կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 13:46
Տարածաշրջան

Հայաստանը և Վրաստանը հարգում են միմյանց անվտանգային նախապատվությունները. Դավիթ Տոնոյան

Հայաստանը և Վրաստանը հարգում են միմյանց անվտանգային նախապատվությունները. Դավիթ Տոնոյան

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել  Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Այցի շրջանակում վրացի պաշտոնյան արդեն հանդիպել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ, և ստորագրվել է 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը: 

Ըստ այդմ՝ ընթացիկ տարին հագեցած է լինելու պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, ռազմական բժշկություն, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացում, մարդու իրավունքներ, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Ի դեպ, Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագիր ստորագրվում է` սկսած 2010 թվականից:

«Հայաստանը և Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում: Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտպանական ոլորտին, ապա համակարծիք եմ այն մտքին, որ այս ուղղությամբ պետք է ընդլայնել համագործակցությունը՝ ներառելով նորանոր ոլորտներ: Ուզում եմ նշել, որ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգությանը միտված ուղղվածությունները՝ հավատալով ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա ուրախությամբ նշեց, որ Հայաստանի նոր կառավարության կազմավորումից հետո վրացի առաջին բարձրաստիճան հյուրը ներկայացնում է պաշտպանական ոլորտը:

Իր հերթին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հավելեց, որ կարևորություն է տալիս իր այցին մի երկիր, որի հետ Վրաստանն ունի երկարաժամկետ բարեկամական կապեր: 

«Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են գերատեսչությունների միջև հարաբերությունների խորացմանը: Ցանկանում եմ առանձնացնել մեր համագործակցության այնպիսի նոր ուղղություն,  ինչպիսին պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումն է, որի շրջանակում վրացական կողմը պատրաստ է իր փորձառությունը, առաջավոր փորձը փոխանցել հայ գործընկերներին»,- շեշտեց վրացի նախարարը:

Լևան Իզորիան հիշեցրեց, որ  վրացի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին՝ բարձր գնահատելով հայ զինվորականների մասնակցությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում անցկացվող զորավարժություններին: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի իր ներգրավվածությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում կազմակերպվող միջացառումներին: