞ւ են այդքան ժամանակ գաղափարներ քննարկել, հիմնախնդրի կարգավորման ճանապարհները փորձել գտնել։ Ի դեպ, Մինսկի խումբը միակ հարթակն էր, որտեղ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համատեղ աշխատում էին։ Այս ամենը համադրելով՝ ակնհայտ է դառնում, որ ինչ-որ բան այստեղ այն չէ»,-ասում է մեր զրուցակիցն ու հավելում՝ լուրջ կասկածներ կան, որ ՀՀ իշխանությունները ո՛չ նպատակ են դրել, ո՛չ էլ ուզում են, որ բռնի տեղահանված արցախցիներն Արցախ վերադառնան։

Բռնի տեղահանությունից հետո արցախցիների առջև ծառացող արհեստական խոչընդոտները, որոնք դրդում են բռնի տեղահանվածներին դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն, Սարգսյանի համոզմամբ, կարելի է շատ հեշտ լուծել մի շարք օրենսդրական կարգավորումներով և ոչ թե բռնի տեղահանվածի կարգավիճակից մարդկանց զրկելով՝ փակել նաև ապագայում Արցախ վերադառնալու ճանապարհը։

Աղբյուր` Փաստինֆո