Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: Նման որոշում է ընդունել Կառավարությունը` նոյեմբերի 24-ի նիստում։
«Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։ Սա կարևոր բարեփոխում է մեր անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում»,- նշեց Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե, եթե անհրաժեշտություն լինի՝ ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել․ «Այո, ՊՊԾ-ն դառնում է վարչապետին ենթակա մարմին, ուզում եմ ընդգծել, որ սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է։ Մենք շատ ենք քննարկել, թե արդյոք արժի այսպիսի փոփոխություն անել, թե ոչ ու եկել ենք եզրակացության, որ արժի այդպիսի փոփոխություն անել, այդ թվում՝ ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնացնելու հնարավորություն տալով, իսկ մեր ընկալումն այն է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ ԱԱԾ-ն պետք է շատ լուրջ կարողություններ ունենա»,- ասաց վարչապետը։
Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:
«Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:
Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշվում է որոշման նախագծում։