Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստում սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի ընկեր` գործով տուժող Վլադիմիր Սիրեկանյանը հայտարարեց` ինքը դեմ է համաներում կիրառելուն: Նա դատարանին պատմեց, որ գնդի գրավման ժամանակ, երբ Մկրտչյանն արդեն վիրավոր էր, ու երբ նրան այդ վիճակում բերեցին նրա պահման վայրի կողքի սենյակը, նա միայն խնդրում էր օգնել իրեն: «Նրա վիճակն այնպիսին էր, որ միայն դա էր կարողանում ասել»,- հավելեց Սիրեկանյանը:
Նա նկարագրեց, որ Մկրտչյանի ձախ ձեռքից արյունը ծորում էր մինչև ոտքերը, նա ամբողջությամբ արյան մեջ էր: Սիրեկանյանը չկարողացավ խոսել այդ մասին առավել մանրամասն, քանի որ հուզվում էր:
Ամբաստանյալներից մեկի ճշտող հարցին, թե Մկրտչյանին ինչպե՞ս են տարել, Սիրեկանյանն արձագանքեց, որ չի տեսել:
Գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը միջամտեց` հարցնելով. «Ասում եք՝ Ձեր մտերիմ ընկերն է, ու Դուք տեսադաշտից բա՞ց եք թողել՝ ինչպես են նրան տանում»:
Վլադիմիր Սիրեկանյանն առարկեց, որ ինքը միտումնավոր տեսադաշտից բաց չի թողել Մկրտչյանին դուրս տանելու պահը: «Ես ուրիշ սենյակում էի, Մկրտչյանն առաջին սենյակում էր, ինձ անընդհատ ասում էին՝ այս կողմ գնա, այն կողմ գնա, այդ պատճառով չեմ տեսել»,- նշեց նա:
Հարցին էլ՝ ո՞վ է կրակել Մկրտչյանի վրա, ճշտե՞լ է Մկրտչյանից, Սիրեկանյանը պատասխանեց, որ չի հարցրել, քանի որ իր համար արդեն իսկ պարզ էր, թե ով է կրակողը:
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը տուժող Սիրեկանյանից ճշտեց, թե Մկրտչյանի որ մասից էր արյուն ծորում: «Ճիշտ է, Դուք ասացիք, բայց նորից եմ ուզում ճշտել»,- ասաց նա:
Սիրեկանյանը վստահեցրեց, որ, իր հիշելով, ձախ ձեռքից էր ծորում, և նա ամբողջությամբ արյան մեջ էր: Այս պնդման հիման վրա Մկրտչյանի կինը դիմեց դատարանին. «Հարգելի՛ դատարան, այսինքն՝ նրանք չէին կարող չնկատել, որ արյունահոսում է»:
Սիրեկանյանը նաև հավելեց, որ երկու հեռախոս է ունեցել գունդ մտնելիս, բայց դրանք վերցրել են ու միայն մեկն են վերադարձրել: Նա հավաստիացրեց`կրել է նաև այլ նյութական վնաս: «Մեքենայիս մեջ, որը գտնվում էր գնդի տարածքում, 114 հազար դրամ է եղել, հետո չկար, թե ով տարավ, չգիտեմ»,- ասաց նա: