Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ խորհրդանշական է, որ մենք այստեղ ենք քննարկում Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի կազմակերպած՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը իրավական հակազդման թեմայով կլոր սեղան–քննարկման ժամանակ ասաց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը:
Նա ներկայացրեց Բուլղարիայի փորձը, թե ինչպես է հասարակությունը պայքարել կոնվենցիայի ընդունման դեմ: Սիմովը նշեց, որ Բուլղարիան առաջին անգամ կոնվենցիան ստորագրել է 2016թ., բայց այդ ժամանակ չի եղել փաստաթղթի թարգմանությունը, և այն ներկայացվել է որպես բռնության դեմ պայքարին ուղղված կոնվենցիա:
«Կառավարությունը ստորագրեց և վավերացման գործընթացում պահանջ դրվեց թարգմանել այն: Կոնվենցիայի բանավեճի հիմքում ընկած էր նաև «գենդեր» բառը: Բուլղարերենում չկա նման բառ, մեր օրենսգրքերում ամրագրված են «կին» և «տղամարդ» բառերը: Գենդեր՝ սոցիալական սեռ ասվածը նշանակում է, որ դու, լինելով տղամարդ, օրինակ՝ ճաշին քեզ կարող ես զգալ կին, իսկ երեկոյան՝ տղամարդ»,- ասաց Ալեքսանդր Սիմովը:
Պատգամավորը պատմեց, որ Բուլղարիայում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, երբ պահանջ էր դրվել կոնվենցիան վավերացնելու: «Մարդիկ դուրս եկան Բուլղարիայի փողոցներ, և հատկանշական է, որ բողոքողների մեծ մասը կանայք էին: Նրանք չէին ուզում, որ իրենց երեխաներն ապրեին այնպիսի պայմաններում, որը սահմանում է Ստամբուլյան կոնվենցիան»,- նշեց նա:
Սիմովի խոսքով՝ կոնվենցիայի 5 տոկոսն է խնդրահարույց, իսկ 95 տոկոսով այն նորմալ փաստաթուղթ է: «Այդ խնդրահարույց դրույթները ներառում են նաև գենդերային գաղափարախոսությունը դպրոցներում, ինչը դեմ է մեր ազգային արժեքներին»,- մատնանշեց նա:
Բուլղարացի պատգամավորը շեշտեց, որ իրենց Սահմանադրական դատարանը չի ընդունել կոնվենցիան՝ նշելով, որ իրենց օրենսգրքերում ներառված չէ «գենդեր» բառը, և չեն կարող այն ավելացնել:
«Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարը վերջ չունի, քանի որ եվրոպական ինստիտուտներն ակնկալում են, որ պետություններն, այնուամենայնիվ, կփոխեն իրենց դիրքորոշումն ու կընդունեն այն»,- ասաց նա:
Ալեքսանդր Սիմովը նաև պատմեց, որ երբ Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Սոֆիայում, գեյերի շքերթ է անցկացվել, ընդամենը 20 տոկոսն են միասեռականներ եղել, իսկ 80 տոկոսը՝ օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Այդ շքերթում մեծ մասամբ այն մարդիկ էին, որոնք ուզում էին կոնվենցիայի վավերացումից գումար աշխատել»,- ասաց նա:
Սիմովը փաստում է, որ Սլովակիան և Խորվաթիան մերժել են Ստամբուլյան կոնվենցիան: Եվ կոնվենցիան Եվրոպային վերաբերող հարց չէ, այլ, օրինակ, դպրոցական կրթության, երեխաների դաստիարակության հարց:
«Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, և դուք պետք է մերժեք դա: Մեր երկրում ամերիկյան գումարներով գործող հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Ամերիկան հանուն Բուլղարիայի» ՀԿ-ն, հանրությանը ցույց էր տալիս պաստառ՝ 2 տղամարդ՝ ձեռք ձեռքի, և գրառում՝ «սա միայն սեր է»: Սա կործանում է մարդկային հարաբերություններն ու արժեքները»,- խոսքը եզրափակեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը:
Նարա Մարտիրոսյան