կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 14:10
Իրավական

ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում  իրականացվել են 500-ից ավելի հարցաքննություններ, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 100-ից ավելի փորձաքննություններ (դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական, դատակենսաբանական և այլն), դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են նաև բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Արդյունքում, հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ վերը նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով` իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ու օգնություն ցուցաբերելու նպատակով գնդի տարածք այցելած բուժաշխատողներին, գնդի հերթապահ մասում գտնվող զինանոցից հափշտակել են հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և ատրճանակներ: Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը:

Մխիթար Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արամ Մանուկյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Հովհաննես Հարությունյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Գառնիկ Հովակիմյանի և կազմակերպված խմբի այլ անդամների հետ 2016 թվականի հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ. Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոց:

Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ կոտրել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակել դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Այսպիսով, քննությամբ հիմնավորված հանցավոր արարքների կատարման համար`

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արմեն Բիլյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սեդրակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետով,

Վարուժան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Խաչատուր Գիչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: