կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-19 13:05
Առանց Կատեգորիա

Սահմանախախտների թվի կտրուկ աճ` հեղափոխությունից հետո. Թուրքիայի հատուկ ծառայությունը գործի է անցել

Սահմանախախտների թվի կտրուկ աճ` հեղափոխությունից հետո. Թուրքիայի հատուկ ծառայությունը գործի է անցել

Սահմանն ապօրինի խախտելու դեպքերը կտրուկ ավելացել են

Վերջին շրջանում հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձերի աճ է գրանցվել: Yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն` տեղեկանալու, թե 2018-ի ապրիլ ամսից մինչև 2018-ի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում (հարցումն ուղարկելու օրը) հայ-թուրքական սահմանի ապօրինի խախտման քանի դեպք է գրանցվել: Ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ այս տարի վերոնշյալ ժամանակահատվածում արձանագրվել է հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 13 դեպք: Ի դեպ, 2017-ի ապրիլից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել էր հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 3 դեպք: Ստացվում է` այս տարվա նույն ժամանակահատվածում սահմանն ապօրինի խախտելու դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4 անգամ:

Ինչպես են ճշտում սահմանախախտի ինքնությունը, ինչ պատիժ է սպասվում նրանց

Սահմանախախտների հետ կապված` ՀՀ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի: ՀՀ պաշտպանության նախարարությունն, օրինակ, սահմանն ապօրինի խախտողին հայտնաբերելուց հետո նրան փոխանցում է ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն էլ նախ ուսումնասիրություն է կատարում, օպերատիվ միջոցառումներ իրականացնում` ճշտելու  համար նրա` ով լինելը: Սահմանն ապօրինի խախտողների մոտ հաճախ անձի ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի լինում, ավելին` երբեմն լինում են նաև կեղծ փաստաթղթեր, ուստի ԱԱԾ-ն նախ տարբեր հաշվառումներով, Ինտերպոլի միջոցով ճշտում  է սահմանախախտի ազգությունը: ԱԱԾ-ն իր նախապատրաստած նյութերը Քննչական գլխավոր վարչություն է փոխանցում, ինչպես նաև տեղեկացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, իսկ ԱԳՆ-ի միջոցով` համապատասխան երկրի  հյուպատոսությանը: Սահմանախախտի` ով լինելը պարզելուց հետո դեպքի մասին տեղյակ է պահվում Միջազգային միգրացիոն ծառայությանը, ՄԻՊ-ի գրասենյակին: Եթե անձին կալանավորելու որոշում չի կայացվում, սահմանախախտին միգրացիոն ծառայության միջոցով ժամանակավոր կացարան է տրամադրվում` մինչև փաստաթղթավորումը, որից հետո նա արդեն կարող է հեռանալ երկրից: Ինչ վերաբերում է կալանքի դեպքերին, ապա այն կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով, այն է.

«1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վերապահված քաղաքական ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում ՀՀ»:

Կարմիր խաչի առաքելությունը` երկխոսության հաստատումից մինչև հայրենադարձություն

Սահմանախախտների հետ կապված էական անելիքներ ունի նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գործում է որպես անկողմնակալ, չեզոք միջնորդ և կողմերին առաջարկում իր մարդասիրական ծառայությունն  այդ անձի վերաբերյալ: Մասնավորապես` խոսքը սահմանախախտին պարբերաբար այցելելու, նրա պահման պայմանները ստուգելու, ինչպես նաև նրա հանդեպ վերաբերմունքին ծանոթանալու  մասին է: «Կարմիր խաչի գործառույթների մեջ է մտնում նաև կապի հաստատումն այդ անձի և նրա հարազատների հետ, քանի դեռ նա անազատության մեջ է` անկախ այն հանգամանքից, թե որ երկիր է նա տեղափոխվում: Բացի այդ` Կարմիր խաչը կողմերի համաձայնության, ինչպես նաև այդ անձի համաձայնության պարագայում նրա հայրենադարձումն է կազմակերպում: Այս ամենը մենք անում ենք` հիմնվելով մեր հանձնագրի վրա, որը բխում է Ժնևի կոնվենցիայից»,- ասաց Ամատունին:

Ի դեպ, սահմանն ապօրինի հատող անձինք կարող են լինել ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Երկու դեպքում էլ Կարմիր խաչն անելիք ունի:

Ժնևի` 1949-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշվում է, որ անաչառ մարդասիրական կազմակերպությունը` այնպիսին, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Իսկ, ահա, կոնվենցիայի 4-րդ կետի համաձայն էլ` կոնվենցիայի պաշտպանության տակ են այն անձինք, որոնք կոնֆլիկտի կամ օկուպացման դեպքում ինչ-որ պահ և ինչ-որ ձևով հայտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի կամ օկուպացված այն տերության իշխանության ներքո, որի քաղաքացիները չեն հանդիսանում նրանք:

Զառա Ամատունին տեղեկացրեց նաև, որ Կարմիր խաչի կոմիտեն բանակցություններ չի վարում, այլ երկխոսություն է իրականացնում: Երկխոսությունն, ըստ Ամատունու, այն անհրաժեշտ ֆորմատն է, որի շրջանակներում գործում են` հիշեցնելով բոլոր կողմերի պարտավորությունները: «Դա մեզ հնարավորություն է տալիս մուտք գործելու տարածք, որտեղ պահվում է այդ անձը: Մենք` որպես չեզոք միջնորդ, որևէ գնահատական չենք տալիս այս կամ այն դեպքի առնչությամբ»,- ասաց նա:  

Ովքեր են սահմանախախտները, ինչ նպատակով են հատում սահմանը

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով` հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքերի աճի պատճառները տարբեր են: Նրա հավաստմամբ` պատճառներից մեկը տարածաշրջանային զարգացումներն են` փախստականների` դեպի Եվրոպա տարբեր ուղիներ փնտրելու, առավել դյուրին զարտուղի ճանապարհներ հայտնաբերելու և այդ ուղղությամբ մարդկանց տեղափոխելու միտումը: Մյուս պատճառը, ըստ Նահապետյանի,  տարածաշրջանում Թուրքիայի գերակտիվացմամբ է պայմանավորված: «Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է ազգային ուխտի` սահմանների վերականգնման գործընթացի իրականացմանը: Գնում է ագրեսիվ քաղաքականություն, ինչի մասին է փաստում Վրաստանում թուրքական կապիտալի, մզկիթների քանակի աճը, պատգամավորների թվի աճը, որոնք լոբբինգ են անում Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահը: Ազգային ուխտի իրականացման ճանապարհին Հայաստանը Թուրքիայի համար խոչընդոտ է»,- ասաց նա:

Ըստ փորձագետի` սահմանն ապօրինի խախտելու դեպքերի կտրուկ աճի համար կա ևս մեկ պատճառ` քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական դիվանագիտական հարաբերություններ չկան, թուրքական հատուկ ծառայությունները կարող են ստուգել մեր սահմանապահների զգոնությունը` հաշվի առնելով, որ մայիսին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Նահապետյանի գնահատմամբ` սահմանախախտների միջոցով գուցե նաև ստուգում են` որքանո՞վ են նոր իշխանություններն իրականացնում իրենց գործառույթները` այնպես, ինչպես նախկինո՞ւմ էր, թե՞ ոչ: «Դրա համար, բնականաբար, սահմանախախտների թիվը պետք է ավելանա, որպեսզի տարբեր ուղղվածությամբ  մասնագիտական փորձարկումներով իրենք ստուգեն զգոնությունը, տեխնիկական սպասարկումը, անձնակազմի մասնագիտականը որակավորումը տե՞ղն է, թե՞ ոչ:  Այսինքն` Թուրքիայի հատուկ ծառայությունը փորձում է ճշտել մեր զգոնությունը»,- ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով` այսպիսով, սահմանախախտները կա'մ հատուկ ծառայությամբ են Հայաստան գալիս, կա'մ էլ մարդիկ են, որոնք Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից խնդիրներ են ունեցել ու վերջում են անցնել հարևան երկիր` հետապնդումից խուսափելու համար:

Նահապետյանը կարծում է, որ առաջիկայում ոչ միայն սահմանն ապօրինի խախտելու դեպքերի թիվը կարող է էլի ավելանալ, այլ նաև գուցե որոշ սադրանքներ լինեն: «Տեսեք`  ԱՄՆ նախագահը վերջերս հայտարարեց միջին և կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու ցանկության մասին: Մյուս կողմից` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկիր է, և ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ՆԱՏՕ-ի հրամկազմի համար Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի առանցքային դերակատարում ունեցող պետություն է, այլևս թշնամի երկիր է, և նման որակավորում արդեն իսկ տրված է: Իսկ թշնամի երկրի հետ չհայտարարված, բայց պատերազմում են: Այդ տրամաբանության մեջ եթե նայենք, ԱՄՆ-ը, դուրս գալով այդ պայմանագրից, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Ռումինիայում և Լեհաստանում տեղակայում է միջին հեռահարության հրթիռներ: Ռուսաստանի պարագծով մեկ ՆԱՏՕ-ն զորքեր է տեղակայում, իսկ Թուրքիան այդ առումով առանձնահատուկ դերակատարում ունի, քանի որ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի ամենաուժեղ, բազմամարդ երկիրը: Այս ամբողջի կոնտեքստում Հայաստանն էլ, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, դիտվում է որպես թշնամի երկիր»,- ասաց Նահապետյանը` հավելելով, որ եթե այս ամենը դիտենք աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ լարումների մեծացման համատեքստում, ապա առաջիկայում ոչ միայն սահմանախախտման դեպքերի աճ կնկատվի, այլ նաև կարող են լինել լուրջ սադրանքներ:

Ըստ ռազմական փորձագետի` Թուրքիան կարող է լուրեր տարածել, որ, օրինակ, քրդական ստորաբաժանումներ են անցել Թուրքիա և ահաբեկչական գործողություններ կատարել: Հայկական կողմը, Նահապետյանի հավաստմամբ, պետք է այդ սադրանքներն ընդունի Թուրքիայի` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի համապատասխան կառույցների աշխատանքի հետևանք և պատրաստ լինի: Նման սադրանքները, նրա գնահատականով, ոչ այնքան էֆեկտիվ են արդյունքի առումով, որքան իրենց դերակատարումն են ունենում քարոզչական դաշտում: Նույն սադրանքներն, ի դեպ, Թուրքիան արեց Սիրիայում, Իրաքում:

Ի դեպ, մեր` ԱԱԾ ուղարկած հարցումից հետո էլ օրերս` նոյեմբերի 7-ին, հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալել են ևս 4 անհայտ անձանց. նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։

Կարինե Հարությունյան