կարևոր
1342 դիտում, 5 ժամ առաջ - 2025-12-15 22:12
Հասարակություն

Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն

Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

««Հետև՛ս գնա, սատանա՛» (Մատթ. 16։23). Պետրոս առաքյալին տրված Քրիստոսի այս խոսքն ուղղված էր ոչ թե բացահայտ չարին, այլ այն մտածողությանը, որը բարության շղարշով առաջարկում էր խաչից խուսափելու ճանապարհը։ Այդ նույն տրամաբանությամբ են հնչում այսօր Եկեղեցու իբր բարեփոխումների ծամծմված եւ մակերեսային առաջարկները։

Երբ աշխարհիկ իշխանությունը՝ թողած իր պարտականությունները, սեփական ձախողումներից հասարակությանը շեղելու անթաքույց մղումով խոսում է Եկեղեցու «վերափոխման», «արդիականացման» կամ «ժողովրդավարացման» մասին, – կրկնում է նույն հին մոլորությունը՝ Աստծո հայտնությունը ենթարկել ժամանակի աշխարհիկացման ոգուն եւ չարամիտ հեռահար նպատակների իրագործմանը։

Եկեղեցին քաղհասարակություն չէ՝ կոչված սպասարկելու հանրային պահանջարկը, այն էլ՝ դեմագոգների կրթական անբավարար ցենզի, անմաքուր նպատակների, արտաքին կործանարար ուժերի պատվիրակման, վճարովի սուրբ եւ սրբարար խաղալու պայմաններով։ Այն պահից, երբ Եկեղեցուն առաջարկվում է «հարմարեցվել մարդուն», նա դադարում է լինել Քրիստոսի Եկեղեցի և վերածվում է գաղափարախոսական գործիքի։

Երբ իշխանությունը փորձում է սահմանել հոգևոր կյանքի չափանիշները, դա այլևս համագործակցություն չէ, այլ բիրտ միջամտություն։ Շրջանառվող առաջարկների խորքային վտանգը ոչ թե դրանց արտաքին բովանդակության մեջ է, այլ ենթադրության՝ որ պետությունն ունի չափանիշ՝ որոշելու, թե որն է եկեղեցու առաքելությունը հասարակության մեջ։ Սա արդեն ոչ թե բարեփոխում է, այլ եկեղեցաբանական շեղում՝ Եկեղեցու բնության աղավաղում։

Ավելին՝ երբ իշխանությունը խոսում է Եկեղեցու անունից կամ նրա փոխարեն, մտնում է այն տարածք, որտեղ իրեն իշխանություն տրված չէ։ Եվ այստեղ էլ հնչում է ավետարանական խիստ պատասխանն այն մոլորությանը, որը բարության դիմակով է գալիս․

«Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու խորհում ես ոչ թե այն, ինչ Աստծունն է, այլ այն, ինչ մարդունն է»։

Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի եւ պարտադրանքի։ Պատրաստ է երկխոսել, բայց ոչ՝ առևտուր անել ճշմարտության հաշվին։

Եվ սա է նրա միակ «քաղաքականությունը»՝ հավատարիմ մնալ Քրիստոսին եւ քրիստոնեական վարդապետությամբ թրծված եկեղեցական ավանդությանը, նույնիսկ երբ այդ հավատարմությունը անհարմար է իշխանություններին»։