Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ. փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ, գործադիր վարչությունը, «ԿարիտասՎրաստան»-ի ղեկավար կազմը՝ Բեն Բեթ Յադեգարի և Անահիտ Մխոյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները՝ (ԱՏՁՄ) Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, լաբորատորիայի սաները և այլ հյուրեր Վրաստանից ու Հայաստանից:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն իր ելույթում նշեց, որ այսուհետ Ջավախքի պատանիները և աղջիկները իրենց ազատ ժամանակը տնօրինելու լուրջ հնարավորություն են ստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտում: Նաև հավելեց.
«Արմաթ բառը կարելի է հասկանալ որպես հայկական մաթեմատիկա, որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս խոսել զարգացման հեռանկարների մասին»:
Կարեն Վարդանյանի խոսքերով, Արմաթ-Հեշտիայի սաները հնարավորություն ունեն առաջ ընկնել մյուս պատանիներից, քանի որ այսպիսի կոմպլեքս լաբորատորիաներ շատ քիչ են անգամ աշխարհի զարգացած երկրներում: Այս լաբորատորիաները շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործել և գումար վաստակել: Անկախ նրանից Սան-Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում:
«Ձեզ շատ շնորհակալություն, որ նման խիստ պայմաններում եք ապրում: Մենք գալուց տեսանք ճանապարհը և կփորձենք անպայման վրացական իշխանություննրի հետ համագործակցել, և խնդրել, որպեսզի ճանապարհի հարցը լուծեն», – ելույթի իր խոսքում նշեց Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:
«Կարիտաս Վրաստանի» գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվել է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ և կարևորեց համագործակցության շարունակականությունը:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ուրախությամբ փաստեց, որ բացվում է արդեն 2-րդ «Արմաթ» լաբորատորիան Ջավախքում: Առաջինը բացվել է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի հովանավորությամբ Ախալքալաքում:
Ավանդույթի համաձայն, ԱրՄաթ-Հեշտիայի բացման կարմիր ժապավենը կտրեցին լաբորատորիայի սաները, որից հետո հյուրերը ծանոթացան լաբորատորիային և նրանում ներդրված ծրագրերի հնարավորություններին, ինչպես նաև երեխաների պատրաստած աշխատանքներին:
Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: