կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 14:52
Հասարակություն

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:

Արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ նորընտիր խորհրդարանի պատգամավորական բարեկամական խումբն իր զգալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացման գործընթացին, շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի` Բուլղարիա այցի հրավերը:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Դեսպանն արձանագրել է, որ հայերն իրենց զգալի ներդրումն ունեն Բուլղարիայի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ իր երկրի կողմից վավերացմանը, դեսպանը համոզմունք է հայտնել, որ այն կխթանի Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, ընդգծել, որ հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: