|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար և ՀՀԿ կողմից գլխավոր դատախազի թեկնածու ներկայացված Արթուր Դավթյանը: ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
Մասնավորապես` «Սասնա ծռեր»-ի անդամների դատավարության, նրանց համաներում շնորհելու հավանականության մասին, նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՊՊԾ գունդը գրավողների կամավոր հանձնման դեպքում մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնելու հայտարարության վերաբերյալ Արթուր Դավթյանն ասաց. «Համաներման կիրառման մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք այս պահի դրությամբ: Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանի հայտարարությանը՝ հանձնվելու մասով, այո, այն հոդվածները, որոնցով հարուցվել էր կոնկրետ քրեական գործը, և մեղադրանքներ են առաջադրվել, դրանք ունեն խրախուսական նորմեր, բայց թե որքանո՞վ խրախուսական նորմերով փաստերն առկա են, դա ցույց կտա քննությունը: Այսինքն` քննությամբ պետք է հիմնավորվի` արդյո՞ք մենք ունեցել ենք կամովին պատանդների ազատ արձակում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե՞ ոչ»:
Իսկ թե ի՞նչ փուլում է երեք ոստիկանների մահվան գործով քննությունը, Արթուր Դավթյանը նշեց, որ շատ օպերատիվ քննություն է ընթանում, առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, կհրապարակվեն տեղեկություններ: Մինչ այդ նախաքննությամբ գաղտնիք համարվող տեղեկությունները չեն կարող հրապարակել, թեև արդեն կան արդյունքներ, և «Սասնա ծռեր»-ի ձերբակալված անդամներից կոնկրետ մարդկանց մեղադրանքներ կառաջադրվեն:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի «Սասնա ծռեր»-ի գործողությունների վերաբերյալ, արդյո՞ք դա ահաբեկչություն էր, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես կխոսեմ մասնագիտական դաշտից: Հարգելինե\'րս, իրականացվում է նախաքննություն, դեպքից մոտ երկու ամիս է անցել: Իրականացված նախաքննության արդյունքներով` պարզաբանման ենթակա հանգամանքների շրջանակը բավական մեծ է: Այս պահին կարող եմ ասել, որ մենք քրեաիրավական գործող գնահատական` որպես ահաբեկչություն, չունենք տված: Իսկ հետագան ցույց կտա քննությունը»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՊՊԾ գունդը գրաված անձանց հաց տանող Արթուր Սարգսյանի ձերբակալությունը, Արթուր Դավթյանը պատասխանց, որ նրան այս պահի դրությամբ առաջադրված է մեղադրանք՝ զինված խմբի անդամներին աջակցելու, օժանդակելու մասով: Նրա մեղադրանքի նկարագրությունը, որը գաղտնիք չէ, ըստ Դավթյանի, չի արտացոլում հաց տանելը, քանի որ նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ և իր գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործողության արդյունավետությունը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Արթուր Դավթյանը մարդկայնորեն ճիշտ է համարում քրեական հանցագործներին հաց տանելը, գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց. «Իհարկե, հաց տանելը չի կարող սխալ կամ վատ բան համարվել, բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ, այլ ունեինք մի արարք, որը մեղադրվում է ոչ հաց տանելու համար: Հետևաբար` իրավական ու մարդկային առումով դատապարտվել է ոչ հաց տանելը»: