Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքներին ուղղված սպառնալիքներին, նշեց, որ սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու: «Եթե այդ սպառնալիքները չեզոքանան, ԱԱԾ-ում չի գործի պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը»,- ասաց նա։
Վանեցյանը նշեց, թե սպառնալիքները մշտական բնույթ են կրում: «Երբեմն ավելի են բարձրանում, երբեմն իջնում են, բայց սպառնալիքները միշտ կան»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Սեդրակ Քոչարյանի` իրեն դատի տալու որոշմանը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ, և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք: Քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։ Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածել, նախաձեռնությունը եղավ նրանց կողմից: Քաղհայցը, որը ներկայացվել է նրա դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսում արված արտահայտության համար: Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան: Ի սկզբանե ես հերքել եմ: Անմեղության կանխավարկած չի խախտվել»:
Անդրադառնալով հարցին` երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամներին: Նրանց ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես` որպես սպա, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ»:
Նա հավելեց, որ Քոչարյանների ընտանիքի հետ որևէ անձնական խնդիր չունի, և այս հարցը անձնավորել պետք չէ: