Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Կառավարությունից հայտնում են, որ դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ:
Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի տվյալ տարածաշրջանի բնակչությանը:
Վարչապետին տեղեկացվել է, որ դպրոցի շինաշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսին: Ուսումնական հաստատությունը կհամալրվի ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումն ու ընդգծել, որ դրանք պետք է պահել մշտական հսկողության ներքո:
Դպրոցը նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 432 աշակերտի համար: Վարչապետին զեկուցվել է, որ երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:
Դպրոցի նախկին շենքը 88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել է: Այսօր ուսուցումն իրականացվում է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:
Նորակառույց դպրոցը նախատեսված է ապամոնտաժված դպրոցի տարածքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ:
Տեղեկանք. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն ԱՄՆ դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 18900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: